Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանին էլ է օրենքը խախտում

Հուլիս 24,2007 00:00

\"\"Աջափնյակ համայնքի ավագանին, օգտագործելով իր պաշտոնը, անօրինական շինարարություն է իրականացնում

Աջափնյակ համայնքի Հասմիկի փողոցում՝ Լենինգրադյան 50 շենքի հարեւանությամբ, կանաչ տարածքի հաշվին ավտոտնակ է կառուցվում: Այս առնչությամբ նշյալ հասցեի մի խումբ բնակիչներ «Առավոտին» դժգոհեցին, որ «կառուցապատողը մեր համայնքի ավագանիներից է եւ առիթից օգտվելով՝ ինչ ուզում անում է: Փոխանակ բակի այդ մի փոքր ազատ տարածքում երեխաների համար խաղահրապարակ հիմնի, իր պաշտոնն օգտագործելով՝ ավտոտնակ է կառուցում, ընդ որում՝ շինարարությունն իրականացնում է առանց համապատասխան թույլտվության»: Օրերս եղանք նշյալ հասցեում: Ինչպես պարզվեց, շինարարության «հեղինակը» Աջափնյակ համայնքի թաղապետարանի 22-ամյա ավագանի Սամվել Եղիազարյանն էր, որն էլ հավաստիացնում էր, որ կառուցապատում իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ունի. «Անգամ բնապահպանական փորձաքննություն եմ անցել»: Սակայն երբ Ս. Եղիազարյանին խնդրեցինք շինարարության օրինականությունը հավաստող որեւէ փաստաթուղթ ցույց տալ՝ հրաժարվեց, ասելով, որ «տանը մարդ չկա, ռեմոնտ ենք անում: Ճիշտ եմ ասում, կբերեմ»: Նա պնդում էր, որ շինարարություն կատարելու համար ինքը թույլտվություն է ստացել մոտ 3 ամիս առաջ: Երիտասարդին խիստ վրդովեցրել էր, որ իր շինարարության դեմ բողոքողներ են եղել, քանի որ. «Ես ամբողջ բակը ասֆալտապատել եմ, երեխաների համար բեսեդկաները վառ գույներով ներկել եմ, իսկ նրանք բողոքում են»:

Որ Ս. Եղիազարյանի ավտոտնակը կառուցվում է առանց շինթույլտվության, «Առավոտի» հետ զրույցում հաստատեց Երեւանի քաղաքապետարանի հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Մկրտչյանը: Ըստ նրա, Ս. Եղիազարյանն իրավունք չունի այդ տարածքում շինարարություն անել. «Մենք օրերս եղել ենք այդտեղ եւ կասեցրել շինաշխատանքները, քանի որ ավագանին կառուցապատումն անօրինական է իրականացնում՝ պետք է հենց ինքն էլ իր ձեռքերով կիսակառույցը քանդի, իսկ եթե ոչ, ապա մենք ստիպված կլինենք արձանագրություն կազմել, 400000 դրամ տուգանք նշանակել եւ հետո էլ ավտոտնակը քանդել»: Աջափնյակ համայնքի թաղապետարանի գլխավոր ճարտարապետ Ռաֆիկ Կարապետյանն էլ վստահեցրեց, որ իրենք շինաշխատանքները ժամանակավորապես կասեցրել են՝ մինչեւ սեփականատերը կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը:

Ինչ վերաբերում է Ս. Եղիազարյանի այն հավաստիացումներին, թե իր ավտոտնակի համար նախատեսված հողատարածքն անգամ բնապահպանական փորձաքննություն է անցել, նշենք, որ եթե սեփականաշնորհվող տարածքը 1000 քմ-ից պակաս է, ապա բնապահպանական փորձաքննություն անցնելու անհրաժեշտություն չկա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել