Երեկ մեկնարկած ընդունելության քննությունները որոշ բուհերում սկսվեցին ուշացումով
Երեկ բուհական քննությունների առաջին օրն էր: Մինչեւ քննաշրջանի ավարտը՝ օգոստոսի 10-ը, Երեւանի բուհերում քննություն կհանձնի շուրջ 13000 դիմորդ: Քննական գործընթացի առաջին օրը քննություններ անցկացվեցին անգլերեն (գրավոր, բանավոր), ֆիզիկա, մաթեմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, հայ ժողովրդի պատմություն, քիմիա, հայոց լեզու (բանավոր) եւ այլ առարկաներից: Երեկ առավոտյան ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը սկսեց իր շրջայցը՝ քննական կենտրոններով: «Վախենում էինք, որ Երեւանում կատարվող շինարարության աշխատանքների պատճառով անցանկալի ուշացումներ կլինեն: Բայց դեռ դժգոհություն չունենք: Միակ մտահոգությունն այն է, որ որոշ տեղերում մոնիտորներն են պակասում, առաջիկայում անպայման մեկ-երկուսով կավելացնենք»,- հայտնեց նախարարը: Քննությունների հետ կապված ուշացումներ, այնուամենայնիվ, եղան: Երեկ ժամը 9.30-ի սահմաններում ԵՊՃՀ-ի բակում ծնողները մեզ դիմավորեցին բավականին մտահոգված: «Երեխաներին 8-ից կանչել են, բայց 9.25-ի քննությունը սկսել»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեցին նրանք: «Դժգոհությունը տեղին է, բայց ես դրա համար պատասխանատու չեմ: Տեխնիկական գծով աշխատակազմը արդյունավետ չաշխատեց, մուտքի մոտ ընդամենը մեկ աշխատակից էր հերթապահում երեխաներին ներս թողնելու համար, այն դեպքում, երբ 5 հոգի ներսում էին: Գուցե առաջին օրն էր՝ դրա համար լավ կազմակերպված չէր: Եթե երեխաները պատրաստ լինեին, տարբերակները նույնիսկ ժամը 8-ին էլ կարող էի բաժանել»,- հայտնեց մաթեմատիկայի հանձնաժողովի նախագահ Սեդրակ Հովհաննիսյանը: Վերջինիս տեղեկացմամբ՝ հայտագրված 333 դիմորդից միայն 301-ն է ներկայացել քննության: Ներկայացածներն էլ հանգիստ չէին տալիս հանձնաժողովականներին. մեկի սիրտն էր խառնում՝ ուզում էր դուրս գալ, մյուսի գլուխն էր ցավում:
Ճարտարագիտականի բակում հավաքված ծնողները այլ դժգոհություններ էլ ունեին: Մանյա Գրիգորյանը, օրինակ, մտահոգված էր գնահատման չափանիշներով. «Անցյալ տարի, երբ եղբորս տղան մաթեմատիկայից քննություն էր հանձնում, երկրաչափական մի խնդիրը ճիշտ լուծել էր, բայց լուծման եղանակը սխալ էին համարել ու միավոր չէին տվել»: «Խնդրի լուծումը ճիշտ է համարվում, եթե հիմնավորումներով է կատարված: Եթե նախկինում հիմնավորումների բացակայության պատճառով մինչեւ 1,5 բալ ենք հանել, այս տարի, անկախ խնդրում եղած հիմնավորումների թվից՝ առավելագույնը 1 միավոր ենք հանելու: Արմատների հետ կապված սխալների համար եւս 1 միավոր կհանվի, իսկ թվաբանական սխալների համար՝ 0,5»,- տեղեկացրեց պրն Հովհաննիսյանը: Եթե նախկինում ընդունելության քննության ծրագրով սահմանված էր, թե ինչպիսին պիտի լինի տարբերակի կառուցվածքը, օրինակ՝ ներառի 2 հանրահաշվական, 2 եռանկյունաչափական, 2 երկրաչափական եւ այլ խնդիրներ, ապա այս տարվա ծրագրով դա թողնված է հանձնաժողովի նախագահի հայեցողությանը, իսկ դիմորդներն այս մասին տեղյակ չէին:
Երեւանի պետական բժշկական համալսարանում էլ դիմորդները քննություն էին հանձնում անգլերեն (բանավոր) առարկայից: Հանձնաժողովի նախագահ Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ իրենց մոտ գերիշխում են 11-15 միավորները: Այս քննությանը պատրաստվողները ավանդաբար ամենաշատն են «զուբրիտ» անում: «Երկու հարցերից մեկի պահանջի համաձայն, դիմորդը պիտի զրուցի առաջադրված թեմայով: Անգիր անելն այստեղ չի օգնում, քանի որ բարձր գնահատականի հավակնող դիմորդին թեմայի շուրջ լրացուցիչ հարցեր ենք տալիս»,- նշեց Գ. Սահակյանը: Անգլերեն բանավոր քննության հետ կապված էլ ծնողները դժգոհություններ ունեին: Օֆելյա Պետրոսյանը նկատեց. «Հիմնականում ռեպետիտորները Բրյուսովի եւ ռոմանագերմանական ֆակուլտետների դասախոսներ են: Դժվար թե ուրիշի մոտ պարապած երեխային բարձր նշանակեն»: «Համաձայն չեմ: Նույնն ասում են նաեւ գրավոր քննության համար: Բայց լավ երեխան միշտ էլ աչքի է ընկնում»,- պատասխանեց Գ. Սահակյանը՝ փաստելով, որ երբեմն իրենց համալսարանում եւ ԵՊՀ-ի օտար լեզուների ֆակուլտետում հայտնվում են այնպիսի երեխաներ, որոնք օտար լեզվի տարրական իմացություն անգամ չունեն: