Լրահոս
Օրվա լրահոսը

Արձանագրված խախտումներ

Հուլիս 20,2007 00:00

ԼՂՀ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի նախընտրական շտաբը երեկվա ընթացքում շուրջ 2 տասնյակ բողոքներ ներկայացրեց ԿԸՀ: Ներկայացնենք դրանցում առկա մի քանի փաստեր:

Բերձորի թիվ 22/1 ընտրատեղամասում Մասիս Մայիլյանի վստահված անձ Արամայիս Սահակյանը ժամը 08.50-ին կասեցրել է դրսից ապօրինաբար բերված եւ Բակո Սահակյանի անվան դիմաց արդեն նշում պարունակող քվեաթերթիկով քվեարկելու փորձ: Այդ օրինախախտումն իրականացվել է Բալայան Կարինայի կողմից, որն ընտրական հանձնաժողովի անդամ է:

Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ համայնքում, թիվ 13/10 ընտրատեղամասում, ժամը 10.00-10.30-ն ընկած ժամանակահատվածում, սպայի ներկայությամբ տեղի է ունեցել զինծառայողների բաց քվեարկություն:

Հադրութ քաղաքի թիվ 11/1 ընտրատեղամասում Մասիս Մայիլյանի վստահված անձ Մարգարիտա Քարամյանը բացահայտել է «ընտրակարուսելի» դեպք, սակայն ընտրական հանձնաժողովի նախագահը նրա ձեռքից խլել է Բակո Սահակյանի անվան դիմաց նախապես նշում արած քվեաթերթիկը եւ այն գցել քվեատուփի մեջ: Նույն ընտրատեղամասում ժամը 11.30-ին քվեարկության եկած անձին տրամադրվել է 3 քվեաթերթիկ՝ տարբեր քաղաքացիներին պատկանող 3 անձնագրերով քվեարկելու համար:

Հադրութի շրջանի Ազոխ համայնքում, թիվ 12/1 ընտրատեղամասում, Մասիս Մայիլյանի վստահված անձը ժամը 11.40-ին կասեցրել է քաղաքացիների քվեարկության ապօրինի ուղղորդման զանգվածային փորձը, երբ մատնացույց էր արվում քվեարկելու «ճիշտ» տողը:

Ժամը 17.30-ի դրությամբ զանգվածային լցոնումների դեպքեր են գրանցվել Հադրութ քաղաքի թիվ 11/1 եւ Տողի թիվ 12/12, իսկ 18.20-ի դրությամբ՝ ք. Ասկերանի թիվ 9/1 եւ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում տեղակայված թիվ 19/9 ընտրատեղամասում: «Առկա է 56 ահազանգ»:

Ժամը 18.00-ի դրությամբ Մարտունու շրջանի Կաղարծի համայնքում, թիվ 17/5 ընտրատեղամասում, Մասիս Մայիլյանի վստահված անձ Արսեն Սարգսյանը, «հաշվեհարդարի սպառնալիքներով ուղեկցվող վարչական ահաբեկման է ենթարկվել նույն գյուղի համայնքապետ Գարիկ Սարգսյանի կողմից՝ ընտրությունների ընթացքին աչալուրջ կերպով հետեւելու համար: Այսպես, վստահված անձ Արսեն Սարգսյանը մի քանի անգամ փորձել է կանխել ապօրինի լցոնումները, սակայն հանձնաժողովի կողմից վերջինիս բոլոր պահանջները, այդ թվում՝ նաեւ օրինախախտումների մասին գրանցամատյանում արձանագրություններ կազմելու վերաբերյալ, միտումնավոր կերպով անտեսվել են: Արսեն Սարգսյանի կողմից արձանագրվել է 18 ապօրինի քվեարկության դեպք՝ անձնագիր կամ հաշվառում չունեցող անձանց կողմից, ինչպես նաեւ ԼՂՀ-ից բացակայող քաղաքացիների փոխարեն»:

Ժամը 18.50-ին Մարտունու շրջանի Սարգսաշեն համայնքի թիվ 19/13 ընտրատեղամասում Մասիս Մայիլյանի վստահված անձն արձանագրել է ԼՂՀ-ից բացակայող 4 հոգու փոխարեն ապօրինի քվեարկություն. «Վստահված անձի պահանջը՝ օրինախախտումը կանխելու եւ խախտման վերաբերյալ գրանցամատյանում արձանագրություն կատարելու վերաբերյալ, արհամարհվել է ընտրական հանձնաժողովի կողմից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել