Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ի թեկնածուն շանս չունի

Հուլիս 18,2007 00:00

Երեկ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը

Երեկ «Հայելի» ակումբում սուր բանավեճ է ծավալվել «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամներից մեկի՝ «ՀԺ» խմբագիր Նիկոլ Փաշինյանի եւ ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանի միջեւ: Բանախոսների տեսակետների առաջին բախումն արձանագրվել է 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի շանսերի գնահատման համատեքստում: Ա. Աշոտյանը համոզմունք է հայտնել, թե առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը, որին, նրա ասելով, այլընտրանք չկա: «Հանրապետական կուսակցությունն ունի ընտրություններում հաղթելու ամենափայլուն հնարավորությունները: Դրանում որեւէ մեկը, անգամ մեր ամենախորը ընդդիմախոսները, չեն կասկածում: Այո, հանրապետականների վերահաս հաղթանակն անխուսափելի է: Թեեւ ժողովրդավարական, զուտ մեխանիստիկ առումով, իհարկե, այլընտրանքներ միշտ էլ կլինեն ընտրությունների ժամանակ, բայց Սերժ Սարգսյանի հաղթանակին այլընտրանք չկա»,- հայտարարել է ՀՀԿ ներկայացուցիչը:

Ն. Փաշինյանի տեսակետն այս հարցի վերաբերյալ տրամագծորեն հակառակ է եղել: Ըստ նրա, առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ-ն շանս չունի: «Իսկ ինչ վերաբերում է «բեսբրիդելին»՝ այս ոլորտում ՀՀԿ-ի շանսերը բավական մեծ են»,- հեգնել է «Այլընտրանքի» ներկայացուցիչը: Նրա մատուցմամբ, եթե ընտրություններ ասելով նկատի ունենք ընտրողների ազատ կամարտահայտման մեխանիզմը, ապա՝ «շատ անտրամաբանական է ենթադրել, որ քաղաքացին ազատ կամարտահայտմամբ կարող է ընտրել այն մարդուն (Ս. Սարգսյանին), որի նկատմամբ նա, շատ մեղմ ասած, խորը հակակրանք ունի»:

ՀՀԿ-ական պատգամավորի եւ նրա ընդդիմախոսի տարակարծությունները չեն մեղմվել նաեւ ԼՂ հարցի քննարկման ժամանակ: Ու եթե Ա. Աշոտյանն այն կարծիքին էր, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրում ՀՀ իշխանությունները շատ ճիշտ քաղաքականություն են վարում, ապա Ն. Փաշինյանի համոզմամբ՝ «ՀՀ իշխանությունը կաշկանդված է Ղարաբաղի հարցով, որովհետեւ 1998-ին դրել է կարգավորման բարձր նշաձող՝ 8 հազար քկմ տարածքով Ղարաբաղ, ու հիմա դրանից հրաժարվել չի կարող»:

«Կաշկանդված է, որովհետեւ բարոյական, քաղաքական, իրավական շատ բարձր նշաձող է վերցրել, որից հետ նահանջելը վտանգի տակ է դնում պետության ու ազգային շահը: Սա կաշկանդում չէ, սա սկզբունք է: Ցանկացած սկզբունք կաշկանդում է մարդուն: Ղարաբաղի հարցում սակարկման գնալ չի կարելի: Սա է սկզբունքը»,- հակադարձել է Ա. Աշոտյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել