Ի պատասխան Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի պարտավորություններից հրաժարվելու Ռուսաստանի մտադրության, ՆԱՏՕ-ն հանդես է եկել պատասխան հայտարարությամբ: Ստորեւ ներկայացնում ենք այդ հայտարարությունը, որը մեզ է տրամադրել Երեւանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը:
«ՆԱՏՕ-ն կարեւորագույն տեղ է հատկացնում Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի (CFE) ռեժիմին: Դաշինքի անդամներն ակտիվորեն մասնակցեցին ՌԴ-ի կողմից հրավիրված CFE-ի Արտակարգ կոնֆերանսին, որն անցկացվեց 2007թ. հունիսի 12-15-ը՝ Վիեննայում: Դաշնակիցները լսեցին Ռուսաստանի մտահոգությունները եւ արձագանքեցին՝ վերջնական փաստաթղթի վերաբերյալ առաջարկելով որոշ դրույթներ, որոնք ենթադրում են դրական առաջընթաց: 2007թ. հուլիսի 14-ին Ռուսաստանի կողմից արված հայտարարությունը 2007թ. դեկտեմբերի 12-ից այս պայմանագրի աշխատանքներին իր մասնակցության դադարեցման մասին, ներառյալ ֆլանգային ռեժիմը եւ համապատասխան փաստաթղթերը, խորապես հիասթափեցնող է: Դաշնակիցները խիստ մտահոգված են այս միակողմանի որոշմամբ: Մենք ցավում ենք, որ չնայած մեր կողմից ձեռնարկված նշանակալի ջանքերին, Վիեննայում չհաջողվեց համաձայնության հասնել վերջնական փաստաթղթի շուրջ, չնայած նրան, որ մեր առաջարկություններին աջակցեցին 30 երկրներից 25-ը: Մենք հույս ունենք, որ բոլոր մասնակից երկրների միջեւ երկխոսությունը շուտով կվերսկսվի:
Մենք հավատարիմ ենք մնում CFE պայմանագրին եւ ցանկանում ենք՝ որքան հնարավոր է շուտ ուժի մեջ մտնի Ադապտացիայի մասին համաձայնագիրը, որը կհամապատասխանի ՆԱՏՕ-ի 2006թ. Ռիգայի գագաթաժողովի հռչակագրի 42-րդ պարբերությունում պարունակվող՝ Դաշինքի սկզբունքային դիրքորոշմանը: Կրկին փաստում ենք 1999թ. Ստամբուլում համաձայնեցված CFE պայմանագրի եւ դրա հավելվածների վերաբերյալ մասնակից երկրների կոնֆերանսի կողմից ընդունված վերջնական ակտում արտահայտված բոլոր պարտավորությունների կարեւորությունը: Մենք ընդգծում ենք, որ ռազմական ուժերի մասին տեղեկատվության փոխանակումը եւ տեղում ստուգումներ իրականացնելը արտացոլում են Պայմանագրի առանցքը՝ մասնակից երկրների զինված ուժերի թափանցիկության ապահովման առումով: Մենք ակնկալում ենք, որ CFE բոլոր մասնակից երկրները կշարունակեն կատարել իրենց պարտավորությունները: ՆԱՏՕ-ն նույնպես կշարունակի կատարել դրանք:
Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնությունը կմիանա մեզ կառուցողական եւ արդյունավետ երկխոսության ոգով՝ CFE-ի իրականացումը եւ կենսունակությունն ապահովելու նպատակով: Այս առումով մենք եւս մեկ անգամ արտահայտում ենք մեր տեսակետն առ այն, որ այս երկխոսությունը պետք է բոլոր մասնակից երկրների մտահոգությունների կառուցվածքային քննարկումների հնարավորություն ներառի, այդ թվում` արտակարգ կոնֆերանսի ձեւով»: