Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՀՌՉԱԿ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱՎՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հուլիս 21,2007 00:00

\"\"ԼՂՀ նախագահի ընտրությունը չճանաչելու մասին միջազգային կառույցների հայտարարություններն այս օրերին հետեւում են մեկը մյուսին: Մինչդեռ այդ ընտրությունը դիտարկածները ճանաչում են այն իբրեւ ազատ ու արդար:

Երեկ ժամը 9-ից մինչեւ 15-ը ԼՂՀ ԿԸՀ մամուլի կենտրոնում իրար էին հաջորդում հուլիսի 19-ի նախագահական ընտրությունները դիտարկած կազմակերպությունների ասուլիսները: Դիտորդները բոլորը նույն գնահատականն էին տալիս՝ խախտումները միայն տեխնիկական բնույթի էին, իսկ ընդհանուր առմամբ՝ ընտրություններն անցել են ազատ ու արդար: Նշում էին, թե այս ընտրություններով ԼՂՀ-ն ապացուցեց, որ կայացած պետություն է: Եվ բոլորն էլ հույս էին հայտնում, թե Ղարաբաղում ժողովրդավարության զարգացումն ի վերջո կհանգեցնի ԼՂՀ միջազգային ճանաչմանը:

ԼՂՀ նախագահի ընտրությունը դիտարկելու էին եկել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ուկրաինայի, Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության, Ֆրանսիայի, Սերբիայի, Չեխիայի, Հոլանդիայի, Իտալիայի, Լեհաստանի եւ Հարավային Օսիայի պետական ու հասարակական կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ:

ԱՄՆ-ի «Միջազգային հանրային իրավունքի եւ քաղաքականության խումբ» կազմակերպության դիտորդական առաքելությունը ղեկավարում էր Հարավսլավիայի նախկին արտգործնախարար Վլադիմիր Մատիչը: Այս խումբը ԼՂՀ-ում անցկացված ընտրություններին հետեւել է 2002 եւ 2005 թվականներին, եւ այժմ հրապարակված եզրակացության համաձայն՝ հուլիսի 19-ի ընտրությունները լավագույնն էին՝ կազմակերպվածության եւ ընտրական գործընթացների կատարելագործման տեսակետից: «Չեն դիտարկվել էական խախտումներ: Եվ ընտրություններն անցկացվեցին ազատ ու թափանցիկ եւ Լեռնային Ղարաբաղի ու միջազգային չափանիշներին համապատասխան»,- նշված է խմբի զեկույցում: Կազմակերպության ներկայացուցիչները հանդիպել էին նախագահի թեկնածուների հետ, եւ մասնավորապես Մասիս Մայիլյանը նրանց ներկայացրել էր վարչական ռեսուրսի կիրառման ու իր վստահված անձանց նկատմամբ ճնշումների վերաբերյալ փաստեր: «Առավոտի» հարցին՝ արդյոք այն, որ ներկայացնում են դրական գնահատական՝ նշանակո՞ւմ է, թե հիմնավորված չեն համարում Մասիս Մայիլյանի ներկայացրած պնդումները՝ Վլադիմիր Մատիչը պատասխանեց, որ ընտրությունները չեն կարող լինել 100 տոկոսով իդեալական, եւ եթե մենք հնարավորություն ունենայինք դիտարկել ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի ընտրական գործընթացները՝ կհամոզվեինք, որ այնտեղ էլ են տեղ գտնում խնդրահարույց իրողություններ:

«Որեւէ ընտրատեղամասում չեն բացահայտվել ընտրական հանձնաժողովների աշխատանքին կողմնակի անձանց, այդ թվում՝ վարչական կամ իրավապահ մարմինների միջամտության փաստեր»,- նշված է ռուս դիտորդների հայտարարության մեջ, որն ասուլիսում ընթերցեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գլխավոր գիտաշխատող Վիկտոր Շեյնիսը: Հայտարարության մեջ նաեւ նշված է. «Ռուս դիտորդներն ափսոսանքով ընդունեցին որոշ միջազգային կազմակերպությունների ոչ կառուցողական հայտարարությունները՝ ԼՂՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ»: ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը նշեց, թե Լեռնային Ղարաբաղը շատերն անվանում են ինքնահռչակ. «Կարծես կան ոչ ինքնահռչակվածներ», ու հավելեց՝ «Երեւի այդ փաստն է ղարաբաղցիներին ստիպում, որ նրանք ցուցաբերեն հատուկ ուշադրություն ընտրությունների գործընթացին եւ չառաջացնեն ներքին ցնցումներ»:

Արտերկրի դիտորդների կողմից հնչած միակ դիտողությունը հետեւյալն էր: Աբխազիայի խորհրդարանի պատգամավոր Բատալ Կոբախիան ասուլիսում ափսոսանք հայտնեց, որ ԼՂՀ հասարակական սեկտորն այս ընտրություններում իր գործառույթը չիրականացրեց, եւ դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ դիմեց ընդամենը 2 տեղական կազմակերպություն:

Մյուս փոքրիկ վերապահումը, որքան էլ զարմանալի թվա՝ հայտնեց Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը: Այն ղեկավարող ԱԺ փոխնախագահ Իշխան Զաքարյանն ասուլիսում շատ հավանական համարեց, որ նախընտրական շրջանում մանր-մունր չինովնիկների «մի քիչ ավելորդ փութաջանության արդյունքում որոշակի լծակներ են փորձել կիրառել»: Սակայն ե՛ւ նրա, ե՛ւ պատվիրակության այլ անդամների հետագա խոսքը միայն դրվատանք էր քվեարկության ընթացքի վերաբերյալ:

Ընտրությունները դիտարկելու էին եկել ՀՀ նաեւ այլ գործիչներ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը, Շավարշ Քոչարյանը, Ֆելիքս Խաչատրյանը, Գառնիկ Իսագուլյանը եւ այլք: Շուրջ 10 հոգանոց պատվիրակություն կար Հայաստանի ԿԸՀ-ից, եւ ԼՂՀ ԿԸՀ ղեկավար Սերգեյ Նասիբյանը հայտնեց, թե ՀՀ-ում իր պաշտոնակից Գարեգին Ազարյանն աջակցել է ձայների հաշվարկի ընթացքում:

Ուշագրավ էր «Ազատ հասարակության ինստիտուտ»-ի դիտորդական առաքելությունը, որը ղեկավարում է Էդգար Հակոբյանը (նա մի ժամանակ «Ազգային միաբանություն»-ում էր, հետո՝ «Ժառանգություն»-ում): ԼՂՀ ԿԸՀ-ն հավատարմագրել է այս կազմակերպության 4 դիտորդների: Սակայն Էդգար Հակոբյանն ասուլիսում հայտարարեց, թե ներկայություն են ապահովել ԼՂՀ 278 տեղամասերի ավելի քան 20 տոկոսում, ունեին 3 շրջիկ խմբեր ու 10 դիտորդներ: Կազմակերպության դիտորդներից մեկը՝ Գագիկ Մուշեղյանը, որ ընտրություններին հետեւել էր Ասկերանում եւ Մարտունիում՝ հայտարարեց, թե ոգեւորիչ էր այն, որ կեսօրից հետո գյուղերում ընտրություններն ավարտվել էին, քանի որ արդեն իսկ կար 100 տոկոսանոց մասնակցություն:

Սակայն ամենաուշագրավն այն է, որ ԼՂՀ ընտրություններին իբրեւ միջազգային դիտորդ հետեւում էր ԼՂՀ նախագահի եղբայրը՝ Հայաստանի խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արեգ Ղուկասյանը: «Առավոտի» հարցին՝ արդյոք անաչառ եզրակացություն կարելի՞ է ակնկալել այս պարագայում՝ Արեգ Ղուկասյանը պատասխանեց. «Ես դիտորդական առաքելությամբ եկել եմ ԱԺ-ի, այլ ոչ իմ որոշմամբ»: Եվ ասաց, թե այս ընտրություններում ամենակարեւորն էր. «Դրանք ցույց տվեցին, որ ժողովուրդը պաշտպանեց նախորդ նախագահի 10 տարվա քաղաքական գիծը: Համոզված եմ, թե հաջորդ նախագահը, որ ընտրվեց հուլիսի 19-ին՝ շարունակելու է այդ գիծը: Եվ դա գործող նախագահի 10 տարվա գործունեության ԼՂ ժողովրդի ամենամե՛ծ գնահատականն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել