Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցի տաքսիստները կդառնան գործազուրկ

Հուլիս 18,2007 00:00

Քանի որ շատ վարորդների տաքսիները ժամկետանց են

Արդեն քանի օր է՝ մոտ 300 գյումրեցի տաքսու վարորդներ բողոքի ակցիա են կազմակերպում՝ փակելով մայրաքաղաք տանող ճանապարհը: Նրանց բողոքը կառավարության վերջերս ընդունած «Մարդատար, տաքսի ավտոմոբիլներով ուղեւորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման մասին» որոշման դեմ է, ըստ որի՝ այսուհետեւ տաքսի ծառայությունները եւ անհատ տաքսիների վարորդները պետք է արտոնագիր ստանան եւ դեղին պետհամարանիշ հանեն, որպեսզի իրավունք ունենան ուղեւոր փոխադրել: Արտոնագիր ստանալու համար 1 մեքենայով սպասարկում իրականացնող վարորդից էլ պահանջվում է նույնչափ՝ 200 000 դրամ, որքան, ասենք, 50 ավտոմեքենա ունեցող տաքսի ծառայությունից: Վարորդներին վրդովեցրել է նաեւ այն, որ կառավարությունը ավտոմեքենաների շահագործման ժամկետներ է սահմանել, համաձայն որի՝ արտադրության 10 տարուց ավելի ժամկետ ունեցող ավտոմեքենաները չեն կարող սպասարկում իրականացնել: Գյումրեցի վարորդների խոսքերով, «սա պարզապես նշանակում է աշխատանքից ձեռք քաշել», քանի որ «սաղ քաղաքի մեջ երկու այդպիսի նոր տաքսի չես գտնի: Կառավարությունը էս աղքատ մարզում աշխատատեղ ստեղծելու փոխարեն մի բան էլ մարդկանց հա՞ցն է կտրում, զոռով ասում են՝ թողեք-գնացեք ստեղից, մեր աշխատածն ի՞նչ է, որ ամեն տարի 200 հազար դրամ հարկ մուծենք, դեղին պետհամարանիշ հանենք: Չգիտե՞ն, որ Գյումրիի ջարդուխուրդ փողոցումներում մի պտույտ անելուց հետո մեքենայիդ կմախքն է մնում, հիմի որի ծախսը հասցնենք՝ փչացած պահեստամասերի՞, թե՞ կենսաթոշակայինի ու դեղին պետհամարանիշների»:

Նկատենք, որ Գյումրիում գործող տաքսիների մեծ մասը 15-20 տարվա արտադրության է: Գյումրեցիները գտնում էին, որ նման որոշում ընդունելուց առաջ՝ անհրաժեշտ էր բնակավայրերի առանձնահատկություններն ուսումնասիրել, քանի որ «մայրաքաղաքն ու Գյումրին մեկ չեն, Երեւանը մարդաշատ է, եկամտաբեր, իսկ իրենց քաղաքում տաքսու վարորդ լինելով, հացի փողից բացի, ավելի գումար չես կարող աշխատել»:

Երեկ ցուցարար տաքսիստներին հանդիպելու համար Գյումրի էր ժամանել տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային լիցենզավորման հանձնաժողովը: Շատ անհատ վարորդներ ի սկզբանե համոզված լինելով, որ նրանք հարց լուծող չեն, հարկ չէին համարել հանձնաժողովականների հետ հանդիպել: Ինչպես պարզվեց, նախարարության տրանսպորտային տեսչության պետի տեղակալ Հայկ Մարտիրոսյանն իրականում ոչինչ էլ չուներ խոսելու, նրան ուղարկել էին՝ վարորդներին հասկացնելու, որ կառավարության որոշումների դեմ բողոքել չարժե: Հ. Մարտիրոսյանի խոսքերով. «Տրանսպորտի նախարարությունն այն կառույցը չէ, որ որոշման մեջ փոփոխություններ կատարելու իրավասություն ունենա, որոշումը ընդունվում է կառավարության կողմից, ինչ-ինչ փոփոխություններ կատարել կարող է միայն կառավարությունը»:

Տրանսպորտային տեսչության պետի տեղակալը լիցենզիայի ծախսերից հեշտ պրծնելու համար վարորդներին առաջարկեց միավորվել ու ՍՊԸ-ներ ստեղծել: Վարորդների այն մտահոգությանը, թե «եթե ծախս անենք ու մեր մեքենան որպես ժամկետանց դուրս շպրտե՞ն», նա պատասխանեց. «Նայեք, տեսեք՝ ձեր տրանսպորտային միջոցը համապատասխանում է կարգին, նոր սկսեք գործընթացը»:

Հասկանալով խնդրի սոցիալական կողմը, այնուամենայնիվ, հարց տանք. կարելի՞ է արդյոք վստահել ուղեւորի կյանքը ասենք, 1975 թվականի «ջորի» ունեցող վարորդներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել