Լրահոս
Օրվա լրահոսը

1 ՔՄ՝ 400 ԴՐԱՄ

Հուլիս 19,2007 00:00

\"\"Այդպիսի գնով են, ըստ որոշ տեղեկությունների, վաճառվում Ծաղկաձորի մոտակայքում գտնվող անտառները

Դեպի Ծաղկաձոր տանող ճանապարհի ձախ մասում՝ հյուսիսային սարալանջին, հսկայական տարածությամբ անտառ կա, որը շուտով կարող է վերանալ: Մեկ-երկու տարի անց այդ տարածքում անտառի փոխարեն, ըստ երեւույթին, վեր կխոյանան նախարարների, գեներալների, դատավորների ու օլիգարխների դղյակներն ու զվարճանքի օբյեկտները։

Բոլորովին վերջերս կառավարության N 422-Ն որոշմամբ, Ծաղկաձորի այդ հատվածի անտառային ֆոնդի հողերի կատեգորիան փոխվեց «անտառայինից՝ հատուկ պահպանվող տարածքների հողերի»՝ հանգստի կազմակերպման նպատակով: Խոսքը մոտ 60 հեկտար անտառների մասին է: Ծաղկաձորի մյուս անտառները մաս-մաս անելուց հետո մեծահարուստներն ու մեր բարձրաստիճան պաշտոնյաները նման գործընթաց սկսել են նաեւ այս տարածքներում։ «Առավոտի» տեղեկություններով, մոտ մեկուկես ամիս առաջ անտառածածկ այդ տարածքում սեփականության իրավունքով հեկտարներով հողակտորներ են ձեռք բերել ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Ընդ որում, նրանք այդ տարածքներին տիրացել են բավականին մատչելի պետական գներով: Մեր աղբյուրների հավաստմամբ, Ծաղկաձորի այդ հատվածում 1 քմ հողակտորի կադաստրային արժեքը մոտ 1300 դրամ է: Հաշվի առնելով այն, որ հողատարածքներով հետաքրքրված են ազդեցիկ մարդիկ, Հրազդանի քաղաքապետարանը, որի հաշվեկշռում են այդ անտառածածկ տարածքները, կազմակերպած աճուրդում գնորդներին զգալի զեղչեր է արել՝ 1 քմ-ն նրանց վաճառելով մոտ 400 դրամով, որը սահմանված կադաստրային արժեքի ընդամենը 30%-ն է: Մինչդեռ, ինչպես անշարժ գույքի գնահատման գործակալներն են վկայում, Ծաղկաձորի այդ հատվածում 1 քմ հողի շուկայական արժեքը մոտ 24 հազար դրամ է:

Մեր տեղեկություններով, այդ հողատարածքների սեփականատերերից շատերն այսօր իրենց հողակտորները գրեթե տասն անգամ ավելի գնով վերավաճառում են՝ ստանալով մեծ շահույթներ:

Օրերս «Առավոտը» եղավ Ծաղկաձորի նշյալ վայրում: Աճուրդի հանված անտառները Հրազդանի Ջրառատ գյուղից ձգվում են մինչեւ Ծաղկաձորի գերեզմանատուն: Տեղացիների խոսքերով, այդ անտառներով շատ գնորդներ են հետաքրքրված: Մեզ հետ զրույցում նրանք պատմում էին, որ ամեն օր «գոլդ համարանիշներով» շքեղ մեքենաներով մարդիկ են գալիս տարածքը նայելու: Մեր այցելության պահին անտառում դեռեւս որեւէ կառուցապատում չկար, քանի որ հողերը դեռ իրենց վերջնական սեփականատերը չունեն, որն էլ կորոշի, թե իր բաժին անտառի փոխարեն ինչ է կառուցելու: Ծաղկաձորի այս հատվածում բնությունը բավականին փարթամ է եւ էներգետիկ ճգնաժամի հետեւանքով տեղի ունեցած ծառահատումներից հետո դեռ նոր-նոր ուշքի է գալիս:

Փորձեցինք Կոտայքի մարզի տեղական իշխանավորներից պարզել, թե արդյոք թույլատրելի՞ են անտառում կառուցապատումները՝ հաշվի առնելով, որ այն մեկ ամբողջական օրգանիզմ է, կամ արդյոք անտառի սեփականատերերը որոշակի պարտավորություններ ունենալո՞ւ են, կամ թե՝ հողակտորները ձեւակերպվա՞ծ են այն անձանց անուններով, ովքեր դրանց իրական տերերն են:

Հրազդանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ, Հրազդանի ճարտարապետ Մյասնիկ Կոստանյանի հավաստիացմամբ, չնայած տարածքները սեփականաշնորհվել են հանգստի կազմակերպման նպատակով, սակայն այդ տարածքները համարվում են հատուկ պահպանվող գոտի, եւ այնտեղ որեւէ կառուցապատում չի արվելու, եւ որեւէ ծառ չի հատվելու. «Եթե կառուցապատման խնդիր լիներ, մինչեւ աճուրդը քաղաքապետարանը հայտատուներին պետք է ներկայացներ ճարտարապետահատակագծային առաջադրանք, նախագիծ, շինարարության թույլտվություն, բայց մենք ընդամենը ներկայացրել ենք որպես հանգստի կազմակերպման նպատակով հողատարածքներ»:

Սակայն նկատենք, որ սաղարթախիտ անտառը իր դարավոր հաստաբուն ծառերով թերեւս միայն անտառային կենդանիների համար կարող է հարմարավետ հանգստավայր լինել: Պարզ է, որ առանց կոմունիկացիաներ անցկացնելու, շինություններ ու ճանապարհներ կառուցելու հնարավոր չէ անտառը հանգստավայր դարձնել: Ինչ վերաբերում է հողատարածքների իրական սեփականատերերին, Մ. Կոստանյանը հերքեց, որ այդ հողերին տիրացել են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները:

Հրազդանի քաղաքապետից մենք խնդրել էինք աճուրդի մասին տեղեկատվություն տրամադրել: Մասնավորապես, թե աճուրդում այդ հողակտորների 1 քմ-ն որքա՞ն դրամով է վաճառվել: Սակայն քաղաքապետը մեր այդ հարցին հստակ չպատասխանեց՝ նշելով, որ 1 քմ-ն վաճառվել է կադաստրային արժեքի 50%-ի չափով: Նա նաեւ հայտնեց, որ «Հրազդանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդին մասնակցած 22 անձից հաղթել են 11-ը, բոլորն էլ՝ ՀՀ քաղաքացիներ»:

Կադաստրի պետական կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանումից էլ հայտնեցին, որ 11 անձ է հողատարածք ձեռք բերել, որոնցից առայժմ 8 սեփականատեր է գործարքը գրանցել: Ըստ Կադաստրի, գրանցված հողատերերն են՝ Սամվել Գրիգորյանը, Անահիտ Առաքելյանը, Աշոտ Խաչատրյանը, Արսեն Արզումանյանը, Շուշանիկ Գաբրիելյանը, Իշխան Վարդանյանը, Ռոման Գալուստյանը, Զարիկ Գեւորգյանը:

Արդյոք նրանք ձեւակա՞ն, թե՞ իրական տերերն են՝ առայժմ դժվար է ասել:

Հ. Գ. «Առավոտի» հետ զրույցում որոշ բնապահպաններ հավաստիացրին, որ եթե հայերը շարունակեն այսպես սխալ օգտագործել մեր անտառները, շուտով կզրկվենք դրանցից: Միջազգային կառույցների հաշվարկներով, այդ «շուտովը» կգա ընդամենը 20 տարուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել