Լրահոս
Օրվա լրահոսը

Արժանապատիվ պարտություն

Հուլիս 21,2007 00:00

ԼՂՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանն ընդունում է, որ ընտրախախտումները որոշիչ չեն եղել

Հայաստանի ԱԺ-ի դիտորդական առաքելության անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը երեկ Ստեփանակերտում կայացած ասուլիսում նշեց, թե նախագահական ընտրություններում շատ մեծ լումա ներդրեց ընդդիմությունը. «Ընդդիմախոս թեկնածուն, որը քվեարկության արդյունքներով զբաղեցրել է 2-րդ տեղը, ցույց է տվել, որ այլախոսությունը եւ ժողովրդավարությունը կայանում է ոչ միայն ճանաչված եւ մեծ պետություններում, այլ նաեւ Ղարաբաղի նման փոքրիկ ու չճանաչված երկրում»: Հավելեց, թե նա խիստ բարձր է գնահատում այս քայլը եւ 2-րդ տեղը չի համարում պարտություն ընդդիմության համար:

Քիչ անց Մասիս Մայիլյանը հրապարակեց իր հայտարարությունը, որում մասնավորապես նշված է. «Մենք մեր առջեւ դրած հիմնական խնդիրներից մեկը կատարել ենք, այն է՝ իրապես այլընտրանքային ընտրության անցկացում եւ այս հանգամանքով պայմանավորված՝ ԼՂՀ ժողովրդավարական իմիջի պահպանում: Եվ մեր ներդրումն այս ամենում ամենածանրակշիռն էր, ինչն արդեն իսկ հաղթանակ է: Մեր թիմն իրենից կախված ամեն ինչ արել է՝ մեր քաղաքացիներին իրական ընտրության հնարավորություն տալու եւ ընտրությունները օրինականության շրջանակներում անցկացնելու համար»: Մասիս Մայիլյանը նաեւ հայտարարեց, թե առկա իրավիճակում եւ ռեսուրսների անհամադրելիության պայմաններում իր հավաքած ավելի քան 8 հազար քվեն համարում է լուրջ ձեռքբերում. «Ամենատարբեր խախտումներն, ինչ խոսք, ազդել են ընտրությունների արդյունքների վրա, բայց նաեւ հարկ է ասել, որ դրանք որոշիչ չեն եղել: Մենք այլընտրանք ենք առաջարկել մարդկանց: Մեր բնորոշմամբ՝ դա եղել է ընտրություն այսօրվա եւ վաղվա միջեւ: Բնակչության զգալի մեծամասնությունը նախապատվությունը տվել է այսօրվան: Հասկանում ենք, որ առկա մթնոլորտը լրջորեն ազդել է մարդկանց տրամադրության վրա, բայց, միեւնույն ժամանակ, չենք կարող չընդունել, որ դա գիտակցական վերաբերմունք էր: Մարդիկ կարող էին այլ կերպ վարվել, բայց դա չարեցին: Դա նրանց իրավունքն է: Մենք հարգում ենք այդ իրավունքը եւ ընդունում նրանց ընտրությունը: Ես հարգում եմ իմ ժողովրդի ընտրությունը»:

«Առավոտի» հարցին՝ իր շտաբն արձանագրել էր լցոնումների, բաց քվեարկությունների եւ այլ խախտումների բազմաթիվ փաստեր՝ այնուամենայնիվ, չի՞ համարում, թե դրանք ունեցել են որոշիչ նշանակություն՝ Մասիս Մայիլյանը պատասխանեց. «Մեր նախընտրական շտաբը վերլուծել է ընտրական տեղամասերում տեղի ունեցածը, հաշվել, թե ինչքան քվեներ կան եւ այլն: Եվ վերլուծությունը ցույց է տվել, որ իրոք ազդեցություն եղել է, բայց որոշիչ դեր չի խաղացել»: «Ազատություն» ռ/կ-ի թղթակիցը հարցրեց, թե դադարեցնելո՞ւ է արձանագրված խախտումների համար մեղավորներին պատասխանատվության կանչելու պայքարը, եւ պրն Մայիլյանը նշեց. «Մենք գործի մեր մասը կատարել ենք: Բողոքներ ենք ներկայացրել ԿԸՀ, որը փաստերի մի մասն ընդունել է, իսկ մի մասը դեռ ուսումնասիրում է: Ինձ թվում է՝ աշխատանքի 2-րդ մասը պետք է կատարի ԿԸՀ-ն, որ հետագայում չլինեն նման օրինախախտումներ»:

«Հայքի» թղթակիցը հետաքրքրվեց՝ «Պատրա՞ստ եք աշխատել Բակո Սահակյանի հետ այն բանից հետո, երբ նա հայտարարեց, թե քաղաքական մշակույթը պահանջում է, որ առաջին հերթին պաշտոններ ունենան նրանք, ովքեր ընդգրկված էին իր թիմում»: Մասիս Մայիլյանը պատասխանեց. «Նախ դրա համար առաջարկ է պետք: Իսկ երկրորդը՝ ես պետք է տեսնեմ, թե ինչ թիմ է հավաքում Բակո Սահակյանը՝ նոր կայացնեմ իմ որոշումը»: Սակայն նշեց, թե պաշտոնի համար չէ, որ մասնակցեց այս ընտրություններին, այլ այն նպատակների, որոնք մատնանշված են իր հայտարարության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել