Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՔ ՁՄՌԱՆ» ԱՄԱՌԱՅԻՆ ԹԵԺ ՀՈԳՍԵՐԸ

Հուլիս 20,2007 00:00

Կենսաթոշակառու Անիկ Օհանյանի բնակարան մեզ ուղեկցող Հրազդանի փոխքաղաքապետ Գեղամ Տիգրանյանի ավտոմեքենայում տեղ զբաղեցրեց նաեւ ք«աղաքապետարանի լրատվական բաժնի հեռուստաօպերատոր Դերեն Վարդանյանը, իսկ միկրոշրջանի N 112 շենքի մոտ կազմ ու պատրաստ սպասում էր «Նարեկ» համատիրության նախագահ Ռուբիկ Գրիգորյանը:

Այսքանիս գումարվեց նաեւ հարեւաններից մի քանիսը: Բայց եւ այնպես տիկին Անիկը բնավ չշփոթվեց եւ ձեռքի սովոր շարժումով մեզ առաջնորդեց փակ պատշգամբ, որի դրսի պատին «թառել» էր մեր բազմամարդ այցելության «մեղավորը»՝ տուրբո վառարանը: Գործի գցվեցին հեռուստատեսային եւ լուսանկարչական սարքերը, ինչը նույնպես չզարմացրեց տանտիրուհուն, եւ նա ձեռնամուխ եղավ սցենարով նախատեսված օրհնանքի եւ շնորհակալության խոսքերին: Մեզանից մեկը ցանկացավ ճշտել, թե ում է հասցեագրված այդ ամենը: Եվ ահա մինչ այդ պահն անվրդով տիկին Անիկը շփոթության առաջին նշանները ցույց տվեց, փորձեց ինչ-որ բան հիշել, բայց ապարդյուն: «Բարեգործական է»,- ձեռքը փրփուրին գցողի երջանկությամբ ասաց նա:

Այլեւս հարց չտվեցինք, քանի որ ով էլ լիներ, ինչ կրթություն էլ ունենար, դժվար թե միանգամից հիշեր անունը այն կազմակերպության, որը ընդամենը յոթեւկես հազար դրամ համաֆինանսավորմամբ (այն էլ մուծել էր քաղաքապետարանը) ապահովել էր Օհանյանների տաք ձմեռը՝ Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամ:

Զարմանալի զուգադիպությամբ հիմնադրամի դոնորները (այսինքն՝ փող տվողները), չնչին բացառությամբ, նույնպես դժվար հիշելի անուններ ունեն: Բացառություններն են Հայաստանի կառավարությունը եւ կառավարության պես հարազատ դարձած Համաշխարհային բանկը, իսկ դժվարներից են «Արդյունքահեն օգնության գլոբալ գործընկերություն» հիմնադրամը եւ «Գլոբալ բնապահպանական միջոցառումներ» հավատարմագրային հիմնադրամը… Սա այն դեպքն է, երբ եւ՛ անունը կա, եւ՛ ամանումը, այսինքն՝ մեր հիմնադրամը եւ՛ վարկ է ստանում-տալիս, եւ՛ դրամաշնորհ: Այն, ինչի շնորհիվ ջեռուցվել են Օհանյանների եւ Ավետիսյանների (եւ հարյուրավոր ուրիշների) բնակարանները, դրամաշնորհ է: Կապիտալ դրամաշնորհը հատկացվում է Հայաստանի քաղաքների (բացի Երեւանից) բազմաբնակարան շենքերի անապահով ընտանիքներին, որոնք բնակվում են սեփական բնակարանում եւ դիմելու տարվա հունվարի 1-ի դրությամբ, ըստ անապահովության գնահատման սանդղակի, ունեն 38,01 եւ ավելի բարձր միավոր: Օրինակ, նույն Կոտայքի մարզի անապահով ընտանիքներից մինչեւ օրս հիմնադրամ է հասցեագրվել հազար հարյուր վաթսունութ դիմում, եւ դրանց հոսքը շարունակվում է:

Կապիտալ դրամաշնորհի հավակնող չարենցավանցիների ցուցակը քաղաքապետ Հակոբ Շահգալդյանի սեղանին էր: Նրա վկայությամբ, արդեն ընդունվել են մոտ 400 դիմողներից 144-ի փաստաթղթերը: Լուրջ խնդիր է այն, որ քաղաքում շատ են անապահով ընտանիքները, որոնց մեծ մասը ի վիճակի չէ կատարել համաֆինանսավորումը: «Մի հարյուր ընտանիքի կարող ենք օգնել»,- իբրեւ գաղտնիք մեզ ասում է քաղաքապետը,-«մի -փոքր ձգձգում ենք, որ մնացածներն իրենց գլխի ճարը տեսնեն» (գաղտնիք պահելն այլեւս իմաստ չունի, որովհետեւ աշխատանքի այդ փուլն արդեն ավարտվել է):

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, ի տարբերություն Չարենցավանի, դրամաշնորհ ստանալու դիմումատուների թիվը փոքր է` 40-ից էլ պակաս, որից ընդունվել են 11-ի փաստաթղթերը: Մուծվել է նաեւ համաֆինանսավորման գումարը: Քաղաքապետ Գոռ Աբրահամյանը իբրեւ ծրագրի իրականացման հիմնական խոչընդոտ նշում է աշխատանքի դանդաղ ընթացքը, որի պատճառով սասանվում է բնակիչների հավատը ծրագրի հանդեպ: Ավելի ուշ մեզ բացատրեցին, որ շինարարական կազմակերպությանը պարզապես ձեռնտու չէ գործը սկսել մի քաղաքում, որտեղ շահառուների թիվն այդքան փոքր է. հենց դա է դառնում աշխատանքի ձգձգման պատճառ:

Տեղին է նշել, որ հիմնադրամի գործունեության բոլոր ոլորտները եւ նրբություններն ըմբռնելը հեշտ գործ չէ ոչ միայն անապահով շահառուների, այլեւ պետական մարմինների աշխատակիցների համար: Հավանաբար այս հանգամանքը նկատի ուներ Արարատի մարզպետ Ալիկ Սարգսյանը, երբ մեզ ընդունելով, կատակով խոստացավ շատ արագ հասկանալ խնդրի էությունը եւ դրանից հետո անձամբ մասնակցել գործընթացի վերահսկմանը: Մի քանի օր անց տեղի ունեցած հանդիպում-քննարկման ժամանակ պարզ դարձավ, սակայն, որ չնայած մայրաքաղաքին մոտ գտնվելու հանգամանքին, մարզի քաղաքների բնակիչները ունեն տեղեկատվության պակաս: Հավանաբար դա էր պատճառը, որ կապիտալ դրամաշնորհ ստանալու խնդրանքով դիմել էր մարզի ընդամենը 206 անապահով ընտանիք, ոչ մի դիմում չէր ստացվել Արարատ քաղաքից: Վերջինիս փոխքաղաքապետ Ադիբեկ Խուրշուդյանի վկայությամբ, արդեն իսկ կազմվել եւ հիմնադրամ է ուղարկվել քսան դիմում, ինչը իրազեկման գործընթացի աշխուժանալու նշան է:

Դիմումներն այնքան էլ շատ չեն (319) հարեւան Արմավիրի մարզից: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը եւս դա բացատրում է բնակչության նվազ իրազեկվածությամբ՝ գումարելով նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների որոշ դանդաղկոտությունը: Դրա փոխարեն հաջողությամբ է լուծվում պարտադիր համաֆինանսավորման հարցը՝ հաճախ նույն այդ տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ:

Կապիտալ դրամաշնորհ ստանալու դիմում է տվել Լոռու մարզի երկու հազար չորս հարյուր հիսունութ շահառու, որից մոտ երկու հազարը՝ Վանաձորից: Համաֆինանսավորման հետաքրքիր տարբերակ է ընտրվել Ալավերդիում: Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը սակավախոս է, չի բացում բոլոր գաղտնիքները: Մի բան պարզ է՝ քաղաքի անապահով բնակիչների համաֆինանսավորումը կատարվելու է «Մանես» հիմնադրամի հետ համատեղ:

…Հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Բաբայանը, որը այս բոլոր հանդիպում-քննարկումների հիմնական զեկուցողն է եւ անձամբ է ճանաչում քաղաքապետերին եւ իրենց ծրագրերին աջակցող մեծ ու փոքր պաշտոնյաներին, առավելությունը տալիս է շահառուների վարկավորման միջոցով ամբողջ շենքի կամ շենքերի խմբի ջեռուցման ապահովմանը: «Բնակարաններն առանձին-առանձին ջեռուցելը հարցի ժամանակավոր լուծում է»,- ասում է նա,-«ճիշտը, անկասկած, ջեռուցման համակարգերի վերականգնումը կամ նորերի ստեղծումն է: Հենց այդ նպատակին է ուղղված մեր վարկային ծրագիրը, որն իրականացնում ենք Արդշինինվեստբանկի, ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի եւ Կասկադբանկի միջոցով»:

* * *

Քաղաքային ջեռուցման ծրագրով նախատեսվում է վերականգնել Երեւանից դուրս գտնվող մոտ 100 դպրոցների ջեռուցման համակարգերը, որտեղ տեղակայվում են ժամանակակից բարձրարդյունավետ, ավտոմատ կարգավորման միջոցներով ապահովված կաթսաներ: Այդ ամենը մենք առաջին անգամ տեսանք Ապարան քաղաքի N1 միջնակարգ դպրոցում: Տնօրեն Վահագն Եփրեմյանը սկսեց ամենասկզբից՝ մեզ բացատրելով բնական գազի առավելությունը մնացած էներգակիրների նկատմամբ: «Ձմռանը բոլոր դասասենյակներում եւ միջանցքներում 18-20 աստիճան է եղել»,- ասում է նա: Մենք աչքաչափով հաշվարկեցինք, որ եթե դպրոցը նորմալ ջերմամեկուսացված լիներ, ապա ջերմաստիճանը 30-ի էլ կարող էր հասնել (կամ այդքանով պակաս գազ կծախսվեր): Պարոն Եփրեմյանը խոստացավ զբաղվել այդ հարցով: Իսկ ահա Նոր Հաճնի նույնպես N1 դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանն ավելի ձեռնհաս էր գտնվել. հիմնադրամի ծրագրով վերականգնելով ջեռուցման համակարգը, նա միջոց էր գտել ձեռնամուխ լինելու իր ղեկավարած կրթօջախի եվրանորոգմանը…

Քաղաքային ջեռուցման ծրագրի շրջանակում ընդգրկված է 100 դպրոց: Արդեն իսկ իրականացվել է 45 դպրոցների ջեռուցման համակարգերի վերականգնումը, ինչի շնորհիվ բարելավվել են մոտ 23 հազար աշակերտների եւ ուսուցիչների ուսուցման եւ աշխատանքային պայմանները: Հիմնադրամը ձեռնամուխ է եղել 50-ից ավելի դպրոցներում ջեռուցման ծրագրի իրականացմանը 2007թ. ընթացքում:

Հիմնադրամի գործունեության մյուս՝ ոչ պակաս կարեւոր ոլորտներից են ներդրումների համար նպաստավոր միջավայրի ստեղծումը, փոքր հիդրոէլեկտրակայանների եւ քամու էլեկտրակայանների վարկավորումը, քամու, արեւի, կենսազանգվածի, կենսաէթանոլի, ջրածնի էներգիայի, վերականգնվող էներգետիկ այլ պաշարների բացահայտումը եւ զարգացումը:

Հիմնադրամի ծրագրերին մասնակցելու կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարելի է դիմել Հիմնադրամ ուղղակիորեն կամ շահագրգիռ կազմակերպությունների միջոցով (քաղաքապետարան, համատիրություն, հասարակական կազմակերպություններ եւ այլն): Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք Հիմնադրամի վեբ կայք‘ www.r2e2.am:

Ընտրեք ապահով եւ արդյունավետ ջեռուցման տեխնոլոգիաներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել