Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵՆԳԱՎԻԹՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ

Հուլիս 19,2007 00:00

\"\"Հաղթելու է Սարգիս Հովհաննիսյանը

Հուլիսի 22-ին Երեւանի Շենգավիթ համայնքում տեղի կունենա համայնքապետի ընտրություն: Շենգավիթցիներն այս կապակցությամբ առանձնապես ոգեւորված չեն: Սակայն կան նաեւ ակտիվիստներ, ովքեր հիմնականում թեկնածուների շտաբներին մոտ կանգնածներն են: Շտաբականները ընտրողների հետ բավականին ակտիվ աշխատանք են ծավալում, եւ թեկնածուներից յուրաքանչյուրի թիմին թվում է, թե իրենք ամենից լավն են, եւ ընտրողները ընտրելու են հատկապես իրենց թեկնածուին: Ապագա թաղապետ՝ Շենգավիթ համայնքի ավագանի Սարգիս Հովհաննիսյանի եւ նախկին թեկնածու՝ Էջմիածնի փոխքաղաքապետ Մուշեղ Մովսեսյանի թիմերում մի հետաքրքիր նորույթ կար՝ երկուսն է փորձել էին իրենց շուրջը համախմբել ոչ թե կրիմինալ, թաղի տղերքին, այլ՝ ավելի գիտակից մարդկանց. ե՛ւ կրթական ցենզով, ե՛ւ ընդհանուր պատրաստվածության մակարդակով այս մարդիկ տարբերվում են: Մուշեղ Մովսեսյանի շտաբի պետն էր նրա որդին՝ Գրիշա Մովսեսյանը, որը սովորում է Մոսկվայում եւ հիմա եկել է հորն օգնելու: Իսկ Սարգիս Հովհաննիսյանի շտաբի պետը ՀՀ ավագանիների ասոցիացիայի նախագահ Արայիկ Հովհաննիսյանն է, որը հարկ համարեց իր անունից ասել, որ ի դեմս իրենց թեկնածուի՝ տեսնում են մարդու, ով կարող է հաջողությամբ իրականացնել համայնքին հուզող խնդիրների լուծումը:

Մենք թեկնածուների նախընտրական շտաբներ այցելեցինք այն ժամանակ, երբ պրն Մովսեսյանը դեռ չէր հանել իր թեկնածությունը, եւ զարմանալիորեն երկու թեկնածուներն էլ անհետ կորած չէին, այլ նախաձեռնող խմբերի հետ իրենց շտաբներում էին: Համայնքում իրավիճակը հանգիստ էր, ցուցապաստառները լուսանկարելու փորձերին ոչ ոք չէր խոչընդոտում: Սակայն մեզ պատահած շենգավիթցիները հակված չէին խոսել թեկնածուների մասին, հիմնականում ձայնագրիչը տեսնելով հեռանում էին՝ ոչինչ չասելով: Գտնվեցին մի քանի համարձակներ, ովքեր հասկանալով, որ ոչ թե հեռուստացույցի, այլ թերթի համար են խոսելու, իրենց կարծիքը չթաքցրին: Նախկին բանվոր Մաքսիմը ձեռքն ուղղելով դեպի Սարգիս Հովհաննիսյանի նկարը (ի դեպ, այս թեկնածուի նկարներն ամեն քայլափոխի էին հանդիպում), ասաց. «Վստահ եմ, էս մարդն է անցնելու, որովհետեւ ինքը ուժեղ է»: Չմանրամասնեց, թե ինչու է ուժեղ տվյալ թեկնածուն: Ի դեպ, Սարգիս Հովհաննիսյանը նախկին թաղապետ, այժմ ԱԺ պատգամավոր Մարտին Սարգսյանի ֆավորիտ թեկնածուն է: Մեր թերթին տված հարցազրույցում նախկին համայնքապետը չէր էլ թաքցրել, որ Շենգավիթին հատկապես նրա նման ղեկավար է հարկավոր: Փողոցներում մեզ պատահած շարքային շենգավիթցիների մեջ քիչ չէին նաեւ Մուշեղ Մովսեսյանին համակրողները:

Սարգիս Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկու անգամ ընտրվելով եւ աշխատելով որպես ավագանի՝ ինքը քաջատեղյակ է համայնքի խնդիրներին եւ պատրաստ է դրանց լուծմանը: Մեր հարցին՝ նրա եղբոր անձը (եղբայրը Օրենբուրգի հայ համայնքի ղեկավար, գործարար, ՀՀ իշխանական վերնախավի հետ սերտ հարաբերություններ ունեցող Սամվել Հովհաննիսյանն է) որեւէ դեր խաղո՞ւմ է այս ընտրություններում, պրն Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե ասեմ չի խաղում՝ չեք հավատա, իհարկե, ազդեցություն կունենա, եւ դա բնական է, քանի որ համայնքում մեր ընտանիքը միշտ ակտիվ է եղել, մարդկանց խնդիրների լուծմանը պատրաստ ենք եղել, եւ հիմա էլ համայնքի բնակիչները հենց մեզ են դիմում տարբեր հարցերով օգնելու ակնկալիքով: Մենք էլ աշխատում ենք համայնքին օգտակար լինել, եւ այդպես է եղել դեռ 90-ականներից սկսած: Բարեգործություններ ենք արել, օգնել ենք մարդկանց, բայց ավելի շատ ձգտելու ենք մարդկանց աշխատատեղի հարցը լուծել, գիտեք, որ սա երբեմնի գործարանային համայնք է, շատ գործարաններ այսօր փակվել են, եւ կարծում եմ՝ հնարավոր կլինի որոշ ներդրումների հաշվին նոր աշխատատեղեր բացել, որ շենգավիթցին արժանապատիվ ապրի: Մեր կարգախոսն էլ պատահաբար չենք ընտրել. «Հավատ եւ արդարություն»: Կարծում եմ՝ կիրականացնենք»: Համայնքապետի թեկնածուից հետաքրքրվեցինք, թե որտեղի՞ց է առաջացել իր մականունը՝ «Կադիլակ»: Պրն Հովհաննիսյանը չխուսափեց պատասխանից. «Ժամանակին, 1990-91-ականներին, երբ քաղաքում այսքան շատ չէին արտասահմանյան մակնիշի մեքենաները, ես, այո, հենց այդ մեքենայից ունեի, երեւի դրանից էլ այդ անունն է առաջացել: Մականունները եթե այսպես անմեղ են առաջանում, վատ բան չեն, հիմա մեր նախկին թաղապետն էլ մականուն ունի, երբ խոսք է լինում Մարտինի մասին, շատերը հարցնում են՝ ո՞ր Մարտինը՝ թաղապե՞տ: Սա էլ նրա մականունն է, վատ բան չեմ տեսնում, մարդը մեկ տասնյակից ավելի տարիներ թաղապետ է եղել»: Թաղապետի այս թեկնածուն արմատներով զանգեզուրցի է:

Մուշեղ Մովսեսյանի կարգախոսն էր՝ «Շենություն շենգավիթցուն»: Մեզ հետ երկուշաբթի օրը կայացած զրույցում պրն Մովսեսյանն ասաց, որ այն շրջանում, երբ ինքը Էջմիածնի փոխքաղաքապետ է աշխատել, քաղաքը աղբից մաքրվել է, բյուջեն մեծացել է, եւ վստահեցնում է, որ նույնը կանի նաեւ Շենգավիթի համար: Մուշեղ Մովսեսյանի ասելով. «Դաբրո» կոչեցյալը չունեմ, իմ «դաբրոն» իմ ժողովուրդն է: Առանձնապես ֆինանսական մեծ կարողություններ չունեմ, իմ հույսը դրա վրա չէ, իմ հույսը ժողովուրդն է, հույս ունեմ, որ ընտրությունների ժամանակ խախտումներ չեն լինի: Իմ թիմը ստեղծված է էնտուզիազմի վրա, իմ կողքին հավաքվել են բանիմաց, գիտելիքներ ունեցող մարդիկ»:

Հ. Գ. Մ. Մովսեսյանի՝ ընտրապայքարից դուրս գալու «պաշտոնական» պատճառաբանությունը հետեւյալն է: Կողմերը եկել են համաձայնության, որովհետեւ պարզել են, որ երկուսի ծրագրերում էլ ընդհանուր շատ բաներ կան, եւ Մ. Մովսեսյանը որոշել է իր թեկնածությունը հանել հօգուտ Սարգիս Հովհաննիսյանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել