Ըստ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի, Հայաստանում ծավալվում է ինքնաոչնչացման 2 զուգահեռ գործընթաց
– Թվում էր, թե հաջորդ նախագահի թեկնածուի հարցը իշխանությունները վաղուց էին ճշտել, սակայն վերջին շրջանում տեղի ունեցող որոշ վերադասավորումներ հարցեր են առաջացնում. տպավորություն կա, որ ապագա իշխանության համար պայքարը ծավալվում է հենց իշխանության ներսում:
– Այո, վերեւներում լուրջ «դիրքային պայքար» է ծավալվել պետական ապարատը եւ նրա հետ սերտաճած վարչա-կրիմինալ ռեսուրսը վերահսկելու համար: Ակնհայտ է, որ գործող նախագահի առաջադրած՝ ամենաերիտասարդ թոշակառուն չդառնալու թեզը հակադրվում է գործող վարչապետի՝ բացարձակ իշխանության հասնելու հակաթեզին: Իշխանության ներսում իշխանության համար ընթացող պայքարը գնալով կթեժանա: Կարծում եմ, հարձակվող կողմը նախագահականն է, որը պատճենում է 2000թ. մարտ-ապրիլ-մայիս ամիսների իր ապարատային խաղերը: Հիշեցնեմ, որ այն ժամանակ եւս տեղի ունեցան ՀՀ զինված ուժերի կորպուսների հրամանատարների փոխատեղումներ, մի շարք առանցքային պաշտոններում նշանակվեցին հավատարիմ մարդիկ, եւ շուտով պարզվեց, որ երկիշխանություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Նույն՝ ապարատային խաղերի ոլորտից է նաեւ Հարկայինի ղեկավարի փոփոխությունը, Մաքսայինում կատարված փաստացի հեղաշրջումը, Վճռաբեկ դատարանի ղեկավարության «ականջները քաշելու» հրապարակային գործընթացը եւ այլն:
– Սակայն վերջին շրջանում կարծես կրիմինալ անցյալ ունեցող մի շարք պաշտոնյաների դեմ որոշ քայլեր են ձեռնարկվում. արդյո՞ք սրանով սկսվում է լուրջ պայքար կրիմինալի դեմ:
– Ընդհակառակը, սկսվել է անթաքույց պայքար հանուն կրիմինալի. կրկնում եմ՝ հանուն եւ ոչ թե ընդդեմ: Այսինքն՝ կրիմինալին հասկացնում են, թե ով է իր ՏԵՐԸ, ինչի համար էլ տեղի են ունենում իմիտացիոն «բացահայտումներ»: Սկզբում ցույց է տրվում որեւէ հանցագործության հստակ հետքը, հետո, երբ կրիմինալը «ներկայանում է», նրան հնարավորություն են տալիս «շնչել», բայց՝ միայն ու միայն «կաթիլային եղանակով»: Ամենավառ օրինակը Գյումրիի քաղաքապետն է, որին կախել են թելից: Սկսվել է պայքար ընտրակեղծիքներով զբաղվող վարչա-կրիմինալ ռեսուրսի վերահսկողության համար: Դա վկայում է այն մասին, որ գոյություն ունեն 2008թ. ընտրությունները կեղծելու՝ առնվազն երկու իշխանական սցենարներ, որոնք հանգուցալուծվելու են մինչեւ առաջադրումների շրջափուլը:
– Դուք հնարավոր չե՞ք համարում, որ իրականում նախագահի եւ վարչապետի միջեւ տարաձայնություններ չկան, եւ սրանով թյուրիմացության մեջ են գցում ուրիշներին:
– Առայժմ հարցը պետք է դիտարկել սկզբունքային հարթության վրա: Իշխանական բուրգում ընթացող մրցակցությունը կարող է հանգուցալուծվել մրցակցողներից որեւէ մեկի՝ ասպարեզից հեռանալով: Բայց ինչպե՞ս, երբ հեռացողը չի ցանկանում գնալ: Մնալու համար տարբերակները երեքն են. առաջին՝ երրորդ ժամկետ՝ ընդօրինակելով ԱՊՀ տարածքում տեղի ունեցող նույնիմաստ գործընթացները, երկրորդ՝ վարչապետի պաշտոնը, որը «անգլիական թագուհի» կդարձնի նոր նախագահին եւ, վերջապես, երրորդ՝ Հայաստանում ձեւավորվող ռուս-իրանական էներգետիկ եւ նավթա-գազային իմպերիայի կառավարիչը։ Ակնհայտ է, որ բոլոր երեք տարբերակներում էլ, այսպես կոչված, «երկվորյակների» համակարգը չի լինելու, ուրեմն՝ ի՞նչ նշանակություն ունի ներիշխանական պայքարի իրակա՞ն, թե՞ իմիտացիոն լինելու հարցի հստակեցումը, երբ ոչ ոք չի ցանկանում հեռանալ, բայց գոնե մեկը պետք է անպայման հեռանա:
– Իսկ արդյոք ընդդիմության անորոշություններն ու հեղհեղուկ վիճակը չե՞ն նպաստում նախագահի ու վարչապետի միջեւ ձեր նշած ծավալվող իրադարձությունների ակտիվացմանը:
– Ընդդիմադիր ուժերը իրենց պասիվության պատճառով ինչ-որ առումով նպաստել են քաղաքական պայքարը իշխանական դաշտ տեղափոխելու գործին։ Սակայն նույն պահվածքը շարունակելու դեպքում կարող են նպաստել նաեւ առաջիկա ընտրությունները զավեշտի վերածելու՝ իշխանական սցենարին: Դա կարող է լինել նախագահի 10-15 թեկնածուների ասպարեզ գալու տեսքով: Նախագահական ընտրությունները քաղաքական թատրոնի վերածելու՝ իշխանության մտադրությունը կանխելու քաղաքական տեխնոլոգիաները միայն ընդդիմության միավորվել-չմիավորվելու խնդրի տիրույթում չեն: Արդեն մի անգամ նշել եմ, որ եթե 2008թ. նախագահական ընտրություններից առաջ ներքեւում՝ ժողովրդի զանգվածային գիտակցության մեջ, հետեւողականորեն չձեւավորվեն ներկա իշխանությանը բնորոշ «արժեքները» մերժող տրամադրություններ եւ ակնհայտ չլինի իշխանություն-ընդդիմություն բարոյական անջրպետը, գործող վարչակարգը կրկին կվերարտադրի ինքն իրեն: Մինչդեռ, դժբախտաբար, իշխանությունների կողմից հետեւողականորեն հասարակությանը պարտադրվող «բոլորը նույնն են» մտայնությունը չի կոտրվել: Ընտրողները չեն վստահում Հայաստանի կուսակցական-քաղաքական համակարգին։ Ես գոնե առայժմ չեմ տեսնում ժողովրդին ոգեւորելու համապատասխան մթնոլորտ ձեւավորելու, ապագայի հանդեպ հավատ ներշնչելու նպատակ ունեցող որեւէ լուրջ շարժման նախանշանն անգամ: Այնպես որ, ինչ-որ առումով ընդդիմադիր դաշտում եւս տեղի է ունենում այն, ինչով այսօր զբաղվում են իշխանության մեջ՝ քաղաքական ինքնաոչնչացում։ Եվ բացի դրանից, ընտրություններին շատ կարճ ժամանակ է մնացել, իսկ առաջիկա ամիսները, անկասկած, հագեցած են լինելու ֆորս-մաժորային իրավիճակներով:
– Նկատի ունեք արտաքի՞ն, թե՞ ներքին զարգացումները:
– Գիտեք, դրանք երբեք հնարավոր չէ տարանջատել մեկը մյուսից: Վերցնենք Կոսովոյի կարգավիճակի շուրջ ծավալվող միջազգային բանավեճը: Ցանկացած պահի այն կարող է «պայթուցիչի» դեր խաղալ նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում, իսկ հոկտեմբերի վերջերին Կոսովոն ցանկանում է իրեն անկախ հռչակել: Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ շանս է մյուս հակամարտությունների գոտիների համար՝ չխոսելով արդեն նման ֆորս-մաժորային իրավիճակներում իրեն ինչպես ձուկը՝ ջրում զգացող մեր երկրի առաջին դեմքի մասին, որը չի ցանկանում հեռանալ: Սա ընդամենը մի առիթ է, իսկ ցանկության դեպքում այդպիսիք կարելի է ստեղծել այնքան, ինչքան ուզես: Իմ կարծիքով, առաջիկա ամիսների հիմնական ինտրիգը հենց այստեղ է թաքնված, եւ կարիք չկա առաջ ընկնել իրադարձություններից:
– Այսինքն՝ առաջիկա նախագահական ընտրություններով ոչինչ չի՞ փոխվելու:
– Սխալվում են բոլոր նրանք, ում թվում է, թե ահա տեղի կունենան նախագահական ընտրությունները, եւ երկիրը նորից կընկղմվի 5 կամ 10 տարվա կայուն-լճացման ժամանակաշրջանի մեջ: Այս անգամ նման բան չի լինելու, քանի որ արտաքին ու մեծապես նրանով պայմանավորվող՝ ներքին զարգացումները արագանում են: Իշխանության եւ ընդդիմության ներսում ներկայումս զուգահեռաբար ծավալվող ինքնաոչնչացման գործընթացները հենց այս փաստի արտահայտությունն են: Առաջինին թվում է, թե բավական է տիրապետել լծակներին եւ հնարավոր կլինի եւս 10 տարի իշխել, իսկ երկրորդը պարփակվել է իշխանության կողմից իրեն պարտադրվող խաղի կանոնների շրջագծում եւ նրանց միջոցով փորձում է անել անհնարինը՝ տիրանալ իշխանությանը: