Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրող «գայլուկներն» ու «գայլուհիները»

Հուլիս 20,2007 00:00

«Հայ ազգն արդեն զարգացել, Եվրախորհուրդ է մտել…

Աղջիկների ու կանանց գլխին փչեց մի քամի.

«Պետք է բացեմ փորիկս, ի ցույց դնեմ պորտիկս»,

Մյուսն էլ ահա որոշեց, շապկի ճեղքը մեծացրեց,

Այնտեղից անում են ծիկ, կրծքեր փարթամ ու թմբլիկ…

Բայց այսպես որ գնա, Հայաստանը փուլ կգա…»:

Սա «Բազմակարծություն» խորագրի ներքո տեղ գտած բանաստեղծությունից մի հատված է՝ «Մանկապատանեկան Ազգ» թերթ-հավելվածից, որի շնորհանդեսը երեկ տեղի ունեցավ ՄԱԿ-ի գրասենյակում: Հավելվածը ստեղծվել է «Ազգ» թերթի նախաձեռնությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) ֆինանսական աջակցությամբ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեղեկատվության եւ հաղորդակցության ծրագրերի ղեկավար Էմիլ Սահակյանից հետաքրքրվեցինք՝ այսօր, երբ շուկան լեցուն է երիտասարդական բազմաթիվ պարբերականներով, որքանո՞վ է արդարացված եւս մեկ նմանատիպ թերթի ստեղծումը: «Հայաստանում քիչ են այն հանդեսները, որոնք պատրաստված են միայն երեխաների կողմից: Ցանկացանք, որ այս հավելվածը ստեղծվի միայն նրանց ձեռքով, քանի որ մեծահասակները ոչ միշտ են կարողանում լիովին արծարծել փոքրիկներին հուզող հարցերը»,- պատասխանեց պրն Սահակյանը: «Մանկապատանեկան Ազգին» թղթակցում է տարբեր դպրոցներից 10-17 տարեկան 30 երեխա, որ ընտրվել են «Ինչն է ինձ հուզում այս կյանքում» վերնագրով շարադրության մրցույթի արդյունքում: «Համոզված եմ, որ որեւէ մեկը նրանց չի առաջարկել այս կամ այն հոդվածը գրել՝ ուղեգիր կամ գումար խոստանալով: Այնպես որ՝ գործ ունենք մաքուր հայացքների հետ»,- ասաց Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը: «Ազգի» խմբագիր Հակոբ Ավետիքյանն էլ խորհուրդ տվեց երեխաներին. «Մեր աշխարհը դիտեք այն անկյուններից, որոնցից հարմար եք գտնում»: Է. Սահակյանը մեզ տեղեկացրեց, որ այսպիսի ծրագիր ՅՈՒՆԻՍԵՖ-ը իրականացնում է նաեւ Ռուսաստանում, Ալբանիայում, Սերբիայում. «Այնտեղի երիտասարդներն ավելի անկաշկանդ են, ավելի ազատ են արտահայտվում, քան հայերը: Պատճառը, թերեւս, այն է, որ Հայաստանում երիտասարդներին նոր-նոր են սկսել ներգրավել հեռուստատեսության, թերթերի աշխատանքում»:

Ժուռնալիստի դերի մեջ մտած «գայլուկներն» ու «գայլուհիները» (նրանց այսպես անվանեց ներդիրի պատասխանատու խմբագիր Սուսաննա Մարգարյանը) արդեն հասցրել են մերժումներ ստանալ եւ անբարյացակամ վերաբերմունքի արժանանալ: «Շատերը հրաժարվում էին մեր հարցերին պատասխանել, մյուսները պարտադրում էին իրենց անունը չհրապարակել»,- ասաց Տաթեւիկ Բադալյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել