Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՏՆՕՐԵՆՆ ՈՒ ՔԻՄԻԿՈՍ ՀԱՇՎԱՊԱՀԸ «ՅՈԼԱ» ՉԵՆ ԳՆՈՒՄ

Հուլիս 19,2007 00:00

Թիվ 13 գիշերօթիկ երաժշտական դպրոցում կրքերը բորբոքված են

Թիվ 13 գիշերօթիկ երաժշտական դպրոցի գլխավոր հաշվապահ, քիմիայի ուսուցչուհի Մանյա Կնյազյանի եւ տնօրենի պաշտոնակատար Սամվել Երանյանի «ջուրը մի առվով չի գնում»: Տիկին Կնյազյանը պնդում է, որ Ս. Երանյանը իրեն խանգարում է աշխատել եւ հոգեբանական ճնշում է գործադրում իր վրա: «Նախկին տնօրեն, ՕԵԿ անդամ Ռուբեն Սահակյանը որպես մանկավարժական կոլեկտիվի ղեկավար իրեն այնքան թույլ պահեց, որ իր բերած մարդիկ էլ իրեն աշխատանքից հանեցին: Նրա օրոք դպրոցը լցվեց ոչ մասնագետներով, պոլիտեխնիկցիներով, որոնցից մեկն էլ մեր ուսմասվար Վարդերեսյան Նարինեն է: Վերջինս այժմ սատարում է դպրոցի ներկայիս տնօրենի պաշտոնակատար դաշնակցական Սամվել Երանյանին, որը մանկավարժական կրթություն չունի, ռեժիսոր է եւ ազատամարտիկ: Զարմանում եմ՝ ԿԳ նախարարը նման մարդուն ո՞նց է ուղարկել մանկավարժական կոլեկտիվում աշխատելու, ինչ է թե՝ կռված տղա է»,- «Առավոտի» հետ զրույցում բողոքեց Մ. Կնյազյանը՝ հավելելով, թե տնօրենի գալուց հետո կոլեկտիվում խաթարվել է բարոյահոգեբանական մթնոլորտը: Մեր հետաքրքրությանը, այդ դեպքում ինչո՞ւ է միայն ինքը դժգոհում, իսկ կոլեկտիվը լռում է, դպրոցի գլխավոր հաշվապահը հայտնեց. «Կոլեկտիվը սարսափելի վախեցած է դեռ նախկին տնօրենի ժամանակվանից: Նախկին տնօրենն էլ գալով մեր դպրոց, շատերին աշխատանքից ազատեց: Այդ փորձն աչքի առաջ ունենալով, հիմա մարդիկ չեն համարձակվում խոսել»: «Առավոտի» հաջորդ հարցին, թե ինչի՞ց է սկսվել իր եւ տնօրենի պաշտոնակատարի միջեւ եղած կոնֆլիկտը, Մ. Կնյազյանը պատասխանեց. «Նրանից, որ համարձակվել եմ հետաքրքրվել՝ կարո՞ղ եմ հայտ ներկայացնել տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին: Նախարարությունում առայսօր դիտավորյալ ձգձգում են մրցույթի անցկացումը: Օրենքով տնօրենի պաշտոնակատարի ժամկետը 99 օր է, իսկ Սամվել Երանյանն արդեն 5 ամիս է՝ պաշտոնակատար է, թեեւ նրա պաշտոնավարման 99-րդ օրը հունիսի 7-ին է լրացել: Նա դաշնակցական է, դրա համար էլ ԿԳ նախարարություն ուղարկած իմ բողոքներն անարձագանք են մնում: Վերջերս էլ զեկուցագիր եմ գրել նախարարին, որ այդ մարդը խախտումներ է թույլ տվել, բայց ի՞նչ օգուտ: Շատ փաստեր ունեմ, պատրաստ եմ դատարանում հրապարակել»: Մ. Կնյազյանը նաեւ տեղեկացրեց, որ թիվ 13 դպրոցի տնօրենի պաշտոնակատարն իրենից վերցրել է համակարգիչը, որի մեջ հաշվապահական համակարգեր են ներդրված, զանազան պայմանագրերի պարտադիր օրինակները, հաշվապահական տարիֆիկացիաները, այն բոլոր փաստաթղթերը, որոնցով գլխավոր հաշվապահն աշխատում է: «Ասում է՝ ես եմ տնօրենը, դրանք ինձ մոտ պետք է լինեն: Նա չարաշահում է իր պաշտոնը, ասածներս հեգնանքով ու քմծիծաղով է ընդունում: Ասում է, որ հենց ընտրվեմ՝ շատերի հետ չեմ աշխատելու էս դպրոցում»,- նեղսրտեց հաշվապահը:

Ս. Երանյանն էլ հեռախոսով «Առավոտին» ասաց, որ իր մասին Մ. Կնյազյանի կողմից արված բոլոր հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում: Ինչ վերաբերում է կոմպյուտերը վերցնելուն, Երանյանի փոխանցմամբ. «Այո, ձեռքից վերցրել եմ, որովհետեւ կոմպյուտերը տարել-դրել էր իր մոտ ու խաղում էր: 100 տարի ինքը եղել է հաշվապահ, ինչ ուզել՝ արել է, հիմա չի կարողանում սրտի ուզածն անել, դրա համար էլ ընկել է թերթերի դռները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել