Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՋԱԿՑԵԼՈՒ Է ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Հուլիս 18,2007 00:00

Մայիսյան ընտրություններից հետո ՀԱԱԿ-ի ներսում տարաձայնություններ առաջացան, ձեւավորվեց երկու թեւ՝ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի եւ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Էդուարդ Անտինյանի: ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հրաժարվել է խոսել կուսակցության ներսում անառողջ զարգացումների մասին:

Նրա ասելով՝ ՀԱԱԿ ներսում ձեւավորված երկու թեւերը համաձայնության են եկել չխոսել մինչեւ 2007-ի սեպտեմբեր՝ կուսակցության հերթական համագումար: Սակայն ՀԱԱԿ նախագահը երեկ չի խուսափել խոսել ներքաղաքական խնդիրներից եւ հայտարարել է, որ 2008-ի ընտրություններում նախագահի հավանական թեկնածուներից ամենակայացածն ու ամենախելոք քաղաքական գործիչը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որը ըստ Հովհաննես Հովհաննիսյանի, ուղղակի «պարտավոր է առաջադրվել, այս իրավիճակում իրավունք չունի լռել: Ունի առաջադրվելու քաղաքական եւ բարոյական իրավունք»: Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի մեծ շանսեր ունի, քան Վազգեն Մանուկյանը, նաեւ այն պատճառով, որ «մեր հասարակությունը որ մեկին շոշափում է՝ նրա նկատմամբ հետաքրքրությունը կորցնում է»: Լեւոն Տեր-Պետրոսյանը այլ առավելություն էլ ունի. նրա նախագահության օրոք լուծվել են մի շարք հիմնարար հարցեր, իսկ նրա հրաժարականից հետո՝ վերջին 10 տարիների ընթացքում, ոչ մի նման հարց չի լուծվել՝ «Ղարաբաղ, Հայաստան-Թուրքիա հարաբերություններ, տարածաշրջանային համագործակցություն եւ այլ հարցեր»,- երեկ հայտարարել է Հովհաննես Հովհաննիսյանը: Օրերս Վազգեն Մանուկյանը ասել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ չի հայտարարել, որ առաջադրվելու է 2008-ի նախագահական ընտրություններում, եւ այդ պայմաններում նրան միակ արժանի համարելը նշանակում է անուղղակի աջակցություն Սերժ Սարգսյանին: Հովհաննես Հովհաննիսյանը կարծում է, որ այս հայտարարության մեջ տրամաբանություն կա, սակայն եթե նախագահի թեկնածու առաջադրվեն եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ Վազգեն Մանուկյանը, ապա Հովհաննես Հովհաննիսյանը կպաշտպանի առաջինին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել