Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԵՂՏՈՏ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ՀՀ-ԻՑ ՓՈԽԱՆՑՎԵԼ ԵՆ ԼՂՀ»

Հուլիս 20,2007 00:00

Ներկայացնում ենք որոշ մանրամասներ ԼՂՀ պաշտոնյաների եւ նախագահի թեկնածուների երեկ արած մեկնաբանություններից

Բուշը նրան ավելի շուտ կլսեր

«Ծաղկեփնջի մոմենտը լուծված ա՞»,- անհանգստանում էր Ստեփանակերտի թիվ 11 դպրոցում գտնվող ընտրատեղամասի ներկայացուցիչը՝ մինչ այստեղ ժամը 10-ին եկավ նախագահի ամենատարեց թեկնածուն՝ Արցախի պետական համալսարանի դոկտոր- պրոֆեսոր Վանյա Ավանեսյանը: «Հույս ունեմ, որ նոր նախագահն ավելի լավ կաշխատի, քան հինը,- քվեարկելուց հետո «Առավոտին» ասաց Վանյա Ավանեսյանը:- Մեր ժողովուրդը կլինի երջանիկ: Ինչ ցանկություն ունի՝ բոլորը կկատարվեն: Թոշակառուների թոշակը կբարձրացվի (նշեց 40-50 հազար թիվը: Մինչդեռ ԼՂՀ վարչապետն ավելի ուշ ասաց, թե հնարավոր է առաջիկա 5 տարում թոշակները հասցնել 35 հազար դրամի- Ա. Ի.): Աշխատավարձերը կբարձրացվեն… Այնպես լավ կապրեն, որ ստեղից քոչածները, փախստականները նորից կվերադառնան»: Նաեւ ինքն իր օգտին քարոզչություն արեց. «Դոկտոր-պրոֆեսոր մարդն ավելի ազդեցիկ կլինի արտաքին աշխարհի վրա, քանց թե հասարակ շարքայինը: Ամերիկայի պրեզիդենտն ավելի շուտ ինձ կլսի, քանց ուրիշներին, որովհետեւ ես նրանց հետ համարձակ կխոսեմ, եւ մեզ շո՛ւտ կճանաչեն»: Այս թեկնածուին նկատի ունենալով՝ քարոզարշավի վերջին օրն Արմեն Աբգարյանը (Ամուլյա) հայտարարել էր, թե հարկ է նաեւ տարիքային վերին ցենզ սահմանել նախագահի թեկնածու առաջադրվելու համար: «Սխա՛լ ա ասել նա,- ի պատասխան վրդովվեց պրոֆեսորը:- Օրենքով բոլոր երկրներում ներքեւի տարիքը 35 ա, վերեւը՝ խելք ա: Ամուլյան ի՞նչ խելք ունի, խամ-խամ խոսել ա: Հիմա մեզ ղեկավարում են ջահելները, չէ՞. ի՞նչ լավ բան են արել……Քարոզարշավի ժամանակ էլ ես ասել եմ՝ տարիքն ի՞նչ նշանակություն ունի, մեկը 40 տարեկանում ա պառավում, մեկը՝ 150 տարեկանում: Պրեզիդենտ պիտի լինի ամենախելոք, ամենափորձված մարդը»:

ԼՂՀ ԱԺ-ն միաբեւեռ չի դառնա

10.30-ին Ստեփանակերտի գյուղատնտեսական քոլեջում տեղակայված ընտրական տեղամասում քվեարկեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այն մեկնաբանություններին, ըստ որոնց՝ խորհրդարանական ուժերը նույն թեկնածուին պաշտպանելով միաբեւեռ դարձրին ԱԺ-ն՝ պրն Ղուլյանն ասաց. «Չեմ կարծում, թե այդպես է, քանի որ խոսքը նախագահական ընտրություններին ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի վերաբերմունքի մասին է եւ ոչ թե խորհրդարանում նրանց համագործակցության ձեւաչափի փոփոխության»:

Մինչ ԼՂՀ ԱԺ նախագահի քվեարկելը՝ այդ տեղամասում ներկա Մերձդնեստրից դիտորդ Գրիգորի Մարակուցան լրագրողներին ասում էր, թե ամենակարեւորն այն է, որ ընտրությունների արդյունքը ճանաչի տվյալ երկրի ժողովուրդը եւ ոչ այս կամ այն երկրի միջազգային հանրությունը: Այս դիտարկումը լրագրողները փոխանցեցին Աշոտ Ղուլյանին, եւ նա ասաց. «Ինչ-որ չափով՝ երեւի շատ տեղին է: Քանի որ եթե անընդհատ փորձենք հետեւել միջազգային հանրության կամ տարբեր կազմակերպությունների արձագանքներին, ապա չեմ կարծում, թե մենք կունենանք այսքան հաճախականությամբ եւ բոլոր ձեւաչափերով ընտրություններ»: Մեր հարցին՝ չի՞ կարծում, թե այն, որ թեկնածուներից մեկն ամբողջ ընթացքում ներկայացրել է վարչական լծակների կիրառման, իր վստահված անձանց նկատմամբ ճնշումների փաստեր՝ արդեն իսկ ստվերում է ընտրությունների արդյունքները՝ Աշոտ Ղուլյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ դրանք չեն կարող հիմնավորված լինել: Քանի որ նույն չափով բողոքներ ու դժգոհություններ կան նաեւ մյուս թեկնածուների կողմից»: Եվ պնդեց, թե բոլոր թեկնածուները քարոզարշավում ունեցել են հավասար հնարավորություններ:

Կլինեն կադրային փոփոխություններ

«Ընտրությունից ընտրություն մենք ավելի լավ պայմաններում ենք անցկացնում դրանք՝ ե՛ւ ավելի ժողովրդավարական, ե՛ւ տնտեսապես ավելի կայացած ու հզորացող երկրում»,- ժամը 11-ին Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում տեղակայված ընտրատեղամասում քվեարկելուց հետո ասաց ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը: Նաեւ նկատեց, թե ԼՂՀ-ն ժողովրդավարության իմաստով կարող է օրինակ ծառայել հարեւան պետության համար: Երբ հետաքրքրվեցինք, թե ո՞ր հարեւանին նկատի ունի՝ ՀՀ-ի՞ն, թե՞ Ադրբեջանին՝ ծիծաղեց. «Եզրակացությունը դուք արեք»:

Քանի որ նախագահի թեկնածուներից 2-ն աշխատում են կառավարության օղակներում՝ հետաքրքրվեցինք, թե ընտրություններից հետո նրանց մասով կլինե՞ն կադրային փոփոխություններ: «Նոր նախագահի ընտրությունից հետո կադրային փոփոխությունները, կարծում եմ, բնական են: Եվ դա վերաբերելու է ոչ միայն նախագահի թեկնածուներին: Բայց նաեւ չի նշանակում, թե անպայման վերաբերելու են այդ թեկնածուներին»,- պատասխանեց պրն Դանիելյանը: Իսկ ԼՂՀ նախագահի թեկնածու Բակո Սահակյանն ավելի ուշ այս կապակցությամբ ասաց. «Քաղաքական մշակույթը պահանջում է, որ առաջին հերթին պաշտոններ ունենան նրանք, ովքեր ընդգրկված էին իմ թիմում: Բայց դա չի նշանակում, որ իմ մրցակիցները կհետապնդվեն»:

Փա՛ռք հանճար Ղուկասյանին

Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում գտնվող տեղամասում 11.30-ին քվեարկությանը մասնակցած ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին BBC-ի թղթակիցը հիշեցրեց, որ այս ընտրությունները չի ճանաչի միջազգային հանրությունը: «Մենք ընտրություններ ենք անցկացնում ոչ միջազգային հանրության համար, այլ առաջին հերթին, որպեսզի ժողովրդավարացնենք ԼՂՀ-ն եւ հասնենք այն նպատակներին, որ առաջադրել է մեր ժողովուրդը՝ հռչակելով մեր անկախությունը»: Հավելեց. «Ամեն դեպքում, այդ նույն միջազգային հանրության պաշտոնական ներկայացուցիչներն ինձ հետ բազմիցս քննարկել են մեր նախագահական ընտրությունների հարցը»:

«Առավոտի» դիտարկմանը, թե ԼՂՀ-ում կայացած նախկին ընտրությունները հայաստանյան ընտրական գործընթացներից շահեկանորեն առանձնանում էին, սակայն այս անգամ քարոզարշավի ընթացքում բազմիցս հնչեցին մեղադրանքներ ե՛ւ վարչական լծակների գործադրման, ե՛ւ ճնշումների վերաբերյալ՝ Արկադի Ղուկասյանն այսպես արձագանքեց. «Ես ցավում եմ, որ սեւ PR-ը, շատ կեղտոտ տեխնոլոգիաները փոխանցվել են Հայաստանից ԼՂՀ: Դրանք ներմուծված, արհեստականորեն ստեղծված բաներ են: Ես համոզված եմ, որ այդ բողոքների ճնշող մեծամասնությունը չի համապատասխանում իրականությանը: Այն, ինչ որ ես ինքս ստուգել եմ, չնայած կոնկրետ ինձ ոչ ոք չի դիմել՝ իմ նախաձեռնությամբ եմ ստուգել մի քանի փաստեր, բացարձա՛կ սուտ էին: («Խախտումների ստուգման լիազորությունը ԿԸՀ-ինն է: Ես չգիտեմ, թե այդ մարդիկ ինչո՞ւ իրենց գործերով չեն զբաղվում»,- հետո այս կապակցությամբ ասաց Մասիս Մայիլյանը.- Ա. Ի.): Օրինակ, բողոքներից մեկն այն է, որ ԱԱԾ աշխատակիցները ճնշում են վստահված անձանց եւ այլն: Եվ չկա մի կոնկրետ փաստ, չկա մի կոնկրետ անուն-ազգանուն: Ես համարում եմ, որ սա նույն սեւ PR-ի շարունակությունն է (նկատենք, որ ճիշտ նույն բնորոշումները հետո օգտագործեց նաեւ Բակո Սահակյանը.- Ա. Ի.): Մարդիկ, երբ արդեն զգում են, որ պետք է պարտվեն՝ սովորաբար սկսում են հեքիաթներ հնարել: Սա էլ բնական է, չեմ գտնում, թե այստեղ ինչ-որ մի արտառոց բան կա: Բայց Ղարաբաղի համար սա ինչ-որ նոր երեւույթ է, դժբախտաբար: Քանի որ մեր ընտրությունների վրա ստվեր գցողները Ադրբեջանը, Թուրքիան եւ նրանց բարեկամներն են, եւ այսօր մեր սեփական սեւ PR-շչիկներն են փորձում ստվեր գցել ԼՂ ընտրությունների վրա»: Իսկ Մասիս Մայիլյանն այս կապակցությամբ ասաց. «Ինձ թվում է, սեւ PR անում են այն մարդիկ, ովքեր խախտում են օրենքները»:

«ՀԺ»-ի հարցին, թե արդյոք Բակո Սահակյանի շուրջ ընդդիմադիրներին եւ իշխանավորներին համախմբելու հեղինակն ի՞նքն է՝ ԼՂՀ նախագահը պատասխանեց. «Եթե համարում եք, որ ես կարող եմ համախմբել ընդդիմությանը, որը պայքարել է իմ դեմ՝ ուրեմն, փառք ինձ, ես հանճար եմ»:

Նախագահի վերջին ընտրությո՞ւնը

Նույն տեղամասում քիչ անց կարմիր շապիկով եւ ոսկե հաստ շղթայով քվեարկելու եկավ նախագահի թեկնածու Արմեն Աբգարյանը: Պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ ինքն այդքան պասիվ քարոզարշավ անցկացրեց՝ ասաց. «Ես լա՛վ էլ ակտիվ եմ մասնակցել: Ուղղակի չէի ուզում իմ կողմնակիցներին դնել հալածանքի տակ»: Զարմանալի հայտարարություն էր սա, հաշվի առնելով, որ միայն թեկնածուներից մեկն էր մինչ այդ բողոքել ճնշումներից: «Պարզ է, որ պետությունն իր թեկնածուին է պաշտպանելու: Ամեն պետության մեջ դա կա»: Արմեն Աբգարյանը հավելեց. «Հույս ունեմ, որ սա վերջին նախագահական ընտրություններն են Ղարաբաղում: Գտնում եմ, որ մենք մի մարզ պետք է լինենք: Ես նախագահ դառնալու դեպքում վերացնելու եմ այդ նախագահական ինստիտուտը: Գտնում եմ, որ մի ազգին մի նախագահ է պետք: Պետք չի լարել ժողովրդին իրար դեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել