Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական խումբը մեկնեց Իրաք

Հուլիս 19,2007 00:00

\"\"Երեկ Մայրաքաղաքային գնդում տեղի ունեցավ հերթական հերթափոխում ընդգրկված 46 խաղաղապահ զինվորների ճանապարհման հանդիսավոր արարողությունը:

Հուլիսի 22-ին հայ խաղաղապահների 6-րդ հերթափոխը մեկնելու է Իրաք՝ փոխարինելու վերականգնման գործընթացներին մասնակցող, դեռեւս այս տարվա փետրվարի 2-ին Իրաք մեկնած հայ խաղաղապահների 5-րդ զորագնդին: Նշենք, որ Իրաքում եւ Կոսովոյում խաղաղապահ ստորաբաժանման առաքման թվաքանակի ավելացման հարցում ՊՆ-ում դեռեւս նոր տվյալներ չկան:

Հանդիսավոր արարողությունը գլխավորում էր ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Սեյրան Օհանյանը: Ներկա էին նաեւ զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, խաղաղապահների հարազատները եւ այլք: Ս. Օհանյանի ներկայացմամբ՝ մեր խաղաղապահները պատրաստ են իրենց առջեւ դրված առաջադրանքները բարեխղճորեն կատարել, ավելին՝ ըստ նրա, սույն ստորաբաժանումների գործողությունները վկայում են, որ հայ ժողովրդի գոյապայքարը դեռեւս շարունակվում է: Ս. Օհանյանը հանդիսության ժամանակ շեշտեց, որ հայ խաղաղապահ ստորաբաժանումների նկատմամբ բարձր կարծիք ունեն նաեւ միջազգային կառույցները. «Մեր զինծառայողներն ապացուցում են միջազգային հանրությանը, որ մենք կարող ենք ոչ միայն երկրի ներսում, այլեւ ցանկացած տեղ մասնակցել անվտանգության հարցերի իրականացմանը»: Ի դեպ, այն զինծառայողները, ովքեր մի քանի անգամ արդեն մեկնել էին Իրաք, պաշտպանության նախարարության կողմից թանկարժեք ժամացույցներ ստացան:

Երեկ էջմիածինցի Խաչատուր Խաչատրյանը, որ երկրորդ անգամ կմեկնի Իրաք, ասաց. «Մենք կատարում ենք սակրավոր ջոկատայինների տված առաջադրանքները եւ անչափ գոհ ենք մեր ծառայությունից: Իրաքցիների հետ որեւէ կապ չունենք, քանի որ խաղաղապահ ուժեր ենք: Մեր կատարած աշխատանքի համար ստանում ենք ամիսը 5 հարյուր հազար դրամ: Համոզված եղեք, որ գումա՛րը մեզ չի տանում այնտեղ»: «Առավոտի» հարցին, եթե նման աշխատավարձով զինծառայության հնարավորություն լիներ Հայաստանում, կգնայի՞ք Իրաք, Խ. Խաչատրյանն ասաց. «Մեր աշխատանքն ընդամենը ծառայողական է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել