Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետից հույսները կտրել են

Հուլիս 20,2007 00:00

Երեկ պետական կարիքների զոհ դարձած մի խումբ բնակիչներ կառավարության շենքի առջեւ դարձյալ ցույցի էին դուրս եկել:

Հյուսիսային պողոտայի, Ամիրյան, Տերյան, Բուզանդի փողոցների եւ այլ թաղամասերի բնակիչները պահանջում էին, որ վարչապետ Սերժ Սարգսյանն իրենց վերջապես «բանի տեղ դնի ու իր խոստումներին տեր կանգնի»: Նրանց խոսքերով. «Արդեն 3-րդ ամիսն է, որ սպասում ենք վարչապետի նախընտրական խոստումների կատարմանը, իսկ նա մեր ներկայացուցիչների երեսն անգամ չի ուզում տեսնել: Աժ ընտրություններից առաջ մեզ հուսադրեց, որ բոլոր բնակիչների դիմումները մեկ առ մեկ կուսումնասիրվեն ու ոչ մի բնակիչ դժգոհ չի մնա: Ընտրություններից հետո նա այդ խնդրի մասին միանգամից մոռացել է»:

2 ժամից ավելի շարունակվող ցույցի ընթացքում, բացի ոստիկաններից, կառավարության շենքից որեւէ այլ մարդ դուրս չեկավ: Իսկ երբ ցուցարար կանայք սկսեցին բարձրաձայն վանկարկել «վար-չա-պետ», ինչպես եւ նախորդ ցույցերի ժամանակ, այնպես էլ հիմա, բորբոքված բնակիչներին հանդարտեցնելու համար դարձյալ ուղարկեցին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանին: Բնակիչների ներկայացմամբ. «Մենք արդեն համոզվել ենք, որ պարոն Դավթյանը որեւէ բան չի կարող անել: Ամեն անգամ գալիս է, լսում մեզ ու խոստանում մեր խնդիրը քաղաքապետին ներկայացնել: Ինչքա՞ն են մեզ հարիֆացնելու ու գլխներիս տակ փափուկ բարձ դնելու: Էնքան են խաբել, որ էլ ոչ մի պաշտոնյայի խոսքին չենք հավատում»:

«Սեփականության իրավունքների պաշտպանության» հ/կ նախագահ Վաչագան Հակոբյանի խոսքերով էլ. «Այս ապօրինի գործողությունների հեղինակը քաղաքապետն է: Անձամբ ես տասնյակ անգամ օտարման ենթակա տարածքների բնակիչների հարցով դիմել եմ նրան ու ստացել նույն ծեծված ու մակերեսային պատասխանը, իբր խնդիրն անպայման կլուծվի՝ ի շահ բնակիչների: Սակայն նա ստախոս մարդ է ու իսկական չարիք մեր պետության համար: Մենք որոշել ենք քաղաքի բնակիչներին քաղաքապետի ապօրինի գործունեությունը լուսաբանող թռուցիկներ բաժանել ու նրա հրաժարականը պահանջել»: Ցուցարարները բարձրաձայն բղավում էին. «Սերժ Սարգսյանն ի՞նչ երեսով է ուզում նախագահ դառնալ: Որ հիմա էս հարցն ի վիճակի չի լուծելու, հետո ամբողջ պետությունը ո՞նց պիտի ղեկավարի»: Ամիրյան թիվ 4/18 արդեն օտարված բնակարանի բնակչուհի Լիդա Հովանյանի ներկայացմամբ էլ. «50 քմ տարածքի համար 7000 դոլար են տվել, ու ստիպողաբար մեզ մեր տնից վտարել: Ստիպված քաղաքից դուրս տուն ենք վարձել ու մի կերպ յոլա ենք գնում: Հիմա արդեն վարձի փող էլ չունենք, պիտի մի տեղ վրան խփենք, որ գոնե վրանում ծածկի տակ ապրենք, փողոցում չմնանք: Էս պետությունից էլ ոչ մի բան չեմ ուզում, մենակ խնդրում եմ՝ պայմանագիրս վերանայեն ու գոնե մի տոմսի փող տան, որ էս երկրից գնամ Թուրքիա ու էլ չգամ: Էնտեղ գոնե մի գործ կգտնեմ: Էստեղ մնալու բան չկա, գլխներիս մի ծածկ ունեինք, էն էլ վերցրին»: Բուզանդի թիվ 9 շենքի բնակիչներն էլ խիստ վրդովված էին, որ իրենց շենքը ՀՀ հուշարձանների պաշտպանության հանրապետական ծառայությունում որպես հուշարձան է գրանցված, բայց այդ շենքի բնակիչներին վտարել են, հուշարձան շենքն էլ քանդել ու դրա փոխարեն 20 սմ հաստությամբ պատերով 9 հարկանի շենք են սարքում:

Շենքի բնակիչ Նաիրա Միրզոյանի խոսքով. «Մեր բնակարանի 1քմ-ի համար մեզ ընդամենը 220 դոլար են տվել, հիմա նույն տեղում կառուցվող նոր շենքում, որը գրեթե պատրաստ է, 1քմ-ն 2000-2500 դոլարով են վաճառում: Չգիտենք ում դիմենք, ինչ անենք, մեզ հետ հանդիպող միակ պաշտոնյան փոխքաղաքապետ Կ. Դավթյանն է, նա էլ ասում է, թե մեր խնդիրն իրեն չի հետաքրքրում, ինքը միայն Հյուսիսային պողոտայի բողոքներն է լսում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել