Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամասուդ» են արել

Հուլիս 24,2007 00:00

Կամ՝ կնոջս տենց մի՛ նայի

Հուլիսի 22-ին ՀՀ պաշտպանության փոխնախարար, ԵԿՄ վարչության նախագահ գեներալ Մանվելի որդին՝ Կարեն Գրիգորյանը, իր մի քանի ընկերների հետ միասին «Զվարթնոց» օդակայանի տարածքում ծեծի է ենթարկել ՀՀ պետական փրկարարական ծառայության տեսուչ, 33-ամյա Կառլեն Արմենի Գալստյանին: Վերջինս ծեծված, անգիտակից վիճակում եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն ու ներկայումս գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Ըստ բուժող բժշկի տեղեկանքի, հիվանդն ի վիճակի չէ հայտարարություն տալու: Այդուհանդերձ, մեր աղբյուրների ասելով, հերթական այս «բեսպրեդելի» գործողությունները ծավալվել են օդակայանի «VIP»-ի սրճարանում, որտեղ նստած են եղել Կառլեն Գալստյանը, Կարեն Գրիգորյանը, նրա կինն ու ընկերները: Միջադեպի շարժառիթը եղել է այն, որ Կ. Գրիգորյանին եւ նրա ուղեկիցներին դուր չի եկել այն, թե իրենց ապագա թիրախ Կ. Գալստյանն ինչպես է նայում գեներալ Մանվելի հարսին: Կ. Գալստյանի բացատրություններն ու արդարացումներն անիմաստ են եղել: Նա երեւի չի էլ իմացել, թե ում հետ գործ ունի: Իր արժանապատվությունը «վիրավորված» համարող Կարեն Գրիգորյանն ու նրա ուղեկից ընկերները նախ՝ հայհոյել են Կառլեն Գալստյանին, հետո սկսել են անխնա ծեծել՝ մինչեւ վերջինս կորցրել է գիտակցությունը:

Ընդ որում, «դաստիարակչական սամասուդին» հընթացս ծեծողների բրիգադը հասցրել է Կ. Գալստյանից խլել նաեւ նրա ձեռքի ժամացույցը, դրամապանակն ու ավտոմեքենայի բանալիները: Մեր տեղեկություններով, ծեծուջարդին ոստիկանությունը, երեւի՝ վախից, չի համարձակվել միջամտել, թեեւ այդ պրոցեսը բավականին երկար է տեւել: Մեր աղբյուրների փոխանցմամբ եւ չճշտված տեղեկությունների համաձայն, դեպքից հետո գեներալ Մանվելի որդին եւ նրա ընկերները տարել են նաեւ իրենց զոհի Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:

Ի դեպ, ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված օպերատիվ ամփոփագրում այս դեպքն արձանագրված չէ, թեեւ դրան ականատեսներ են եղել, չկա նաեւ փաստի առիթով հարուցված քրգործ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել