Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ – 2

Հուլիս 20,2007 00:00

\"\"ԱԺ պատգամավորության թեկնածու կոշկակարը վերանորոգում է թատրոնի կոշիկները

Թիվ 15 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրվածների ցուցակում մինչեւ վերջերս խաչիկմանուկյանների շքերթ էր՝ էլ նախրապան, էլ պատգամավոր, էլ անհայտ զբաղմունքի տեր, էլ կոշկակար, մի խոսքով՝ ընտրությունը մեծ էր: Սակայն արդեն իսկ հայտնի է, որ պատգամավորության թեկնածու առաջադրվեցին ոչ բոլորը: Խաչիկմանուկյաններից մնացին երկուսը՝ նախկին պատգամավոր, «Լուսակերտի» թռչնաֆաբրիկայի սեփականատեր, հանրապետական բիզնեսմեն Խաչիկ Մանուկյանը եւ կոշկակար Խաչիկ Մանուկյանը: Երեկ մեր փորձերը՝ հեռախոսով կապվել եւ զրուցել պատգամավորության կոշկակար թեկնածու Խաչիկ Մանուկյանի հետ՝ ապարդյուն անցան, վերջինիս տան հեռախոսը անջատված էր: Կամ՝ հեռախոսավարձը չվճարելու պատճառով, կամ էլ այդ «անջատումը» միտումնավոր էր կազմակերպված: Եվ որոշեցինք ուղղակի վեր կենալ եւ գնալ պատգամավորության թեկնածուի տուն: Պարզվեց, որ այս Խաչիկ Մանուկյանը ընդամենը հեռավոր կապեր ունի թիվ 15 ընտրատարածքն ընդգրկող բնակավայրերի հետ, ինքն արդեն տասնյակ տարիներ ապրում եւ աշխատում է Երեւանում եւ զբաղված է կոշկակարությամբ: Իր տան դարպասներին էլ մի ցուցանակ կար՝ «կոշիկի վերանորոգում»: Տան մոտ, կամ գուցե դա ոչ թե կոշկակարի, այլ նրա հարեւանի տունն էր (մի քիչ դժվար էր կողմնորոշվել, քանի որ Երեւանի այդ թաղում տներն իրար չափազանց մոտ են կառուցվել), կանգնած էր «Ջիփ» ավտոմեքենա, երկու երիտասարդ ինձ դիմավորեցին ավտոտնակ կամ ավտովերանորոգման սրահի նմանվող տարածքի մոտ, որը նաեւ տան մուտքն էր: Տղաներից մեկը ներկայացավ որպես Խաչիկ Մանուկյանի որդի Մուկուչ: Սիրահոժար մեզ փոխանցեց բջջային մի հեռախոսահամար՝ ասելով, որ հայրը տանը չէ եւ մոտակա 4-5 օրերին չի լինելու: Մեր զրույցի մյուս հատվածը՝ բառացի.

– Իսկ ո՞ւր է Խաչիկ Մանուկյանը:

– Տանը չի, գործի է գնացել:

– Որտե՞ղ է նրա գործը:

– Թատրոնում:

– Ինքը կոշկակար չէ՞:

– Այո, թատրոնի կոշիկներն է վերանորոգում:

– Իսկ հիմա ո՞ւր է:

– Դե, ստեղ չի, էլի, գնացել ա Սոչի:

– Սոչի՞:

– Հա, հորաքույրը ծանր հիվանդ է, գնացել է նրա մոտ:

– Ե՞րբ կվերադառնա:

– Երեւի մի 5-6 օրից:

– Ինքը պատգամավորության թեկնածո՞ւ է:

– Այո:

– Իսկ ինչո՞ւ է առաջադրվել, գնալու է խորհրդարան, որ ի՞նչ անի:

– Եսիմ, իրան հարցրեք:

Մեր զրույցից հետո բազմիցս փորձեցինք զանգահարել Խաչիկ Մանուկյանին, սակայն մեզ տրված հեռախոսահամարը եւս անջատված էր:

Հեռացանք՝ հույսով, որ գուցե իսկապես 4-5 օրից բախտ կվիճակվի զրուցել մի մարդու հետ, ով առաջադրվել է պատգամավորության թեկնածու եւ անմիջապես «թռել» Սոչի:

Հարեւաններից մի քանիսի ներկայացմամբ, Խաչիկ Մանուկյանը «իրա համար մարդ է»: Ոմանք էլ քթների տակ քմծիծաղում էին, երբ հարցնում էի՝ տեղյա՞կ են, որ իրենց հարեւանը պատգամավոր է ուզում դառնալ. «Դե, դառավ-դառավ, ի՞նչ իմանաս»:

Հ. Գ. Այս նկարը դնում ենք զուտ այն պատճառով, որ Մուկուչը թույլ չտվեց լուսանկարել ԱԺ պատգամավորության թեկնածուի տունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել