Այսօր ԼՂՀ-ն կընտրի իր երկրորդ նախագահին
ԼՂՀ նախագահական ընտրություններում առաջադրված 5 թեկնածուներից 3-ի ցանկացած հրապարակային ելույթ առիթ էր դառնում թեւավոր արտահայտությունների եւ իրար փոխանցվող զավեշտների: Այդ 3-ից մեկը՝ Արմեն Աբգարյանը (Ամուլյա), որը գրեթե չօգտագործեց իրեն հատկացված անվճար եթերաժամանակը, միայն 1-2 անգամ ցուցադրեց հոլովակներ, էլի առիթ տվեց նման զավեշտների: Ասենք, Ստեփանակերտում տարածվել է, որ երբ նրան հանդիպման ժամանակ հարցրել են, թե ո՞ւր է քո ծրագիրը, պատասխանել է, թե իր ծրագիրը կներկայացնի, երբ կընտրվի ԼՂՀ նախագահ:
Երկրորդ թեկնածուն՝ ԼՂՀ կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանը, որ ԼՂՀ կառավարության աշխատակազմի վերահսկողության ծառայության ղեկավարն է, հայտարարել էր. «Ես կառավարությունում ընդամենը համբալ եմ աշխատում»: Մի անգամ էլ բողոքել էր. «Մեծամասնությունը կարծում է, թե եթե կոմունիստները եկան իշխանության, նախկին կորցրածը կարող են վերականգնել: Տարօրինակ հարցեր են տալիս, կարծում են, թե ես ֆոկուսնիկ եմ»:
Իսկ 73-ամյա տեխնիկական գիտությունների դոկտոր Վանյա Ավանեսյանի համար որպես շտաբ ծառայում է սեփական ավտոտնակը: Այս թեկնածուն պատրաստվում է վերացնել թոշակների անհավասարությունը, բայց երբ լրագրողներից մեկը նրան հարցրել էր, թե որքա՞ն է Արցախի բյուջեն՝ Վանյա Ավանեսյանը պատասխանել էր. «Է՛, դե ուրիշ հարց տուր, էլի: Ֆինանսի՞ստ եմ, ի՞նչ եմ, կդառնամ պրեզիդենտ, այն ժամանակ կիմանանք, էլի»:
Այս 3 թեկնածուները չեն բողոքում քարոզարշավի ընթացքից, պնդելով, թե այն անցել է արդար, խանգարողներ, վարչական ռեսուրս կիրառողներ չեն եղել: Ավելին, նրանք անգամ արտահայտվել են հօգուտ իրենց հիմնական մրցակցի՝ Բակո Սահակյանի: Վանյա Ավանեսյանը հայտարարել էր, թե բացի իրենից՝ ԼՂՀ նախագահի պաշտոնում կցանկանար տեսնել հենց Սահակյանին: Իսկ Արմեն Աբգարյանը քարոզարշավի վերջին օրը ԼՂՀ հանրային հեռուստատեսությամբ իր ելույթում նշեց, թե Բակո Սահակյանի հետ մարտական ընկերներ են՝ ինքը թիկունքի գծով ղեկավարն էր, Բակոն՝ իր տեղակալը:
Այնպես որ, հիմնական պայքարն իրոք ծավալվում է Մասիս Մայիլյանի եւ Բակո Սահակյանի միջեւ: Եվ ԼՂՀ-ում բացառապես հենց այդ երկու թեկնածուների քարոզչական պաստառներն էլ փակցված են, սակայն ավելի շատ՝ Բակո Սահակյանի: Ասենք, երբ անցնում էինք Բերձորով, նկատեցինք, որ միայն այդ թեկնածուի պաստառները կան: Այն թեկնածուն, որի պաստառները չկային՝ Մասիս Մայիլյանն «Առավոտին» ասաց. «Տեղեր կան, որ գյուղապետերն իրենք են պոկում նկարներս, կամ մարդ են ուղարկում՝ պոկում են: Բայց դա հակառակ ազդեցությունն է թողնում: Ասենք, Ճարտար գյուղում ժողովուրդն իմացել էր, թե իրենց ոչ պոպուլյար գյուղապետն ասել է, որ իմ նկարները պոկեն, ու… ավելացել էր իմ կողմնակիցների թիվը»:
Քարոզչական խտրականությունը հասել էր այն աստիճանի, որ Մասիս Մայիլյանի թիմակիցների պնդմամբ, երբ Բակո Սահակյանի ներկայացուցիչներն էին խոսում հեռուստատեսությամբ, «կենդանի, շարժուն պատկերներով բավականին ազդեցիկ ու շքեղ» ֆոն է եղել, իսկ երբ նույն ստուդիայում ելույթ են ունեցել Մայիլյանի կողմնակիցները՝ «դրվել է «բեդռանգ», սովորական կապույտ ֆոն»:
Թերեւս ԼՂՀ-ում չի գործում այն օրենքը, ըստ որի՝ ընտրություններից մեկ շաբաթ առաջ չի կարելի հրապարակել սոցիոլոգիական հարցումներ, քանի որ քվեարկությունից ընդամենը օրեր առաջ հրապարակվեցին Կարեն Օհանջանյանի ղեկավարած «Հելսինկյան նախաձեռնություն- 92» կոմիտեի անցկացրած հարցման տվյալները: Ըստ դրանց՝ 500 հարցվածներից 384-ը պատրաստվում է իր ձայնը տալ Բակո Սահակյանին, 53-ը՝ Արմեն Աբգարյանին, եւ միայն 3-րդ տեղում է Մասիս Մայիլյանը, որին պատրաստվում է ձայն տալ 46 հոգի՝ 9,2%-ը: Հավելենք, որ, ըստ այս հարցման, Հրանտ Մելքումյանին ձայն է տալու 17 հոգի, իսկ Վանյա Ավանեսյանի օգտին չի պատրաստվում քվեարկել եւ ոչ ոք: «Դե, գիտենք, ով է սա կազմակերպել: Այդ կազմակերպությունը ժամանակին հայտարարել է՝ ում է պաշտպանելու: Եվ ինչպես Ահարոն Ադիբեկյանի, այնպես էլ Օհանջանյանի հարցումները շինծու են, սարքովի»,- ասաց Մասիս Մայիլյանը:
Նա բավարարված չէ իր շտաբի բողոքներին ԼՂՀ ԿԸՀ պատասխանից: Ընդունում է, որ նշված փաստերի մի մասը չէին կարող ստուգել, «բայց ինչն էլ փորձել էին ստուգել՝ այսպես էին արել. ում մասին բողոքել էինք, զանգել էին իրեն ու հարցրել՝ դուք այդպիսի բան արե՞լ եք: Ասենք, մեր հեռախոսներն ԱԱԾ-ի գաղտնալսելու կապակցությամբ դիմել էին այդ նույն կառույցին եւ հարցրել՝ դուք գաղտնալսե՞լ եք: Բայց պա՞րզ չէ, որ այդ գաղտնալսումները կատարվել էին ապօրինի, եւ կատարողները չէին խոստովանելու դա»:
Մեր նկատառմանը, թե իր նկատմամբ կիրառվող միջոցները հաշվի առնելով, զարմանալի են թվում մեկնաբանությունները, որ ինքն այս ընտրություններում առաջադրվեց ընդամենն այլընտրանք ապահովելու համար՝ որպես ընդամենը «դուբլյոր»՝ Մասիս Մայիլյանն ասաց. «Այդ լուրերը տարածվում էին իմ հակառակորդների կողմից՝ մի պարզ պատճառով. փորձում էին մարդկանց խաբել՝ ցույց տալու համար, թե այս ամենը խաղ է ու չարժե լուրջ վերաբերվել իմ թեկնածությանը: Բայց դա չաշխատեց: Ժողովուրդն ընտրարշավի ընթացքում տեսավ, որ ամեն ինչ լուրջ է, եւ այստեղ չկա ոչ մի խաղ: Լուրջ պայքար կա կառավարությունում առկա այն փոքրամասնության միջեւ, որն իրենց հարցերը լուծել եւ ուզում է վերարտադրվել, ու բարեփոխիչների թիմի միջեւ, որոնք ուզում են մի բան փոխել մեր երկրում»: Նաեւ հույս հայտնեց, որ գոնե քվեարկությունը կընթանա ազատ ու արդար. «Սա պիտի արվի Արցախի իմիջի համար, քանի որ եթե ընտրություններն անօրինական լինեն՝ մեծ հարված կլինի մեր երկրի ժողովրդավարական իմիջին, եւ ընդհանրապես՝ կարող ենք կորցնել այն դրականը, որ ձեռք ենք բերել, ու զարգացման հնարավորությունները»:
Հ. Գ. Երեկ պիտի հանդիպեինք նաեւ Բակո Սահակյանի հետ: Սակայն ինչպես եւ Մասիս Մայիլյանը՝ նա մինչեւ ուշ երեկո հանդիպումներ էր ունենում ԼՂՀ ժամանած ամերիկյան եւ օտարերկրյա այլ դիտորդների հետ: Իսկ հետո այցելեց նախընտրական շտաբներ: