Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանի տրիումֆը

Հուլիս 24,2007 00:00

Հուլիսի 22-ին Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում համոզիչ հաղթանակ է տարել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ)՝ հավաքելով քվեների 46,66%-ը:

Այս մասին հաղորդում է «Նոյյան տապան» գործակալությունը: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 550 տեղի համար պայքարում էր 14 կուսակցության 6695 թեկնածու: Եվս 699 մարդ հանդես էր գալիս իբրեւ պատգամավորության անկախ թեկնածու: Ընտրությունների ընթացքում գրանցվել է բնակչության ակտիվ մասնակցություն. 42 մլն 533 հազար ընտրողից խորհրդարանական ընտրություններին մասնակցել է մոտ 35 մլն 800 հազար քաղաքացի: Ընտրակեղծիքները կանխելու նպատակով ընտրողների ցուցամատներին քսվել է հատուկ ներկանյութ: Ըստ «Միլլիյեթ» օրաթերթի, դեռեւս ոչ պաշտոնական տվյալներով, 2-րդ տեղում է ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ)՝ ձայների 20,84%-ով: 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ), որի օգտին քվեարկել է ընտրողների 14,29%-ը: Թուրքիայի Դեմոկրատական կուսակցությունը հավաքել է ձայների 5,41%-ը, իսկ Երիտասարդականը՝ 3,03%-ը (անցողիկ շեմը 10%-ն է ): Անկախ պատգամավորության թեկնածուների օգտին քվեարկել է ընտրողների 5,20%-ը: Այսպիսով, թուրքական 550 տեղանոց խորհրդարանում ԱԶԿ-ն կզբաղեցնի 341, ԺՀԿ-ն՝ 111, ԱՇԿ-ն՝ 70 եւ անկախականները՝ 28 տեղ:

Հետազոտական մի շարք կենտրոնների կանխատեսումների համաձայն, ակնկալվում էր, որ ԱԶԿ-ն կհավաքի ձայների 48-51%-ը, ԺՀԿ-ն՝ 18-21%-ը, իսկ ԱՇԿ-ն՝ 13-14,5%-ը: Հիշեցնենք, որ ընտրություններից առաջ Թուրքիայի վարչապետ, ԱԶԿ-ի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե կհեռանա քաղաքականությունից, եթե ԱԶԿ-ն չհաղթի ընտրություններում եւ չկարողանա միայնակ կառավարություն ձեւավորել: Գրանցված արդյունքները լիովին բավականացնում են, որ ԱԶԿ-ն այս անգամ եւս ձեւավորի միակուսակցական կառավարություն: Հիշեցնենք նաեւ, որ Թուրքիայի արտգործնախարար եւ փոխվարչապետ Աբդուլլահ Գյուլն էլ, իր հերթին, հայտարարել էր, թե ԱԶԿ-ի հաղթանակի դեպքում ինքը դարձյալ կառաջադրվի որպես նախագահի թեկնածու: Ըստ թուրքական մամուլի, Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակի հուլիսի 29-ին: Թուրքական նոր խորհրդարանի անդրանիկ նիստը կգումարվի օգոստոսի 3-ին: Օգոստոսի 18-ին ԹԱՄԺ-ում տեղի կունենան երկրի նախագահի ընտրություններ:

«Նոյյան տապանը» փոխանցում է նաեւ, որ հուլիսի 22-ի խորհրդարանական ընտրությունների ոչ պաշտոնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո իր կուսակցական պաշտոնից հրաժարական է տվել Թուրքիայի Դեմոկրատական կուսակցության նախագահ Մեհմեդ Աղարը:

Թուրքիայի «Ճշմարիտ ուղի» եւ «Մայր հայրենիք» կուսակցությունները ընտրություններից առաջ միավորվել էին՝ վերանվանվելով Դեմոկրատական կուսակցություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել