Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԸ ԱՆՏԵՐ Է

Հուլիս 18,2007 00:00

Մայրաքաղաքում գտնվող շենքը քաղաքային իշխանությունների անտարբերության հետեւանքով փլուզվում է եւ մարդկանց դժբախտության պատճառ դառնում:

Օրերս Երեւանի Աերացիայի թիվ 7 հանրակացարանի շենքում փլուզվել էր 2-րդ հարկի պատշգամբը, ինչի հետեւանքով 5 բնակիչ վայր է ընկել՝ ստանալով տարբեր աստիճանի մարմնական ծանր վնասվածքներ: Բնակիչներից 3-ը՝ Կարինե եւ Սմբատ Առաքելյաններն ու Հրաչիկ Աչինյանը, տեղափոխվել են հիվանդանոց: Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկները ծանր գնահատեցին հատկապես 48-ամյա Կ. Առաքելյանի վիճակը: Ընկնելու հետեւանքով ջարդվել են կնոջ գոտկային ողերը: Մյուս երկուսի՝ Կարինեի որդի Սմբատի եւ Հ. Աչինյանի առողջական վիճակը, ըստ բժիշկների, միջին ծանրության է: Դեպքի ժամանակ պատշգամբում է եղել նաեւ Կարինեի մյուս որդին՝ Կարենը: Բարեբախտաբար, նա կոտրվածքներ չի ստացել: Երեկ մեր այցելության պահին Կարենը՝ վիրակապված, տանն էր պառկած, բացի այդ, նա հիվանդանոց չէր գնացել, քանի որ նրա խնամքին էին մնացել անչափահաս եղբայրներն ու քույրերը: Այս ընտանիքի հայրն ընդամենը 1 ամիս առաջ է մահացել: Չհասցնելով այդ դժբախտությունից ուշքի գալ, ընտանիքը երկար ժամանակ նաեւ մորից կզրկվի: Բժիշկների ներկայացմամբ, «Կարինեին շատ երկար ամիսներ են պետք, որ նա գոնե շարժվել կարողանա»:

Սա շենքի մասնակի փլուզման առաջին դեպքը չէ: Դեռ նախորդ տարի ապրիլին ամուսիններ Վարդանով Միխայիլը եւ Ռոզա Ղազարյանը 3-րդ հարկի պատշգամբի փլուզման հետեւանքով ընկել էին ներքեւ ու, բարեբախտաբար, հասցրել էին կառչվել երկրորդ հարկի պատշգամբից: Նրանց կյանքը հաջողվել էր փրկել միայն շտապ վրա հասած հարեւանների շնորհիվ: Բնակիչների ներկայացմամբ. «Որեւէ պաշտոնյա այս միջադեպով չի հետաքրքրվել: Այն անուշադրության է մատնվել, իսկ փլուզված պատշգամբը մինչ օրս էլ նույն վիճակում է»:

Հանրակացարանն այսօր ունի 3-րդ կարգի վթարային շենքի կարգավիճակ, սակայն, բնակիչների հավաստմամբ, մի քանի տարի առաջ այն եղել է 4-րդ կարգի: Աբրահամ Ագալյանն արդեն 18 տարի է, ինչ բնակվում է այս հանրակացարանում: Նրա վստահեցմամբ. «Երբ փախստական ընտանիքներից շատերին բնակարանով ապահովեցին, հանրակացարանում սենյակներ ազատվեցին եւ քանի որ շենքը 4-րդ կարգի վթարային էր, այստեղ չէր թույլատրվում նոր բնակիչներ բերել: Թեեւ մեր շենքը երբեւիցե չի վերանորոգվել ու ամրացվել, չգիտես ով եւ ինչ հիմնավորմամբ՝ 4-րդից դարձրեց 3-րդ կարգի վթարային: Մենք էլ ճարահատյալ ապրում ենք՝ գիտակցելով, որ մեր կյանքի համար խիստ վտանգավոր է»:

Հանրակացարանում այսօր 72 սոցիալապես խիստ անապահով ընտանիք է բնակվում: Բնակիչների պատմելով, ամեն օր սարսափով սպասում են, որ ուր որ է կիսախարխուլ շենքը կփլվի: Նրանց ներկայացմամբ, շենքի կոմունալ հարմարություններն էլ են վաղուց շարքից դուրս եկել. «Խողովակների փտած լինելու հետեւանքով ջուրն ամբողջությամբ լցվում է նկուղներն ու խարխլում առանց այդ էլ կիսաքանդ պատերը»: Բնակիչների պատմելով, սանիտարահիգիենիկ անմխիթար պայմանների պատճառով հանրակացարանում նույնիսկ խոլերայի դեպք է արձանագրվել: Ա. Ագալյանի ներկայացմամբ. «100 անգամ բնակիչներով հավաքվել ենք ու մեր շենքի անմարդկային պայմանների մասին էլ ում ասեք, որ չենք դիմել: Դիմել ենք Ռոբերտ Քոչարյանին, Միգրացիայի եւ փախստականների վարչությանը, 4 անգամ էլ ԱԺ նախագահին: Մեր շենքի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում, մի տեղեկանք վերցնելու համար 1000 դուռ ենք ծեծում»:

Աերացիայի թիվ 7 հանրակացարանը նախկինում պատկանել է Երեւանի «Ջրմուղ-կոյուղուն», որի լուծարումից հետո նրա գործառույթներն անցել են «Երեւան Ջուր» ընկերությանը: Այս առնչությամբ «Երեւան Ջուր» ընկերությունից «Առավոտին» պարզաբանեցին, որ ներկայումս ընկերությունը որեւէ կապ չունի այդ շենքի հետ: Կառավարության որոշմամբ, հանրակացարանը հանձնվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեին, որն էլ այն հանձնել է քաղաքապետարանին: Փոխքաղաքապետ Վանո Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում ժխտեց, որ շենքը քաղաքապետարանի հաշվեկշռում է. «Դժվարանում եմ ստույգ ասել, թե շենքն ում իրավասության տակ է, սակայն կարծում եմ, որ այն «Երեւան Ջրին» է պատկանում»:

Մինչ քաղաքային իշխանությունները իրար վրա են բարդում վթարային շենքի պատկանելությունը, անտեր մնացած հանրակացարանում ամեն րոպե կարող է նոր վթար լինել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել