Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքականություն եւ ինքնակառավարում

Հուլիս 21,2007 00:00

Ինչպես փոխանցում է «Արմինֆոն»՝ հղում անելով ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումներին, նախօրեին ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերի բյուրոյի մամուլի քարտուղար Չեյզ Բիմերը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշել է, թե «ԱՄՆ-ն հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում ապօրինի ընտրությունների անցկացումը չի ազդի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների վրա»:

«ԱՄՆ-ն հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ չի ճանաչում «ԼՂՀ»-ն ու այնտեղ անցկացվող ընտրությունները»,- ընդգծել է Բիմերը՝ շարունակելով. «ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ ԱՄՆ-ը ջանքեր կգործադրի հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ համագործակցելով Ադրբեջանի եւ Հայաստանի կառավարությունների հետ: Հուսով ենք, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները հնարավորինս շուտ համաձայնության կհանգեն հիմնական սկզբունքների շուրջ»:

Երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում նույնաբովանդակ հայտարարություն է արել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ գործերի նորանշանակ ժամանակավոր հավատարմատար Ռուդոլֆ Փերինան՝ մասնավորապես նշելով. «Աշխարհի ոչ մի երկիր, այդ թվում նաեւ ԱՄՆ-ն, Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել իբրեւ անկախ պետություն: Հետեւաբար, մենք չենք ճանաչում այնտեղ անցկացված ընտրությունները: Այդ իսկ պատճառով մենք պաշտոնապես դիտորդներ չենք ուղարկել ու նաեւ գնահատական չենք տվել այդ ընտրություններին: Բայց մենք հույս ունենք, որ դրանք որեւէ կերպ չեն խոչընդոտի ընթացող բանակցություններին, ու նաեւ հույս ունենք, որ այդ բանակցությունները կշարունակվեն նորմալ հունով»:

Ադրբեջանական աղբյուրները տեղեկացնում են նույն առիթով Ֆրանսիայի տարածած մի հայտարարության մասին: Ըստ այդմ, Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության անանուն ներկայացուցիչը փոխանցել է, թե Ֆրանսիան եւս չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը՝ իբրեւ անկախ պետություն: «Այդ ընտրությունների (ԼՂՀ նախագահի- խմբ.) արդյունքները չեն կարող ճանաչվել, քանի որ նախապես կանխորոշում են տարածաշրջանի իրավաբանական կարգավիճակը: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կարող է որոշվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից որոշված հիմնարար սկզբունքների շրջանակներում եւ հակամարտության բոլոր կողմերի ու համայնքների պարտադիր մասնակցությամբ: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշմանը նպատակաուղղված ցանկացած միակողմանի քայլ, ինչպես եւ ուժի գործադրում, լրացուցիչ խոչընդոտ է ապագա բանակցությունների ճանապարհին»,- հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Նկատենք, որ ԼՂ-ում անցկացված ընտրությունները մեկնաբանվում են ինչ կերպ ասես՝ բացի զուտ բնակչության ինքնակառավարման խիստ բնական մղումների ճանաչման դիրքերից: Ինչպես ասում են՝ քաղաքականություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել