Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արմավիայից» քաշվածները

Հուլիս 19,2007 00:00

Ընկերությունն իր ուղեւորների գլխին ինչ օյին ասես, որ չի խաղում

Արձագանքելով «Առավոտ» օրաթերթի հուլիսի 4-ի «LUFTHANZA»-ն ուզում է դո՞ւրս մղել «Արմավիային» հրապարակմանը՝ «Արմավիայից» տուժած ուղեւորներից մեկը՝ Մերի Զաքարյանը, «Առավոտին» ներկայացրեց իր կրած տառապանքները՝ «Արմավիայի» չվերթից օգտվելու ժամանակ: Հիշեցնենք, որ «Առավոտի» հրապարակումն այն մասին էր, թե ինչպես են Հայաստանի կամերային նվագախմբի երգիչներն ու Ստրասբուրգից վերադարձող հայ լրագրողները ստիպված եղել ժամերով սպասել Ֆրանկֆուրտի օդանավակայանում, մինչեւ «Արմավիայի» ներկայացուցիչը կլուծեր չվերթի հետ կապված կազմակերպչական հարցերը:

Ստորեւ ներկայացնում ենք Մ. Զաքարյանի գլխին եկածը. «Ֆրանկֆուրտից Երեւան թռչող «Արմավիա» ընկերության ինքնաթիռով պետք է վերադառնայինք Երեւան: Չվերթը պետք է լիներ ժամը 23.30-ին՝ կեսգիշերին մոտ: Ռեգենսբուրգ քաղաքից գնացքով հասել էինք Ֆրանկֆուրտ՝ կտրելով հարյուրավոր կիլոմետրեր եւ հույս ունեինք, որ մի քանի ժամից տանը կլինենք: Թռիչքից մեկուկես ժամ առաջ, ինչպես կարգն է, օդանավակայանի գերմանացի աշխատակիցը կշռեց մեր իրերը, գրանցեց տոմսերը, ապա շշնջաց ականջիս. «Ձեզ զգուշացրե՞լ են, որ թռիչքը հետաձգվում է մինչեւ առավոտյան ժամը 9-ը»: Մեր գլխին ասես սառը ջուր լցրին. վերջին մի քանի եվրոյով օդանավակայանում բուտերբրոդ անգամ չէինք կարող գնել, քանզի ամեն ինչ արդեն փակ էր: Երբ մոտեցանք «Արմավիայի» ներկայացուցչին՝ մեր դժգոհությունները հայտնելու, թե ինչո՞ւ նրանք նախօրոք մեզ չեն տեղեկացրել, որ թռիչքը հետաձգվում է, ներկայացուցիչը փոխանակ ներողություն խնդրելու, նետեց՝ «Ինչ ա, ամեն մեկիդ առանձին պետք ա ասե՞մ»: Իսկ այն հարցին, թե ի՞նչ պատճառով է հետաձգվել թռիչքը, նա անվարան պատասխանեց. «Գերմանացիներին չգիտե՞ք, ուղիղ ժամը 24-ին օդանավակայանը փակում են, ոչ թռիչք են թույլատրում, ոչ էլ վայրէջք: Մեր օդանավը անսարքության պատճառով նշված ժամին «Զվարթնոցից» չի թռել, իսկ երբ սարքել են, հասկացել են, որ մինչեւ գիշերվա 12-ը չի հասնի ստեղ, ուստի առավոտ են իջնելու»: Նկատենք, որ Գերմանիայում իսկապես գիշերվա ժամը 12-ից հետո թռիչք չի իրականացվում՝ բնակիչների հանգիստը չխանգարելու համար: Դա նորություն չէր եւ «Արմավիան» պետք է նախապես մտածեր օդանավակայանում առաջանալիք խնդիրների մասին: Մինչդեռ ընկերության ներկայացուցիչը մինչեւ գիշերվա 1-ը մեզ հորդորեց սպասել, թեեւ հաստատ գիտեր, որ, միեւնույն է, չենք թռչելու: Ժամը 1-ից հետո միայն սկսեցինք մեքենաներով այս հյուրանոցից այն հյուրանոցը դեգերել, մինչեւ «Արմավիայի» ներկայացուցիչը, 2 ժամ սակարկելով տարբեր աստղանի հյուրանոցների տերերի հետ, մեզ վերջապես կարողացավ տեղավորել դրանցից մեկում: Չէինք հասցրել տեղավորվել ու շունչ քաշել՝ նա նորից հայտնվեց հյուրանոցում. հավաքեց բոլորիս եւ շտապ տարավ օդանավակայան:

Նկատենք, որ երբ չվերթի հետ կապված որեւէ խնդիր է առաջանում եւ 6 ժամից ավելի թռիչքը հետաձգվում է, միջազգային կարգի համաձայն, փոխադրող ընկերությունը, եթե, իհարկե, իր մեղքով է թռիչքը հետաձգվում, ուղեւորներին իր հաշվին պարտավոր է ոչ միայն տեղավորել հյուրանոցում, նաեւ ճաշելու եւ միջազգային զանգերի համար տվյալ երկրի ազգային դրամով վճարել փոխհատուցում: Մինչդեռ «Արմավիայի» դեպքում բոլորովին այլ էր, մենք սպասել էինք չվերթին 8 ժամից ավելի, ուղեւորների մեջ կային փոքր երեխաներ, բոլորը քաղցից ու ծարավից խուճապի մեջ էին: Այս ամենի հետ մեկտեղ ընկերության ներկայացուցիչը մի բան էլ գոռում էր, նրա փոխարեն հայ ուղեւորների նկատմամբ Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատակիցներն էին խիստ բարեհաճ վերաբերմունք դրսեւորում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել