Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԳԻՆ ՔԱՂԱՔԱՊԵ՞ՏՆ Է ԱՎԵՐՈՒՄ

Հուլիս 20,2007 00:00

\"\"Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի կողքին գտնվող այգու ծառերը մեկը մյուսի հետեւից հատվում են՝ տեղում առեւտրի եւ ժամանցի օբյեկտներ կառուցելու նպատակով:

Արդեն քանի օր Գյումրիի Ա. Տիգրանյանի անվան այգու երկու մուտքերն էլ փակել են եւ 13 հաստաբուն ծառ հատել՝ այդ տարածքում տեղադրելով կրպակաշար: Այգին առեւտրի վայր դարձնելու որոշումը Գյումրիի քաղաքային իշխանություններինն է, քանի որ, մեր տեղեկություններով, կրպակներից մեկը պատկանում է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորաքրոջ տղային, մյուսը՝ մարզպետարանի պաշտոնյաներից մեկին՝ Մարտին Տոնոյանին:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում այդ որոշման դեմ իր վրդովմունքը հայտնեց այգու երկար տարիների տնօրեն Գագիկ Կիրակոսյանը. «Տասը տարի շարունակ այդ տարածքի վարձակալն եմ եւ ուղեղումս չի տեղավորվում, թե ինչպես կարող էր քաղաքապետարանը մի կողմից ինձ հետ վարձակալության պայմանագիր կնքել ու հարկադրել, որպեսզի այգու շուրջբոլորը ազատեմ կրպակներից, անօրինական սեղանիկներից, բարեկարգեմ ու կանաչապատեմ տարածքը, մյուս կողմից էլ՝ այգին հատկացներ առեւտուր անելու նպատակով»:

Գ. Կիրակոսյանի խոսքերով. «25-30 տարի ես բիզնեսի մեջ եմ, եւ եթե կրպակ դնելու հարկ լիներ, ես անձամբ կդնեի: Բայց ես մեծ դժվարությամբ՝ իմ հարեւանների հետ լավ ու վատ լինելով կարողացա մի կերպ այգին ազատել ու 10 տարվա ընթացքում այն այգի դարձնել, ծառապատումներ եմ արել, դեկորատիվ պարիսպներ եմ տեղադրել, ընդ որում՝ հայկական տուֆից, այնպիսին, ինչպիսին պահանջում էր քաղաքի ճարտարապետը, լուսավորել եմ, մի խոսքով՝ հանգստի գոտի եմ դարձրել: 1994-95թթ. ուրիշները գոյության կռիվ էին տալիս, իսկ ես հանձնարարականներ էի կատարում, սարքում էի, որ էսօր իրենք ավիրե՞ն, մի՞թե կարելի է թատրոնի, ճարտարապետական արձանների կողքն այդպես այլանդակել»: Նա մտավախություն հայտնեց, որ շատ շուտով Գյումրիի այդ այգուց ոչինչ չի մնա: Երեկ նա Գյումրիի քաղաքապետից պահանջում էր, որպեսզի տարածքը բերեն նախկին տեսքին, եւ վստահեցնում, որ մտահոգված է կանաչ գոտու համար, այլ ոչ թե իր արած ծախսերի:

Իսկ թե ինչո՞ւ են կանաչ գոտին ոչնչացնում ու քաղաքի կենտրոնն այլանդակում, «Առավոտը» փորձեց պարզաբանումներ ստանալ Գյումրիի քաղաքապետարանից: Ճարտարապետական բաժնից մեզ փոխանցեցին, որ Գագիկ Կարապետյանը «այգում այլեւս անելիք չունի, քանի որ քաղաքապետարանը արդեն մեկուկես տարի է՝ դադարեցրել է նրա հետ վարձակալության պայմանագիրը»: Իսկ պատճառն, ըստ քաղաքապետարանի պատասխանատուների, եղել է այն, որ վերջինս պարտաճանաչորեն չի կատարել պայմանագրի մեջ նշված կետերը: «Այգում ընդամենը մի կարուսել է դրել, մեկ էլ պերաշկիանոց է սարքել, նույնիսկ ուշադրություն չի դարձրել քաղաքապետարանի նախազգուշացումներին՝ թե չի կարելի քաղաքի կենտրոնը պերաշկիանոցի վերածել: Իսկ եթե նա ասում է, որ բորդյուրները ինքն է սարքել՝ դա իրականությանը չի համապատասխանում, դրանք սարքել է Հայ ավետարանչական եկեղեցին, որը այգու աջ հատվածը ասֆալտապատել է, մոլախոտերն է մաքրել, Սումգայիթի զոհերի հիշատակին հուշարձան է կանգնեցրել»,- պարզաբանեցին քաղաքապետարանից: Նրանց խոսքերով, նախկին վարձակալն «այլեւս իրավունք չունի միջամտելու այգու գործերին, քանի որ այն արդեն համայնքապատկան է, եւ համայնքը պետք է որոշի, թե ինչպես վարվի»:

Նկատենք, որ այդ նույն քաղաքապետարանը 1995թ. դեկտեմբերի 28-ին պայմանագիր է կնքել վարձակալ Գագիկ Կիրակոսյանի հետ, ըստ որի՝ նա պարտավորվում է «բարեկարգել Սայաթ-Նովա փողոցի պուրակի տարածքին հարող մայթերը, սիզամարգերը եւ ծառերը պահպանել, ինչպես նաեւ ազատել մայթերն անօրինական տեղադրված կրպակներից, տաղավարներից եւ հսկողություն սահմանել մայթերի անաղարտությունը ապահովելու նպատակով», ինչը եւ վարձակալի պնդմամբ՝ բարեխիղճ արվել է: Բացի այդ, մեր ձեռքի տակ կա մի փաստաթուղթ, որտեղ քաղաքապետարանը գովերգում է Գ. Կարապետյանի «մեկուկես տարվա տված դրական արդյունքները»: Ինչպես փոխանցեցին քաղաքապետարանից, այդ տարածքի վարձակալը այժմ այլ կազմակերպություն է: Իսկ թե ով՝ այդպես էլ այս մասին տեղեկատվություն չտրամադրեցին: Գյումրեցիները համոզված են, որ այգու նոր «վարձակալը» Գյումրիի քաղաքապետն է, իսկ այգում կառուցվող շքեղ օբյեկտը հենց նրան է պատկանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել