Լրահոս
Օրվա լրահոսը

$3000-ԱՆՈՑ ՍՈՒՏ ՑՈՒՑՄՈՒՆՔ

Հուլիս 19,2007 00:00

ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության՝ մարդկանց առեւտրի եւ նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնում շարունակվում է խարդախությամբ Ա. Թորոսյանին Դուբայ փոխադրելու եւ այնտեղ նրան պոռնկության մեջ ներգրավելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ա. Թորոսյանի հետ «նշանվել» է Ի. Գալստյանը, որն այդ նույն ժամանակ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է եղել այլ կնոջ հետ: Կեղծ նշանդրեքի առթիվ Դուբայում հայտնված Ա. Թորոսյանին (որին խոստացել էին Կիպրոսում հարսանիքն անել) սեռական շահագործման ենթարկելու արդյունքում «նշանածը»՝ Գալստյանը, եւ նրա քույրերը ստացել են շուրջ 150.000 ԱՄՆ դոլարի օգուտ: Ըստ նախաքննության, Ա. Թորոսյանը միակ տուժողը չէր: Պարզվել է, որ Ի. Գալստյանի քույրերը սեռական շահագործման են ենթարկել նաեւ այլ կնոջ՝ Ջուլիետային, որը ե՛ւ տուժող է, ե՛ւ մեղադրյալ: Այս տարվա հունվարի 10-ին եւ մարտի 19-ին Ջուլիետան որպես վկա, ապա ապրիլի 28-ին որպես տուժող ցուցմունքներ է տվել, հայտնելով, որ Ա. Վարդանյանը՝ Նելլի եւ Նոնա Գալստյանների հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ, այն է՝ բարձր աշխատավարձով մատուցողուհի աշխատելու պատրվակով, իրեն տեղափոխել են ԱՄԷ՝ Դուբայ քաղաք, որտեղ Նելլի եւ Նոնա Գալստյանները բռնության գործադրմամբ ներգրավել են պոռնկության մեջ՝ շուրջ մեկ ամիս ենթարկելով սեռական շահագործման: Ջուլիետան նույն ցուցմունքները պնդել է մեղադրյալ Նելլի Գալստյանի հետ առերես հանդիպման ժամանակ: Ջուլիետան հայտնել է եւ լուսանկարներով ճանաչմամբ հաստատել է, որ Դուբայում Նելլի եւ Նոնա Գալստյանների ղեկավարմամբ մարմնավաճառությամբ են զբաղվել Արմավիր քաղաքի բնակիչներ Նառան եւ Գայանեն: Նախաքննության հետագա փուլում, 3000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց, հետախուզման մեջ գտնվող Նոնա Գալստյանի թելադրանքով (հեռախոսակապի միջոցով) Ջուլիետան սուտ ցուցմունք է տվել, թե իբր Նելլի եւ Նոնա Գալստյաններն իրեն խաբեությամբ չեն հավաքագրել, Դուբայ չեն ուղարկել, սեռական շահագործման չեն ենթարկել եւ նրանց նույնիսկ չի ճանաչում: Ավելին, նշել է, իբր, նախորդ ցուցմունքները տվել է տուժող Ա. Թորոսյանի սպառնալիքների ազդեցության տակ եւ մեղադրել վերջինիս մորը՝ իրեն խաբեությամբ Դուբայ ուղարկելու մեջ: Ջուլիետա Գալոյանին մեղադրանք է առաջադրվել սուտ ցուցմունք տալու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել