Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՌՈՒՅՑԸ ՏԵՂԻՑ, ԿԱՐԾԵՍ, ՇԱՐԺՎՈՒՄ Է

Հուլիս 19,2007 00:00

\"\"«Առավոտի» հունիսի 23-ին տպագրված «Մարզիկներին բժիշկներ պետք չե՞ն» հոդվածից հետո ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը շահագրգիռ կողմերին խորհրդակցության է հրավիրել:

Սպորտային բժշկության եւ հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոնի տնօրեն Աշոտ Հովակիմյանը երեկ պատմեց հետեւյալը. «Նախ, շնորհակալ եմ ձեր թերթից՝ մարզիկների բժշկական հսկողության խնդիրը բարձրացնելու համար, որին նախարարն անմիջապես արձագանքեց: Խորհրդակցությանը հրավիրվել էինք մենք՝ բժշկական կենտրոնի մի քանի աշխատակիցներ, ֆեդերացիաների մարզիչներն ու բժիշկները: Ես ներկայացրի իրական վիճակը, որն իսկապես անմխիթար է: Բանը հասել է այնտեղ, որ ֆեդերացիաների մի մասն ընդհանրապես արհամարհում է սպորտային բժշկությունը, իսկ շատ մարզաձեւերում մարզիկների մեծ մասը հանրապետության առաջնություններին մասնակցում, միջազգային մրցումներ, Եվրոպայի ու աշխարհի առաջնություններ մեկնում է առանց մասնագետ բժշկի թույլտվությունն ունենալու կամ էլ ինչ-ինչ ճանապարհներով ձեռք բերված տեղեկանքով, մի բան, որն անթույլատրելի է: Մինչդեռ, այդպիսի դեպքերում Սպորտային բժշկության կենտրոնն այդպիսիներին մրցմանը մասնակցել թույլ չտալու իրավունք ունի: Նախարարին տեղեկացրի նաեւ, որ մեր հենակետային առաջատար մարզաձեւերի հավաքականներից միայն ծանրամարտն ու ձյուդոն ունեն բարձրագույն մասնագիտական կրթությամբ բժիշկներ: Մյուսների հետ լավագույն դեպքում աշխատում են մերսողներ, իսկ որ շատ ավելի վատ է՝ որոշ հավաքականներ ընդհանրապես ոչինչ չունեն: Ու դա նրանց «ձեռք է տալիս»:

Լուրջ ու գործնական քննարկում ծավալվեց, որից հետո ձեռք բերվեցին մի շարք կարեւոր պայմանավորվածություններ: Որպես սկիզբ, ֆեդերացիաներն այսուհետեւ պետք է բժշկական կենտրոն ներկայացնեն իրենց պատանեկան, երիտասարդական եւ մեծահասակների հավաքականների աշխատանքային գրաֆիկները, որպեսզի մենք էլ մերը կանոնակարգենք եւ նրանց հետ միասին կազմենք համագործակցության հստակ ծրագիր: Որոշվեց, որ հավաքականներն ուսումնամարզական հավաքների մեկնելուց առաջ պարտադիր բժշկական խորացված հետազոտության ենթարկվեն կենտրոնում, իսկ հավաքի կեսից մեր մասնագետները մի քանի օրով այցելեն նրանց ու տեղում փուլային ստուգումներ կազմակերպեն: Հավաքականները պարտավոր են կենտրոն ներկայանալ նաեւ հավաքների ավարտից հետո, որպեսզի որոշվի յուրաքանչյուր մարզիկի ֆունկցիոնալ վիճակը տվյալ ուսումնամարզական հավաքից առաջ եւ հետո: Նույն սկզբունքը գործելու է նաեւ եկող տարի, բայց արդեն հունվար ամսից սկսած: Միայն այդպես կիմացվի բժշկական կենտրոն-ֆեդերացիա-հավաքական թիմ եռյակի համագործակցության անհրաժեշտությունը, կհստականա յուրաքանչյուրի պատասխանատվության աստիճանը: Մարզիչները պետք է հաշվի առնեն մասնագետ բժիշկների խոսքը: Դա նախ եւ առաջ իրենց ու ընդհանուր գործին է պետք:

Այսօր սպորտային բժշկությունը շատ է առաջ գնացել: Մենք բավականին ետ ենք մնում: Դրա համար էլ կարեւորեցի նաեւ մեր մասնագետների որակավորման բարձրացման խնդիրը: Անկեղծ լինենք. այսօր հանրապետությունում շատ թե քիչ որակյալ սպորտային բժիշկներին մատների վրա կարելի է հաշվել: Ինչեւէ, սառույցը, կարծես, տեղից շարժվում է: Մնում է, որպեսզի բոլոր ֆեդերացիաներն ըմբռնեն խնդրի կարեւորությունը, իսկ հանրապետության սպորտի ղեկավարները լինեն հետեւողական»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել