Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՍԱՆԴՂԱԿԸ

Հուլիս 24,2007 00:00

\"\"Այս կարծիքին է ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը:

Լեռնային Ղարաբաղի ընտրությունների ընթացքին ռուս դիտորդների պատվիրակության կազմում հետեւում էր ՌԴ Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչ Սերգեյ Մարկեդոնովը, որն այս գործընթացում ամենակարեւորը համարեց այն, որ տեղի ունեցավ իշխանության քաղաքակիրթ փոխանցում: Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում նա ընդգծեց, թե այս իշխանափոխությունը կատարվեց առանց թավշյա հեղափոխության կամ հորից որդուն իշխանության ժառանգական փոխանցման, ինչպես դա տեղի է ունենում հարեւան որոշ պետություններում: Սերգեյ Մարկեդոնովը տեսակետ հայտնեց, թե կարեւոր է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի ընտրությունները «նանայական տղաների կռիվ» չէին, որտեղ ամեն ինչ կանխորոշված է: Եվ այս առումներով, ըստ պրն Մարկեդոնովի՝ Հայաստանը պիտի օրինակ վերցնի ԼՂՀ-ից. «Ըստ էության, հետխորհրդային Հայաստանը շատ առումներով ստեղծված է ղարաբաղյան հիմքի վրա: Եվ ահա այն, որ այստեղ ժողովրդավարական գործընթացներն ընթանում են բավականաչափ հաջող եւ լավ՝ Երեւանում ոչ մեկին չի կարող անտարբեր թողնել, ու նաեւ թողնել, որ անտեսեն այս պահը: Հայտնի իմաստով, ղարաբաղյան սանդղակը Երեւանի համար շատ կարեւոր կլինի՝ ես նկատի ունեմ 2008-ի հեռանկարը»:

«Առավոտն» առանձին փորձեց պարզել՝ արդյոք Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի միջազգային հարաբերությունների բաժնի վարիչը համարո՞ւմ է, որ Հայաստանը չի համապատասխանում ժողովրդավարության որոշակի չափանիշներին եւ այս առումով՝ սովորելու բան ունի ԼՂՀ-ից: «Ես խոսում եմ ոչ այն մասին, թե Հայաստանը համապատասխանում է կամ չի համապատասխանում,- պատասխանեց Սերգեյ Մարկեդոնովը:- Ես ասում եմ, որ Հայաստանի վերջին նախագահական ընտրությունները՝ 2003-ին, ուղեկցվեցին լուրջ բարդություններով եւ ընդհանուր առմամբ՝ արժանացան միջազգային հանրության, ասենք այսպես, ոչ միանշանակ արձագանքին: 2008-ի խնդիրն է անցկացնել ավելի որակյալ ընտրություններ, որ չծագեն խնդրահարույց հարցեր, քանի որ Հայաստանը բարդ իրավիճակում է. մենք խոսում ենք մեկուսացման, շրջափակման եւ այլնի մասին: Միջազգային հանրությունից հավելյալ տուգանային միավորներ ստանալը լավագույն տարբերակը չէ: Եվ գաղտնիք չէ, թե Հայաստանի որոշ ուժեր պատրաստ են նրան, որ ընտրություններն անցկացվեն վարչական առավել մեծ միջամտությամբ, իշխանության կուսակցության ավելի ուժեղ վերահսկողությամբ եւ այլն: Սա ընդհանուր տրամադրություն չէ՝ բնավ ոչ ամբողջ վերնախավն է այդպես ցանկանում: Պրագմատիկ մտածողություն ունեցող անձինք հասկանում են, որ ժողովրդավարությունը պետք է ոչ իբրեւ ինչ-որ աբստրակտ մի բան, այլ իբրեւ պրագմատիկ արժեք՝ այդ թվում նաեւ հաղթահարելու համար մեկուսացման այն վիճակը, որն առկա է: Ահա այս առումով Ղարաբաղը շատ կարեւոր գաղափարախոսական խորհրդանիշ է Հայաստանի եւ հայոց աշխարհի համար՝ ընդհանրապես: Եվ այն, որ այստեղ՝ Ղարաբաղում, ընթանում է ժողովրդավարական այս թրենդը, ուղղությունը՝ սա այն փաստն է, որ չեն անտեսի: Անկասկած է, թե վերնախավի այն մասը, որ հանդես է գալիս Հայաստանի առավել թափանցիկության ու ժողովրդավարացման օգտին՝ լավ հաղթաթուղթ է ստանում՝ նաեւ Հայաստանում հաստատելու համար այս ուղղությունն ու գիծը»:

Հ. Գ. Երեկ Հայաստանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ, որում մասնավորապես նշված է. «ԵԱՀԿ եւ միջազգային մի շարք փաստաթղթերում հստակորեն նշվում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի ոչ միայն հիմնախնդրի կարգավորման բանակցությունների կողմ, այլեւ այն, որ ընտրված իշխանությունները պետք է ներկայացնեն ԼՂ ժողովրդին: Այս եւ այլ ընտրությունների անտեսումը ազնիվ չէ եւ ուղղակիորեն հակասող ժամանակակից քաղաքական արժեքներին: Ավելին, այս կարգի մերժողականությունը չի կարող հասկացվել, քանզի աշխարհի այլ վայրերում, ուր եւս բացակայում է վերջնական քաղաքական կարգավիճակ ու հիմնախնդրի կարգավորում, նման ընտրություններն, իսկապես, խրախուսվում են, դիտարկվում եւ դրանց օժանդակություն է ցույց տրվում»: Նաեւ նշված է. «Ի տարբերություն այլ հակամարտությունների, Լեռնային Ղարաբաղում բնակչությունը մշտապես ստիպված է եղել ապահովել իր սեփական անվտանգությունը առանց միջազգային հանրության օգնության: Նույն կերպ նրանք հաջողության հասան նաեւ իրենց ժողովրդավարական գործընթացների եւ ներքին կայունության ապահովման գործում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել