Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՂՏՈՏ ՊԱՅՔԱՐ

Հուլիս 24,2007 00:00

\"\"Հուլիսի 30-ին Եղեգնաձորում տեղի կունենա մրցույթ «Եղեգնաձորի բժշկական կենտրոնի» գլխավոր բժշկի պաշտոնի համար:

Հուլիսի 23-ին «Առավոտը» «Օպտիմալացում հայկական ձեւով» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել էր ՀՀ կառավարության՝ առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագրին, որի շրջանակներում վերստին միավորվելու են Վայոց Ձորի Եղեգնաձոր քաղաքի «Եղեգնաձորի հիվանդանոց» եւ «Եղեգնաձորի պոլիկլինիկա» ՓԲԸ-ները, որի արդյունքում կազմավորվելու է «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ: Նույն հրապարակման մեջ անդրադարձ կար նաեւ այն փաստին, որ ծառահատվել է քաղաքի հիվանդանոցի եւ դրա հարեւանությամբ գտնվող պոլիկլինիկայի կանաչ տարածքը, ապամոնտաժվել են այգու նստարանները, որոնց փոխարեն առաջիկայում այդ տեղում մի նոր օբյեկտ է կառուցվելու: Մեր թղթակիցները եղել էին «դեպքի վայրում». եղեգնաձորցիները՝ իբրեւ ծառահատման եւ օբյեկտների կառուցման նախաձեռնող, մատնացույց էին արել պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Անահիտ Կարապետյանին: Այս հրապարակումը քաղաքում մեծ աղմուկ էր բարձրացրել, իսկ Ա. Կարապետյանի համոզմամբ՝ այն «պատվիրված» էր: Բայց քանի որ մենք կանխավ պատրաստակամություն էինք հայտնել լսել նաեւ հակառակ կողմին, ուստի՝ հե՛նց վերջինիս հրավերով կրկին մեկնեցինք Եղեգնաձոր՝ այս անգամ նրա «պատվերով» պարզաբանումներ հրապարակելու նպատակով: Նախ՝ տիկին Կարապետյանը հավաստիացրեց, որ ինքը եւ իր գլխավորած պոլիկլինիկան հիվանդանոցին հարակից կանաչ տարածքի, այնտեղ կատարված ծառահատումների ու օբյեկտների շինարարության հետ որեւէ առնչություն չունեն: Փոխարենը նա մատնացույց արեց պոլիկլինիկայի կանաչ տարածքը, որը ժամանակին հե՛նց իր ջանքերով էր կանաչապատվել եւ դարձել էր բավականին կոկիկ եւ աչք շոյող տարածք, որտեղ նաեւ ծաղիկներ էին աճեցվել: Պոլիկլինիկայի շենքի ներսում էլ բավականին բարվոք վիճակ էր, եւ դա արվել էր Ա. Կարապետյանի ջանքերով: «Ինչ վերաբերում է ձեր գրածին, թե՝ կանաչ տարածքներ են հատվում, ապամոնտաժում են այգում նստարանները, չկա՛ նման բան: Նստարաններ պոլիկլինիկայի տարածքում երբե՛ք չեն եղել, եղել է չոր տարածք, որն իմ աշխատած տարիների ընթացքում է կանաչապատվել: Իմ ձեռքով ոչ մի ծառ չի հատվել, ոչ մի ծաղիկ չի պոկվել: Տարածքը, որի մասին գրված է, Եղեգնաձորի պոլիկլինիկային չի պատկանում»,- ճշտեց տիկին Կարապետյանը:

Ինչ վերաբերում է կամարներից մեկի փակմանը, ապա տիկին Կարապետյանն ասաց, որ նման թույլտվություն խնդրելու դիմումով, այո, ինքն է դիմել Վայոց Ձորի նախկին մարզպետին: «Դալանը միշտ ուղեփակոցով փակված է եղել եւ նախկինում՝ ցերեկվա ժամերին, ծառայել է որպես մեքենաների կայանատեղի, երեկոյան եւ ավելի ուշ ժամերին ամենաքիչը եղել է տղայական հաշիվներ մաքրելու վայր, նաեւ՝ աղբանոց: Այդ ամենը նկատի ունենալով՝ ես դիմում եմ գրել նախկին մարզպետին, որ ինձ թույլտվություն տա տնօրինելու այդ տարածքը: Ես երկու նպատակ եմ հետապնդել. նախ՝ տարածքը աղբից մաքրել, երկրորդ՝ դալանը վարձակալական նպատակով օգտագործել եւ վարձակալությունից ստացված գումարներն օգտագործել պոլիկլինիկայի կարիքների համար, որի իրավունքը եւ ստացել եմ»,- ասաց Ա. Կարապետյանը: Անդրադառնալով մեր այն դիտարկմանը, թե մարզպետարանի քաղաքաշինության վարչությունն իր այդ նախաձեռնությանը համաձայնություն չի տվել՝ տիկին Կարապետյանն ասաց. «Այստեղ այլ՝ անձնական խնդիրներ կան: Քաղաքաշինության վարչության պետը հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սմբատ Գալստյանի խնամին է, եւ այնտեղ ընդհանուր չբավարարվածություն կա»: Ա. Կարապետյանի համոզմամբ, կանաչ տարածքի, նաեւ կամարի փակման շուրջ աղմուկը եւ դրա հետ իր անունը կապելը արհեստական են սարքված. «Այն, ինչ արվել է՝ ցեխ նետել է, ոչ կոլեգիալություն է, չարամտություն է, վատ վերաբերմունքի դրսեւորում է: Ես նույնն անել չեմ ուզում: Ես իմ ճանապարհը նույն անբարո ձեւով հարթել չեմ ուզում»: Շարժառիթը, թերեւս, պարզ է. օպտիմալացումից եւ քաղաքի հիվանդանոցի եւ պոլիկլինիկայի վերամիավորումից հետո նոր ստեղծվելիք բժշկական կենտրոնը մեկ ղեկավար պետք է ունենա, եւ ընտրությունը կայանալու է հիմնականում հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սմբատ Գալստյանի եւ Անահիտ Կարապետյանի միջեւ: Մեր ձեռքին էր Ս. Գալստյանի՝ 2005թ. նոյեմբերի 22-ին Բնապահպանական պետական տեսչության Վայոց Ձորի մարզի տարածքային բաժնի պետ Վ. Գրիգորյանին ուղղված գրավոր այն դիմումը, որով Ս. Գալստյանը հիվանդանոցի այգու հաստաբուն ծառը կտրելու թույլտվություն էր ուզում ստանալ:

Ա. Կարապետյանի ասելով, պաշտոնի համար ծավալված այս պայքարն անազնիվ է: Ի դեպ, վերամիավորված կառույցի գլխավոր բժշկի տեղի համար մրցույթը կայանալու է հուլիսի 30-ին: Իսկ մինչ այդ հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որը հավակնում է «Բժշկական կենտրոնի» գլխավոր բժշկի պաշտոնին, ստորագրահավաք է սկսել հիվանդանոցի աշխատակիցների շրջանում: Ըստ մեր աղբյուրների, նա պարտադրում, վախեցնում, շանտաժի է ենթարկում կամ համոզում է հիվանդանոցի, նաեւ իր կողմից նախկինում հեռացված աշխատակիցներին ստորագրել մի թղթի տակ, ըստ որի՝ նրանք, իբր, ուզում են, որ գլխավոր բժիշկ նշանակվի Ս. Գալստյանը, թեեւ այդ ստորագրություններն իրականում որեւէ հիմք այդ նշանակման համար ունենալ չեն կարող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել