Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՔՈՒ ԱՆՊԱՅՄԱՆ ՄԵԿՆԵԼՈՒ ԵՆՔ

Հուլիս 21,2007 00:00

\"\"Սեպտեմբերին Բաքվում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի մասնակցության շուրջ կրքերը Ադրբեջանում չեն հանդարտվում:

Հարեւան հանրապետությունում մի կողմից հայտարարում են, թե երաշխավորում են բոլոր մասնակիցների, այդ թվում նաեւ հայերի, անվտանգությունը, մյուս կողմից սրտի խորքում հույս են փայփայում, թե Հայաստանը, այնուամենայնիվ, կհրաժարվի մրցավայր մեկնելուց: Մասնավորապես, հուլիսի 19-ին հրավիրած մամուլի ասուլիսում Ադրբեջանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Չինգիզ Հուսեինզադեն հայտարարել է, թե հարկ լինելու դեպքում հայաստանյան թիմի համար անվտանգության լրացուցիչ միջոցառումներ կիրականացվեն: «Այդ առումով խնդիրներ չեն լինի եւ այդ մասին մենք հայերին մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք: Իսկ, ընդհանրապես, այս ամբողջ ընթացքում նրանք մեր առջեւ քիչ պահանջներ չեն դրել: Օրինակ, խոսելով Բաքու գալու մասին, հայերը ժամանակին նաեւ իրենց հետ հինգ հարյուր մարզասեր բերելու ցանկություն էին հայտնում: Մինչդեռ ներկայիս դրությամբ վստահություն չկա, որ անգամ նրանց մարզիկները Բաքու կժամանեն: Հայկական կողմն առայսօր իր մասնակցությունն աշխարհի առաջնությանը պաշտոնապես չի հաստատել: Այնպես որ, անվտանգության պատրվակով մասնակցությունից հնարավոր հրաժարումը անհիմն կլինի»,-ասել է Հուսեինզադեն:

Մինչ Ադրբեջանի իշխանություններն աշխարհին վստահեցնում են, թե հայերը խնդիրներ չեն ունենա, հարեւան հանրապետության քաղաքական ու հասարակական գործիչների արած հայտարարությունները հակառակն են ապացուցում: Օրինակ, «Ղարաբաղի ազատագրման շարժման» ղեկավար Ակիֆ Նագին հայտարարել է. «Քանի դեռ Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիան շարունակվում է, այդ երկրի օրհներգը Բաքվում չի հնչի»: Դժվար չէ ենթադրել, թե այս խոսքերն իրենց մեջ ինչպիսի վտանգ են պարունակում ինչպես հայաստանցի մարզիկների, այնպես էլ այլ երկրների հավաքականներում ընդգրկված հայազգի ըմբիշների համար, ինչն անհանգստացնում է նաեւ այդ երկրների հավաքականների մարզիչներին:

Իսկ ի՞նչ են ասում մեզ մոտ՝ Հայաստանում: Երեկ ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Լյովա Վարդանյանը մեզ փոխանցեց հետեւյալը. «Այսօր հայտի ներկայացման վերջին ժամկետն է, եւ մենք պատվիրակության կազմը ներկայացնելու ենք աշխարհի առաջնության կազմկոմիտե: Այնպես որ, ադրբեջանական կողմի «անհանգստությունն» անտեղի է: Պատվիրակության կազմը լինելու է շուրջ 35 հոգի: Ի դեպ, եթե Բաքու մեկնելու ցանկություն ունեն նաեւ լրագրողները, նրանց էլ կաշխատենք ընդգրկել»:

Որ Հայաստանի ըմբիշները ոչ միայն մասնակցելու են աշխարհի առաջնությանը, այլեւ պայքարելու են վարկանիշներ ձեռք բերելու համար, խոսվեց նաեւ օրերս կայացած «Պեկին-2008» օլիմպիական խաղերին նախապատրաստվող հավաքական թիմերի աշխատանքները համադասող շտաբի նիստում: Ազատ եւ հունահռոմեական ոճերի ազգային հավաքականների գլխավոր մարզիչներ Հրանտ Ենոքյանն ու Լեւոն Ջուլֆալակյանը ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին զեկուցեցին, որ նպատակադրվել են երկու մարզաձեւերից յուրաքանչյուրում Բաքվում նվաճել 2-3 օլիմպիական ուղեգիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել