Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐՆ «ԱԲԻԺՆԻԿՆԵՐ» ԵՆ

Հուլիս 24,2007 00:00

«Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն մեկնաբանություններին, որ ընտրական գործընթացներում միասնականությունն անհեթեթ է, եւ շատ ավելի հստակ կլիներ քաղաքական դասավորությունը, եթե ԼՂՀ նախագահական ընտրություններում առաջադրված լինեին ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության թեկնածուներ՝ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը պատասխանեց. «Սա ինչ-որ տեղ Ղարաբաղի ֆենոմենն է:

Սովորաբար, դասական բանաձեւը հետեւյալն է, որ մարդիկ մասնակցում են ընտրություններին, հետո ստեղծում կոալիցիա: Այստեղ հակառակը եղավ: Չեմ գտնում, թե այստեղ որեւէ արտառոց բան կա: Երեւի դա պայմանավորված էր առաջին հերթին Բակո Սահակյանի անձով: Երկրորդը՝ պետք է հաշվի առնել ԼՂ յուրահատկությունը: Մենք պատերազմող երկիր ենք եւ ունենք գերխնդիր՝ մոբիլիզացնել ժողովրդին այս հիմնահարցը լուծելու շուրջ: Եվ ամեն դեպքում՝ սա արհեստականորեն ստեղծված միասնություն չէր, ու սա նախագահ Ղուկասյանի կողմից ստեղծված միասնություն չէր»:

Մեր մյուս հարցին, թե արդյոք հիմք ունեի՞ն այն մեկնաբանությունները, որ ԼՂ-ում ծավալվել էր պայքար իրեն վերարտադրել փորձող քաղաքական վերնախավի եւ բարեփոխիչների թիմի միջեւ՝ Արկադի Ղուկասյանը պատասխանեց. «Դե, եթե մի մարդու շուրջ համախմբվում են բոլոր խորհրդարանական եւ ոչ միայն խորհրդարանական կուսակցությունները՝ ո՞ր վերնախավի մասին է խոսքը: Չէ՞ որ այս թիմում ներկայացված են նաեւ ընդդիմությունը, «աբիժնիկների» մի մասը: Մեզ մոտ, սովորաբար, շատ դեպքերում ընդդիմությունը եւ «աբիժնիկները» մոտավորապես նույն բանն են: Եվ ընդդիմություն են դառնում նրանք, ում ժամանակին ազատել ենք աշխատանքից, այն մարդիկ, որոնք արժանի չէին այդ պաշտոններում աշխատելուն կամ որոնց թվում էր, թե իրենք պետք է ավելի բարձր պաշտոն զբաղեցնեին եւ չեն զբաղեցրել: Եվ սովորաբար սա է շատ դեպքերում կոչվում ընդդիմություն: Ես համարում եմ, որ ընդդիմությունը պետք է ունենա միտք, գաղափար, եւ այդ դեպքում կաշխատեն դասական բանաձեւերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել