Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՊԵՏԸ ԳԼՈՒԽԸ ՊՐԾԱՑՐԵ՞Ց

Հուլիս 21,2007 00:00

\"\"Մարդուն ծեծելով սպանելու համար նրանից միայն ստորագրություն են վերցրել քաղաքից չբացակայելու մասին

«Առավոտի» տեղեկություններով, հուլիսի 9-ին Նուբարաշեն համայնքում սպանություն է տեղի ունեցել: Այդ օրը, ժ. 22:30-ի սահմաններում, 1958թ. ծնված Հրաչիկ Յախյանը, 1957թ. ծնված Կամո Բաբայանը, 1981թ. ծնված Տիգրան Սահակյանը եւ 1957թ. ծնված Եղիա Գաբիկյանը Նուբարաշեն 14 փողոցի 7-րդ տան դիմաց վիճաբանել են 1952թ. ծնված Գեւորգ Գաբիկյանի (Եղիայի եղբոր) հետ, ապա ծեծի ենթարկել նրան՝ օգտագործելով երկաթե ձող, փայտեր ու ապակյա շշեր: Ծեծին «թամաշա անողներ» էլ են եղել՝ ի դեմս Հրաչիկ Յախյանի տիկնոջ եւ դստեր՝ Ռուզան եւ Անահիտ Յախյանների, Սերինե եւ Նարինե Գաբիկյանների: Կանայք ծեծողներին զսպելու փոխարեն կրակի վրա յուղ լցնողի դերում են եղել: Նուբարաշենցիների ասելով, կենցաղային հողի վրա՝ ջրի, ցանկապատի համար պարբերաբար տեղի ունեցած վեճերից այս մեկը, որը տեւել է 25-30 րոպե, կատարվել է ՀՀ ոստիկանության Էրեբունիի բաժնի քթի տակ՝ ընդամենը 50-60 մետր հեռավորության վրա: Ոստիկանության աշխատակիցներից ոչ մեկն այդ ընթացքում չի միջամտել՝ կամ չեն լսել, կամ իրենց չլսողի տեղ են դրել: Ծեծի արդյունքում Գեւորգ Գաբիկյանը ստանալով գլխուղեղի վնասվածք՝ տեղում մահացել է: Սպանվածի կինն ու աղջիկը նրա դին մի կերպ տուն են բերել, եւ կինը՝ Անուշ Թերզյանը, կատարվածի մասին ահազանգել է ոստիկանություն: Ահազանգից հետո ոստիկանությունը եկել է դեպքի վայր ու Էրեբունիի բաժին բերման է ենթարկել մատնանշված բոլոր անձանց՝ ներառյալ կանանց: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության՝ «մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Գ. Գաբիկյանին ծեծի են ենթարկել Եղիա Գ.-ն, Հրաչիկ Յ.-ն, Կամո Բ.-ն եւ Տիգրան Ս.-ն, ինչի հետեւանքով Գ. Գաբիկյանը դեպքի վայրում մահացել է: Եղիա Գ.-ն, Հրաչիկ Կ.-ն, Կամո Բ.-ն եւ Տիգրան Ս.-ն բերման են ենթարկվել բաժին»: ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական-գիտագործնական կենտրոնի փորձագետն իր եզրակացությամբ հայտնել է, որ Գաբիկյանի մահը վրա է հասել գլխի եւ մարմնի մասերում ստացած 15-ից ավելի հարվածների արդյունքում:

Դեպքի վայրում ոստիկաններն առգրավել են 1,20 մ երկարության երկաթյա ձող, որը տարվել է փորձաքննության: Գործի շրջանակներում այսօրվա դրությամբ ձերբակալված է սադիստներից միայն մեկը՝ տարիքով ամենաերիտասարդը՝ Տիգրան Սահակյանը, մյուսներին ստորագրությամբ բաց են թողել: Թե ինչպե՞ս են որոշել՝ ում բաց թողնել, ում կալանել՝ դժվար է ասել: Մեզ հայտնի է միայն, որ Տ. Սահակյանը խոստովանել է, որ ինքը Գ. Գաբիկյանին հարվածել է, բայց վերջին հարվածը, որից նա մահացել է, իրենը չի եղել: Նուբարաշենցիները կասկածներ ունեն, որ այդ չորսի հանցանքն արդյունքում կջարդեն միայն Տիգրանի վրա:

Այս պատմության մեջ ամենահետաքրքիր մանրամասնությունն այն է, որ Գ. Գաբիկյանին ծեծողների թվում 4-ից մեկը՝ Կամո Բաբայանը, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գյուղապետն է, որը նաեւ ՀՅԴ անդամ է: Դեպքի ականատեսները, այդ թվում՝ սպանվածի հարազատներն ու նաեւ Տ. Սահակյանը, ցուցմունքներ են տվել, որ Գ. Գաբիկյանին ծեծողների մեջ է եղել նաեւ դաշնակցական գյուղապետը: Մի բան, որ պարոն Բաբայանը համառորեն փորձում է հերքել՝ այն դեպքում, երբ ՀՀ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ նրա անունն էլ է նշված: Երբ մեր թղթակիցը փորձեց պարոն Բաբայանից պարզել, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, որ ինքը վեճի պահին եղել է դեպքի վայրում, իսկ հետո փորձել է իր՝ 961 ՏՍ 25 պետհամարանիշի «Նիվա» ավտոմեքենայով դիմել փախուստի (դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները հասցրել էին նաեւ նրան բռնել ու բերման ենթարկել), վերջինս նախ իր պարտքը համարեց հատուկ շեշտել, որ ինքը լավ հարաբերություններ ունի Նուբարաշենի թաղապետ Մհեր Հովհաննիսյանի, Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանի հետ: Երբ նրան ասվեց, որ իր հարաբերություններն այդ մարդկանց հետ «Առավոտին» չեն հետաքրքրում, գյուղապետը կտրականապես ժխտեց դեպքի վայրում իր գտնվելու, ոստիկանություն բերման ենթարկվելու, ուր մնաց թե սպանության մասնակից լինելու փաստը՝ հավելելով, թե՝ ինչ կարիք կա դրա մասին գրելու: Մեր աղբյուրների ասելով, երբ դաշնակցական գյուղապետին բերման են ենթարկել ոստիկանության բաժին, նրան այնտեղ այցելել են «փողկապավոր» մարդիկ, այդ թվում նաեւ ՀՅԴ-ից: Թերեւս հենց այդ «փողկապավորների» միջնորդության արդյունքում է, որ գյուղապետն ու իր մյուս 2 հանցակիցները ոչ միայն ազատության մեջ են, այլեւ հերքում են պաշտոնապես հաստատված համարվող փաստերը:

Հիշյալ դեպքի կապակցությամբ հարուցված քրգործը գտնվում է Էրեբունիի դատախազության վարույթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել