Հուլիսի 20-ին կմեկնարկեն բուհական ընդունելության քննությունները եւ կավարտվեն օգոստոսի 10-ին:
Երեկ հրավիրված ասուլիսին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը խոստացավ. «Անելու ենք այնպես, որ քննությունների ընթացքում ներքին շեմը հեշտ հաղթահարելի լինի, իսկ վերինը՝ ավելի բարդ: Այսինքն՝ ճիշտ քննություն ենք անցկացնելու, համաձայն որի, մասնակիցների մեծամասնությունը ստանում է միջին գնահատական: Միավորների համընդհանուր իջեցումը հնարավորություն կտա ավելի լայն հասարակական շերտերի ներառել ավելի բարձր մրցույթ ունեցող ֆակուլտետներում»: Երեկ ներկայացվեց նաեւ դիմորդների բաշխվածությունը՝ ըստ բուհերի: Համաձայն հաշվիչ կենտրոնում գրանցված տվյալների՝ այս տարի դիմորդների թիվը նվազել է ԵՊՀ-ում, ԵՊՃՀ-ում եւ աճել ԵՊՃՇՀ-ում, ԵՏՀ-ում, Մանկավարժական, Լեզվաբանական, Բժշկական համալսարաններում: Դիմորդների թվի անկում է նկատվում միջազգային հարաբերություններ, իրավագիտություն, իրավաբանություն, տնտեսագիտություն մասնագիտությունների գծով: Օրինակ՝ եթե անցյալ տարի իրավագիտության բաժին դիմել էր 430 հոգի, ապա այս տարի՝ 300-ը: «Սա մեզ համար դրական անկում է: Կարծում եմ, դրա պատճառ է նաեւ այս մասնագետների առումով աշխատաշուկայի հագեցվածությունը: Ավանդաբար այս ֆակուլտետներում բարձր միավորներ հավաքելու խնդիր կար: Իսկ քանի որ այս տարի նախորդի համեմատ նվազել են հայոց լեզվից 18-20 միավորները, պակասել է դիմորդների թիվը» (՞),- մեկնաբանեց ԿԳ նախարարը՝ նկատի ունենալով, որ նախորդ տարիներին դիմորդները հույսները դնում էին հայոց լեզվից առավելագույն միավորներ ստանալու վրա:
Հաշվիչ կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանն էլ ներկայացրեց Երեւանի բուհերում դիմորդների քանակը՝ ըստ Երեւանից եւ մարզերից ստացված հայտերի: Այս տարի բոլոր բուհերում նվազել է երեւանցի դիմորդների թիվը, աշխուժացել են մարզերը: Այս փաստն էլ կապեցին հայոց լեզվի քննության հետ: «Հայոց լեզվի կենտրոնացված քննության շնորհիվ մարզերի դիմորդները հասկացան, որ 14-16 միավորները անցողիկ են եւ հնարավորություն ունեն սովորելու»,- նկատեց Լ. Մկրտչյանը: Անդրադարձ կատարվեց նաեւ բուհերի վարձավճարների՝ 30-40 տոկոսով բարձրացման խնդրին: Լ. Մկրտչյանը հայտնեց. «Նախարարությունը խեղդվում է այն դիմումներից, ըստ որոնց՝ ծնողները խնդրում են ուսման վարձը զեղչել: Հարցը ոչ թե բուհերին խեղդելով ենք լուծելու, այլ վարկային ծրագրի կիրառմամբ, որի համաձայն՝ ուսանողը 10 տարվա ընթացքում կվճարի ուսման վարձը՝ սովորելուն զուգահեռ աշխատելով»: Նա տեղեկացրեց նաեւ, որ այս տարի զոհված ազատամարտիկների երեխաներին հնարավորություն կտրվի 8 միավորով բուհ ընդունվել, իսկ սեպտեմբերին հնարավոր է ԱԺ-ն ընդունի օրենք, ըստ որի՝ առանց տարկետման իրավունքի բուհ ընդունվածները կօգտվեն ռոտացիոն համակարգից՝ գերազանց սովորելու դեպքում վճարովիից կփոխադրվեն անվճար համակարգ: ԿԳ նախարարը նշեց նաեւ, որ ծնողները հնարավորություն կունենան իրենց երեխաներին տեսնել ու լսել տեսախցիկներով, նաեւ մուտք գործել քննասենյակներ: Բոլոր հետաքրքրող տեղեկություններն էլ կստանան ԿԳ նախարարության պաշտոնական կայքէջից՝ www.edu.am: