Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԱՂԱՔԱՑԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ»՝ ԴԱՏԱԽԱԶԻ ՄՈՏ

Հուլիս 19,2007 00:00

«Panorama.am»-ի փոխանցմամբ, երեկ, ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ գլխավոր դատախազություն եւ անձամբ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ է հրավիրվել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Աղբյուրի տեղեկություններով, Ա. Հովսեփյանին հանձնարարված է եղել Գյումրիի քաղաքապետին առաջարկել 24 ժամվա ընթացքում իրավապահներին հանձնել որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, որը հետախուզման մեջ է գտնվում եւ մեղադրվում է մայիսի 20-ին Գյումրիում տեղի ունեցած փոխհրաձգությունը կազմակերպելու մեջ: ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը հաստատել է քաղաքապետի՝ գլխավոր դատախազի մոտ լինելու փաստը, բայցեւ ասել է, թե քաղաքապետն իր նախաձեռնությամբ է եկել Ա. Հովսեփյանի մոտ, եւ ոչ թե որպես քաղաքապետ, այլ՝ շարքային քաղաքացի, ուստի՝ նրանց քննարկած հարցերը հրապարակման առարկա չեն:

«Ես երդվել եմ էլ ոչ մի լրագրողի հետ չշփվել, չխոսել: Նրանք խեղաթյուրում են իմ խոսքերը: Ինչքան լրագրողներից հեռու, էնքան Աստծուն մոտ»,- այսպես է պատասխանել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Panorama.am»-ի թղթակցի այն հարցին, թե երեկ նա իսկապե՞ս հանդիպել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ: Երբ թղթակիցը պնդել է, որ նրա մեքենան եւ կանաչ փողկապներով թիկնապահներին տեսել են գլխավոր դատախազության շենքի մոտ, եւ որ դատախազի մամուլի քարտուղարը հաստատել է այդ փաստը՝ Վ. Ղուկասյանը հայտարարել է. «Սուտ է, դուք ինձ զրպարտում եք, այդպիսի բան չի եղել»:

Ավելի ուշ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակը «Արմինֆո»-ին փոխանցել է, որ հանդիպումը կայացել է Վ. Ղուկասյանի խնդրանքով, եւ եղել է ոչ թե մասնավոր բնույթի անձնական հանդիպում, այլ կազմակերպված է եղել օրենքով սահմանված կարգով: Մամուլի քարտուղարի ասելով, հանդիպման ընթացքում շոշափվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ խոսք է գնացել երկու քրեական գործերի քննության մասին, որոնք առնչվում են Վ. Ղուկասյանի դեմ մահափորձին եւ նրա որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ հանցագործության պարզաբանումներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել