Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Հուլիս 18,2007 00:00

\"\"«Եղեգնաձորի հիվանդանոց» եւ «Եղեգնաձորի պոլիկլինիկա» ՓԲԸ-ների գլխին նոր խաղ են խաղում

Եղեգնաձորի մեր աղբյուրների ասելով, ժամանակին քաղաքի հիվանդանոցի նորմալ աշխատանքն ապահովելու նպատակով հիվանդանոցի եւ նրան հարակից պոլիկլինիկայի նորակառույց շենքերի միացման տեղում կառուցվել էր երկկամար մուտք: 1997թ. Եղեգնաձորի բուժմիավորումը, կառավարության որոշմամբ, բաժանվել էր երկու առանձին՝ «Եղեգնաձորի հիվանդանոց» եւ «Եղեգնաձորի պոլիկլինիկա» կազմակերպությունների: Մինչեւ 2006 թվականը կամարամուտքերը նորմալ գործել են՝ ծառայելով իրենց նպատակին, սակայն 2006-ին պոլիկլինիկային պատկանող կամարի տարածքը փակվել էր, այնտեղ այսօր էլ իրականացվում են շինարարական աշխատանքներ, հավանաբար, հերթական խանութ կառուցելու նպատակով՝ լուրջ վտանգ ստեղծելով արտակարգ իրավիճակների դեպքում տուժածների տեղափոխումը իրականացնելու խնդրում, եւ միաժամանակ կոպտորեն խաթարելով շենքի ճարտարապետական տեսքը: Ավելին, մեր աղբյուրների ասելով, այսօր էլ քաղաքում եւ մարզում կան շահագրգիռ որոշակի կողմեր, որոնք ինչ-ինչ նպատակներով ձգտում են ոչ բացահայտորեն, բայց հնարավորինս արագացնել մարզի առողջապահական համակարգի օպտիմալացումը՝ դարձյալ սեփական շահերից ելնելով, այդ ճանապարհին ձեռնպահ չմնալով նույնիսկ օրինախախտումներ թույլ տալուց: Այսպես, «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 11911-Ն որոշման հիման վրա եւ ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքով», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով 2006թ. նոյեմբերի 2-ին հաստատվել էր Վայոց Ձորի մարզի առողջապահական համակարգի օպտիմալացման ծրագիրը, բայց դրա կենսագործումը ձգձգվել էր 2007թ. ԱԺ ընտրություններին «չխոչընդոտելու» նպատակով: Ընտրություններից օրեր անց՝ մայիսի 23-ին, Վայոց Ձորի մարզպետարանը որոշում է ընդունել հիշյալ ծրագիրն իրականացնելու մասին: Ըստ այդ ծրագրի, մարզկենտրոն Եղեգնաձորի երկու բաժնետիրական հիմնարկությունները՝ «Եղեգնաձորի հիվանդանոց» եւ «Եղեգնաձորի պոլիկլինիկա» ՓԲԸ-ները, միաձուլման ձեւով վերակազմակերպվեցին «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի: Ըստ որում, «Եղեգնաձորի հիվանդանոց» ՓԲԸ֊ի ինֆեկցիոն բաժանմունքը տեղափոխվել է Վայք քաղաք՝ միավորվելով այնտեղի ինֆեկցիոն բաժանմունքի հետ: Ծրագրի համաձայն, «Եղեգնաձորի պոլիկլինիկա» ՓԲԸ-ն ապագայում պետք է վերածվի ընտանեկան բժշկության կենտրոնի: Տեղի մասնագետները սա միայն առաջին հայացքից են համարում բավական տրամաբանված, արդարացված եւ օրինական թվացող ծրագիր, որի անվան տակ, նրանց մատուցմամբ, Եղեգնաձորում սկիզբ է առել փոխկապակցված օրինախախտումների եւ չարդարացված գործողությունների մի ամբողջ շղթա:

Բանն այն է, որ հիմնվելով ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման վրա՝ Վայոց Ձորի մարզպետը 23.05.07թ. ընդունում է թիվ 50 որոշումը, որի համաձայն՝ արդեն 15.06.07թ. (փաստորեն, որոշման ընդունումից հետո մեկ ամսից էլ պակաս ժամկետում) պետք է ստեղծված լիներ նոր կազմակերպություն՝ «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն: Սակայն «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի հոդ. 18-ի 3-րդ կետի համաձայն, Ընկերությունը վերակազմակերպված է համարվում միմիայն նոր ստեղծված իրավաբանական անձի (տվյալ դեպքում՝ «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ֊ի) պետական գրանցման պահից։ Իսկ նույն հոդվածի 4-րդ կետը պահանջում է, որպեսզի վերակազմակերպման մասին որոշում ընդունելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, Ընկերություններն այդ մասին գրավոր ծանուցեն իրենց բոլոր պարտատերերին՝ աշխատակիցներին, ինչը չի արվել:

Բացի այս, նույն օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ կետը պահանջում է նաեւ, որպեսզի լուծարման հանձնաժողովն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող հայտարարություն զետեղի մամուլում Ընկերությունների լուծարման եւ պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի վերաբերյալ: Ըստ որում, այդ ժամկետը չի կարող պակաս լինել 2 ամսից՝ սկսած լուծարման մասին հրապարակման պահից, որը համարվում է Ընկերությունների լուծարման գործընթացի սկիզբը։ «ՀՀ» օրաթերթի 30.05.2007թ. թիվ 100 (4196) համարում Վայոց Ձորի մարզպետարանն իսկապես զետեղել է հայտարարություն, որում, սակայն, տեղեկացվում է ոչ թե վերը նշված Ընկերությունների լուծարման գործընթաց սկսելու մասին, ինչպես պահանջում է օրենքը, այլ նորաստեղծ բժշկական կենտրոնների ղեկավարների թափուր պաշտոնների համար 30.07.2007թ. մրցույթ հայտարարելու մասին:

Վայոց Ձորի մարզպետ Վարդգես Մաթեւոսյանի որոշմամբ, կոպտորեն խախտվում է նաեւ նույն օրենքի հոդված 19-ի 1-ին կետը, որի համաձայն՝ միաձուլման ձեւով բաժնետիրական ընկերությունների վերակազմակերպման դեպքում միաձուլվող կազմակերպությունները, փոխանցելով իրենց լիազորությունները նոր ստեղծվող կազմակերպությանը, պետք է անմիջապես դադարեն գոյություն ունենալուց, այսինքն՝ պետք է լուծարվեն: Եվ եթե այդպես է, ապա այդ ի՞նչ օրինական հիմքով պետք է «պոլիկլինիկան ապագայում վերածվի ընտանեկան բժշկության կենտրոնի», ինչպես նշված է մարզպետի որոշման 1-ին կետի 2-րդ մասում:

Ավելին, Ընկերությունների լուծարման մասին որոշումը պետք է կայացվի լուծարումից առնվազն 2 ամիս առաջ, հակառակ դեպքում կոպտորեն խախտվում է ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 115-րդ հոդվածի պահանջը՝ լուծարումից առնվազն 2 ամիս առաջ գրավոր տեղեկացնել աշխատակիցներին հիմնարկի լուծարման մասին: «Եղեգնաձորի հիվանդանոց» ՓԲԸ-ի ինֆեկցիոն բաժանմունքի՝ հարեւան Վայք քաղաք տեղափոխման արդյունքում անխուսափելի են աշխատակիցների կրճատումները, որոնց աշխատանքային իրավունքներն այս դեպքում ոտնահարվում են:

Մասնագետները խիստ կասկածելի են համարում նաեւ այդ ինֆեկցիոն բաժանմունքի տեղափոխման նպատակահարմարությունը: Նրանց ասելով, այդ բաժանմունքը ներկայումս սպասարկում է ավելի մեծ թվով բնակչության, քան Վայքի հիվանդանոցը: Մյուս կողմից, մասնագետ բժիշկները հարցնում են՝ ինչո՞ւ չի կարելի արդեն վերապատրաստված բժիշկներից, տեղամասային թերապեւտներից եւ մանկաբույժներից այսօ՛ր ստեղծել ընտանեկան բժշկության կենտրոն, որի դեպքում կարիք չէր լինի գործ ունենալ աշխատակիցների կրճատման հարցի հետ, որոնց՝ միայն երաշխավորված փոխհատուցումները կազմելու են բավականին կլոր գումար:

Եղեգնաձորի մեր աղբյուրների համոզմամբ, հիշյալ ծրագիրը իսկապես փողերի լվացման կամ առնվազն սեփական շահերով առաջնորդվող մի քանի պաշտոնյաների կամայականությունների արդյունք է: Իբրեւ այս ամենում շահագրգիռ եւ հիմնական գործող անձինք մեր աղբյուրները մատնանշում են 2003-2007թթ.-երին Վայոց Ձորի մարզպետ, իսկ այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր, նախկին ՕԵԿ-ական, իսկ այժմ ՀՀԿ-ական Սամվել Սարգսյանի, մարզպետ Վարդգես Մաթեւոսյանի, «Եղեգնաձորի հիվանդանոց» ՓԲԸ գլխավոր բժիշկ Սմբատ Գալստյանի եւ «Եղեգնաձորի պոլիկլինիկա» ՓԲԸ գլխավոր բժիշկ Անահիտ Կարապետյանի, նաեւ մարզպետարանի համապատասխան վարչության պետի տեղակալ Արտաշես Գալստյանի անունները:

Հ. Գ. Պատրաստ ենք լսել նաեւ հակառակ կողմի փաստարկները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել