Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՈՔՐԻԿ ԿԱՆԱՉ ՄՈՆՍՏՐՆԵՐԸ»՝ ԱՐԱԲԿԻՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Հուլիս 19,2007 00:00

\"\"Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանը օրերս է վերադարձել Շոտլանդիայից, որտեղ նա հանդիպում էր ունեցել Ֆալկիրկ քաղաքում գործող «Կանաչ մեքենաներ» (“The Green machine”) ճանաչված ընկերության ղեկավարության՝ վաճառքի եւ տեխնիկական հարցերով տնօրեն Պետեր Մուննոչի, կառավարման տնօրեն Գորդոն Ֆլեմինգի եւ արտահանման հարցերով կառավարիչ Սելիա Նորտոնի հետ: \"\"

Այս ընկերությունն արտադրում է եվրոպական երկրներում մեծ ճանաչում ունեցող մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների հետիոտն ճանապարհների, մայթերի մաքրման համար: Դրանք փողոցների համար նախատեսված հատուկ փոշեկուլներ են: Այդ մեքենաները գործածող երկրների, քաղաքների, ընկերությունների ղեկավարները դրանք անվանում են «փոքրիկ կանաչ մոնստրներ»: Իսկապես, այդ մեքենաներն անհրաժեշտություն են քաղաքների մաքրությունն ապահովելու համար: «Փոքրիկ կանաչ մոնստրները» մեծապես գործածվում են Ֆրանսիայում, Անգլիայում, Ավստրիայում, Սինգապուրում… եվրոպական շատ երկրների զարգացած քաղաքներում: Ընկերությունը 500 եւ ավելի քանակով մեքենաների պատվերներ է ստացել Իրանից, Հնդկաստանից: Այդ մեքենաներից շատ քաղաքներ են ցանկանում ունենալ, սակայն ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ, քանզի դրանց գները (չհաշված տեղափոխման հետ կապված տրանսպորտային ծախսերը) տատանվում են 25-60.000 եվրոյի սահմաններում: Ինչ խոսք, մեքենաները ձեռք բերելու դեպքում ավելանում են նաեւ դրանց ճիշտ գործածության համար համապատասխան մասնագետների վերապատրաստման հարցերը (իսկ դրա պահանջը ընկերությունը, իրավացիորեն, նշում է որպես պարտադիր պայման): Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանը թվով չորս մեքենա է գնել համայնքի գլխավոր պողոտաների մաքրությունն ապահովելու համար: «Կանաչ մեքենաները» արդեն ճանապարհին են եւ օգոստոսի վերջին կհասնեն Հայաստան: Իսկ սեպտեմբերի սկզբին Հայաստան կժամանեն ընկերության ներկայացուցիչները՝ համապատասխան մասնագետների հետ, որպեսզի տեղում ներկայացնեն ընկերության մեքենաները, տեղացի մասնագետների հետ հանդիպեն եւ Արաբկիր համայնքի ղեկավարի հետ քննարկեն հետագա համագործակցության հետ կապված հարցերը:

\"\"Արաբկիր համայնքի ղեկավար Հովհաննես Շահինյանի ջանքերով շուտով «Մաքուր Արաբկիր» ընկերությունը կհամալրվի եւս չորս՝ 3 աղբահավաք եւ 1 փողոցները լվացող, ջրցան գերմանական «Ման» ֆիրմայի արտադրության մեքենաներով:

Ի դեպ, շուտով Երեւան կհասնեն նաեւ Ֆրանսիայի Պլեսսի-Ռոբինսոն քաղաքի՝ Արաբկիր համայնքին հատկացրած «Ռենո» մակնիշի ձմեռային երկու աղցան մեքենաները: Այսպիսով, Արաբկիր համայնքը կհամալրվի թվով 10 եվրոպական արտադրության մեքենաներով:

Հովհաննես Շահինյանն իր աշխատանքային այցի ընթացքում հանդիպում ունեցավ UMP (Միություն հանուն ժողովրդական շարժման կուսակցություն, որի ղեկավարն է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին) կուսակցության գլխավոր քարտուղար, Օ-դը-Սեն (Hauts-de-Seine) տարածաշրջանի Գլխավոր խորհրդի նախագահ, պատգամավոր Պ. Դեւեջյանի հետ: Վերջինս ֆրանսիական քաղաքականության մեջ բավական խոշոր եւ ազդեցիկ քաղաքական գործիչ է եւ Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզիի ամենամտերիմ մարդկանցից մեկը: Հանդիպումը նախաձեռնել էր Պլեսսի-Ռոբինսոնի փոխքաղաքապետ Ժակ Պերինը: Հիշեցնենք, որ Արաբկիր համայնքը եւ Պլեսսի-Ռոբինսոնը քույր քաղաքներ են եւ սերտ համագործակցում են: Պլեսսի-Ռոբինսոնը Օ-դը-Սեն շրջանի քաղաքներից է: Հանդիպման ընթացքում Պ. Դեւեջյանը եւ Հովհ. Շահինյանը քննարկեցին քույր քաղաքների համագործակցության, հետագա ծրագրերի, անելիքների հետ կապված հարցեր: Իր հերթին, Ժ. Պերինը ներկայացրեց այն բոլոր ծրագրերը, որոնք մինչ օրս իրականացրել են Երեւանի Արաբկիր համայնքի հետ՝ նշելով, որ Արաբկիր-Պլեսսի-Ռոբինսոն համագործակցությունը քույր քաղաքների եւ երկու երկրների համագործակցության լավագույն օրինակ է: Նա նաեւ պատմեց Ֆրանսիայում հայկական մշակույթի օրերի ընթացքում Պլեսսի-Ռոբինսոնում բացված «Հայաստան» հրապարակի մասին, որի բացման արարողությանը Արաբկիր համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ հանդես էին եկել Հայաստանի մի շարք հայտնի երգիչ-երգչուհիներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել