Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդը բեմում չի երեւում»

Հուլիս 21,2007 00:00

\"\"Մինչդեռ, ըստ բեմադրիչ Ստեփան Ղազարյանի, հանդիսատեսը թատրոն է գնում նախ ինքն իրեն կողքից նայելու համար:

Թատերարվեստի ոլորտի մասնագետների շրջանում հաճախ է հոլովվում ռեժիսոր, Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դասախոս Ստեփան Ղազարյանի անունը: Արվեստասերները դեռ հիշում են Մայր թատրոնում նրա բեմադրած Թոմայի «Ութ սիրագորով կանայք», Կոմեդիայի թատրոնի բեմում՝ Մարիվոյի «Խաղ սիրո եւ պատահականության», Պարոնյանի «Շողոքորթը», դե Ֆիլիպոյի «Ցիլինդր» բեմադրությունները: Ժամանակին աշխատելով Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, Ս. Ղազարյանը միայն այս թատրոնում իրականացրել է շուրջ 25 բեմադրություն:

Օրերս էլ, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի «Ազատ բեմ» նախագծի շրջանակներում, Ս. Ղազարյանի ռեժիսուրայով կայացավ Ա. Հերնիի «Ես շուն եմ» երկի պրեմիերան, որից հետո, ընդունված «կարգի» համաձայն, մասնագետները իրենց «կուլիսային» հիացմունքն արտահայտեցին, հրաժարվելով, սակայն, մեր թերթում մասնագիտական վերլուծությամբ հանդես գալուց:

«Առավոտը» զրուցեց Ս. Ղազարյանի հետ:

– Մասնագետների ու թատրոնի նկատմամբ մեր հասարակության ոչ անտարբեր շերտի շրջանում տխուր են խոսակցությունները ձեր ոլորտի մասին…

– Ընդհանրապես խոսում են տխուր մարդիկ, որոնք գործ չեն անում: Մյուս կողմից էլ թատրոնը կորցրել է դեպի իրեն ձգող ուժը: Պատճառը միայն այն չէ, որ, իսկապես, լավ ներկայացումներ քիչ կան: Պարզապես, «մշակույտային» ինֆորմացիան այսօր շատ է (նկատի ունի հիմնականում ցածրակարգ շոուները- Ս. Դ.), ու մաքուր թատրոնի կարիքը նվազել է: Ես այնքան էլ չեմ զարմանում՝ ինչպիսին մեր կյանքն է՝ այնպիսին էլ թատրոնն է: Գուցե 21-րդ դարում կարի՞ք կա բացատրելու, որ թատրոն կոչվածը միայն զվարճանքի տեղ չէ, եւ շոուները տխուր կյանքից են գալիս: Ցավով պիտի փաստեմ, որ այսօրվա թատրոնում մարդը չի երեւում, իսկ հանդիսատեսը միշտ էլ գնում է թատրոն՝ իրեն կողքից նայելու…

– Գուցե հայ ժամանակակից դրամատուրգների մեղավորությո՞ւնը կա:

– Հայերս մի դրամատուրգ ունենք՝ Գաբրիել Սունդուկյան: Ինչ խոսք, կան նաեւ մեր ժամանակակիցները, օրինակ՝ վաղամեռիկ Հայկ Հակոբյանը, ում «Լեռնային կակաչները», հասկանալի պատճառով, չավարտեցի, Կարինե Խոդիկյանն է ինչ-ինչ փորձեր անում… Հաջողված պիեսը նախեւառաջ խորը հարցերի պատասխան է ակնկալում կամ ծնվում դրանցից: Երեւի այդ հարցերն այսօր չեն հասունանում այնքան, որ հարկ լինի անդրադառնալ դրանց կամ էլ մենք ենք բթացել: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասեմ, որ հետաքրքիր բաներ էլ կան, օրինակ՝ Մայր թատրոնում ներկայացված Լոկայի «Բեռնարդա Ալբայի տունը», որոշ վերապահումներով՝ նույն թատրոնի «Պատվի համարը»: Ինձ ավելի շատ ձգում է Դրամատիկական թատրոնը՝ խաղացանկի, այս կամ այն երկին մոտեցման առումով: Տխուր է վիճակը Պատանի հանդիսատեսի թատրոնում, լավ իմաստով խորհելու առիթ է տալիս ինձ Կոմեդիայի թատրոնում Աշոտ Ադամյանի բեմադրած ամերիկացի հեղինակի «Ամեն տարի նույն օրը» պիեսը: Իսկ, ընդհանրապես, հայաստանյան մշակութային կյանքից սկսել եմ վախենալ՝ բառի իսկական իմաստով: Օրինակ, «21-ի հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում մեզ իրենց արվեստը ներկայացնող աշխարհահռչակ երաժիշտներ են ժամանում Հայաստան, իսկ դահլիճները հաճախ կիսադատարկ են լինում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել