Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏ ԵՎ ԱՐԴԱՐ

Հուլիս 20,2007 00:00

Երեկ, ժամը 21-ին, ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սերգեյ Նասիբյանն ազդարարեց, որ նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների 76,25 տոկոսը կամ 70 հազար 235 ընտրող: Ընդ որում՝ ընտրողների թիվը նախապես հայտարարված 91 հազար 166-ից երեկվա ընթացքում ավելացել եւ հասել էր 92 հազար 117-ի՝ դատարանների եւ ոստիկանության միջոցով իրենց ընտրական իրավունքը վերականգնածների շնորհիվ:

Սերգեյ Նասիբյանը հայտնեց, որ քվեարկության ավարտից կես ժամ առաջ ստացել են Բակո Սահակյանի շտաբի բողոքը՝ նախընտրական քարոզչության ընթացքում Մասիս Մայիլյանի շտաբի թույլ տված խախտումների մասին: Վերջինիս շտաբի՝ երեկ ներկայացրած 19 բողոքների կապակցությամբ ԼՂՀ ԿԸՀ նախագահն ասաց, թե դրանց կեսը չի համապատասխանում իրականությանը՝ հատկապես զանգվածային լցոնումների մասով: Ըստ պրն Նասիբյանի, պարզել են, թե այն տեղամասերում, որոնցում լցոնումների վերաբերյալ պնդումներ կան՝ Մասիս Մայիլյանը չի ունեցել վստահված անձինք, եւ այդ բողոքներն արվել են անանուն ահազանգերի հիման վրա:

Քվեարկության ավարտից 45 րոպե անց ԼՂՀ ժամանած միջազգային դիտորդները հրապարակեցին իրենց գրավոր եզրակացությունը: Ընտրատեղամասերի 20 տոկոսն այցելելով՝ նրանք որեւէ տեղ չէին արձանագրել ընտրական հանձնաժողովների աշխատանքին վարչական կամ իրավապահ մարմինների միջամտության փաստեր. «Չենք բացահայտել ընտրողների վրա գործադրված ճնշման կամ ահաբեկման փաստեր»: Քվեարկության ընթացքն, ըստ դիտորդների՝ անցել է ԼՂՀ «Ընտրական օրենսգրքին» ճշգրիտ համապատասխան: Ընդհանուր եզրակացությունն է, որ հուլիսի 19-ի ընտրությունները համապատասխանում էին «ժողովրդավարական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման ընդունված միջազգային սկզբունքներին եւ նորմերին»: Եվ միակ դիտողությունն է, որ ընտրատեղամասերը չունեին հաշմանդամների համար թեքահարթակներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել