Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ ՏՆՕՐԵՆ ՈՒՆԵՑԱՎ

Հուլիս 18,2007 00:00

\"\"Երեկ կայացած ընտրությունները Մատենադարանի նորընտիր տնօրեն Հրաչյա Թամրազյանի հոբելյանին նվիրված միջոցառում էին հիշեցնում:

Երեկ Մատենադարանում կայացան տնօրենի ընտրություններ: Մատենադարանի խորհրդի անդամները պահանջեցին, որ այն մատենադարանցիները, որոնք խորհրդի կազմում չեն, դուրս գան դահլիճից: Վիրավորված գիտնականները, նրանց թվում նաեւ բազմավաստակ մասնագետներ, նեղսրտած լքեցին դահլիճը:

Եվ ինչպես կանխորոշված էր ի սկզբանե, անցավ իշխանությունների թեկնածուն՝ «Նաիրի» հրատարակչության տնօրեն, բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր Հրաչյա Թամրազյանը: Նրա օգտին քվեարկեց 27 հոգի, մյուս թեկնածուի՝ բանասիրական գիտությունների դոկտոր Մանյա-Էռնա Շիրինյանի օգտին ձայն տվեց 6 հոգի: Մինչ ընտրությունները, գովեստախառն ելույթներ տեղացին Հրաչյա Թամրազյանի հասցեին ու նաեւ կոչեր, որ անպայման նրան ընտրեն:

Արվեստաբան Հրավարդ Հակոբյանը պահանջեց, որ ԶԼՄ ներկայացուցիչներն էլ դուրս գան, սակայն նախկին տնօրեն Սեն Արեւշատյանը կանխեց: Մատենադարանցիներից մեկն էլ առաջարկեց գիտխորհրդի մի նիստ անել կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ, ասելով, թե այն հարցերը, որ Մատենադարանը պիտի բարձրացնի, առանց կառավարության՝ անհնար կլինի լուծել: Փոխտնօրեն Վարդան Գրիգորյանի խոսքը վերաճեց Հ. Թամրազյանին նվիրված երկարաշունչ ելույթի: Վ. Գրիգորյանը ներկայացրեց թեկնածուի մանկությունը, պատանեկությունն ու երիտասարդությունը, այնուհետեւ հասավ մեր օրերը: Պրն Գրիգորյանը քննադատեց «Արեւիկ» հրատարակչության տնօրեն, բանաստեղծ Դավիթ Հովհաննեսին, ով Հ1-ով հեռարձակվող իր հաղորդաժամի ընթացքում ինչ-ինչ որակումներ էր տվել Հ. Թամրազյանին: «Զայրացել եմ, որ մի հիմնարկի պետ իր դիմացի հիմնարկի պետի դեմ անպատվաբեր ելույթներ է ունենում: Բա ամոթ չէ՞, մի բանաստեղծը մի ուրիշ բանաստեղծի դեմ կխոսի՞, էն էլ էն մարդու, որ ցանկանում է մատենադարանցիների աշխատավարձը բարձրացնել»,- ասաց Մատենադարանի փոխտնօրենը:

Ի դեպ, ընտրությունները դեռ չկայացած, նա հայտարարեց, թե ափսոսում է, որ Էռնա Շիրինյանը չի ընտրվելու: Հ. Թամրազյանին գովաբանելու իր պարտքը կատարեց նաեւ Պատմության թանգարանի տնօրեն Անելկա Գրիգորյանը: Մյուս բանախոսների պես նա էլ հայտարարեց. «Ես հորդորում եմ, տվե՛ք ձեր ձայնը Հրաչյա Թամրազյանին»: Նրա կոչից հետո հնչեցին ծափահարություններ: Ու չգտնվեց մի մատենադարանցի, որ որեւէ դրական խոսք ասի այդ պահին ոչ շահեկան վիճակում գտնվող մյուս թեկնածուի՝ Մանյա-Էռնա Շիրինյանի հասցեին: Վերջինս իր ելույթում հայտնեց, որ իր թեկնածությունը առաջադրել է սեփական խղճի առաջ մաքուր լինելու համար, եւ գտնում է, որ այս ընտրություններով չէ իր գիտական գործունեությունը սկսվում ու ավարտվում: Հ. Թամրազյանի ընտրվելուց հետո տիկին Շիրինյանը առաջինը շնորհավորեց նրան ու հեռացավ:

Այնուհետեւ մոտեցան մյուսները ու սկսեցին գրկախառնվել, մրցելով՝ ով ավելի ամուր կգրկի ու ավելի լավ խոսքեր կասի նոր տնօրենին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել