Լրահոս
Օրվա լրահոսը

«ՈՐԴՈՒԴ ՏՈՒՐ ԵՎ ՊԱՇՏՈՆԻԴ ՄՆԱ»

Հուլիս 21,2007 00:00

Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանը, երեկ ինքնակամ Շիրակի մարզային ոստիկանություն է ներկայացել երկու ամիս շարունակ հետախուզման մեջ գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ երիտասարդը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի մի քանի՝ 34, 104, 258, 235 հոդվածներով, այն է՝ ապօրինի զենք պահելու, երկու մարդկանց սպանելու փորձ կատարելու, զենքի գործածությամբ խուլիգանություն անելու եւ այլնի համար: Վերջինս մայիսի 20-ին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգության գլխավոր հերոսներից է, ով ընկերոջ «թասիբը» քաշելու համար արյունախում կռվի մեջ էր մտել մարզպետարանի քաղաքաշինության վարչության նախկին պետ՝ ԲՀԿ-ական Արտաշես Սարգսյանի որդու հետ: Իսկ թե ինչո՞ւ երիտասարդը հանկարծ «որոշեց» հանձնվել, մեր լավատեղյակ աղբյուրների վստահեցնելով՝ պատճառը մեկն է. երկու օր առաջ նախագահ Քոչարյանը Վարդան Ղուկասյանի հետ հանդիպման ժամանակ համաձայնել է նրան թողնել քաղաքապետի պաշտոնում միմիայն որդուն հանձնելու պայմանով: Եվ Վարդանիկը հանուն պաշտոնի նախագահի «խաթրից» չի անցել: Տեղեկացնենք, որ «ապահովության համար» նախագահը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետեւից կրնկակոխ Գյումրի էր ուղարկել 6-րդ վարչությանը, որը պայմանավորվածությունը դրժելու դեպքում պատրաստվում էր հերթական «անմարդկային» ստուգումներն անցկացնել քաղաքապետարանի բոլոր բաժիններում: Մեր տեղեկություններով, Գյումրվա հերոսը՝ Սպարտակ Ղուկասյանը, պետք է հանձնվեր նախորդ օրը՝ ժամը երեքի սահմաններում, սակայն մեկ օր էլ ազատություն վայելելով ու ծանոթների տանը մնալով՝ ոստիկանություն ներկայացավ երեկ: Ի դեպ, մեր լավատեղյակ աղբյուրների տեղեկացնելով՝ «որդուդ հանձնիր – պաշտոնումդ մնա» առաջարկը Ղուկասյանին անցած շաբաթ արել էր վարչապետ Սերժ Սարգսյանը, որը խոստացել էր՝ «քեզ էլ լավ կլինի, էրեխեքին էլ»: «Էրեխեք» ասելով նկատի էր ունեցել նաեւ քաղաքապետի ավագ եղբոր տղային՝ Կոլյա Ղուկասյանին, որն անցնում է նույն գործով եւ մինչեւ վարչապետի հետ հանդիպումը դարձյալ հետախուզման մեջ էր: Ս. Սարգսյանի հետ հանդիպելու հենց հաջորդ իսկ օրը քաղաքապետը հանձնեց Կոլյա Ղուկասյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել