Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՐԵԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ

Հուլիս 17,2007 00:00

Հուլիսի 14-16

Մեղադրողը սպառնաց փաստաբաններին, վերջիններս պարտք չմնացին

Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ազդարարեց ԱԱԾ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի եւ նախկին մանկավարժ Սիլվա Ասատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննության ավարտը: Հինգշաբթի օրը մեղադրական ճառով հանդես կգա մեղադրող Ժաննա Կոտիկյանը: Երեկ Ս. Ասատրյանի պաշտպաններ Կարեն Մեջլումյանը եւ Ինեսա Պետրոսյանը հանդես եկան վերջին միջնորդությամբ՝ որպես վկա դատարան հրավիրել ՀՀ գլխավոր դատախազին եւ քննիչ Ա. Նադոյանին: Այս միջնորդությունը մերժվեց: Հետեւեց նոր միջնորդություն՝ դատարան հրավիրել սիրիացի գործարար Ավետիս Կարագուլյանին, որը այս օրերին գտնվում է Հայաստանում: Նա պետք է պատասխաներ իր եւ ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի լարված փոխհարաբերությունների մասին հարցերին: Դա էլ առարկության հիմք դարձավ, ավելին, մեղադրող Ժ. Կոտիկյանն ասաց, որ դիմելու է Փաստաբանների պալատին, որպեսզի վարկաբեկող եւ զրպարտչական տեղեկությունների մասով քննեն փաստաբանների հարցը: Ըստ նրա, փաստաբանները խախտել էին էթիկայի կանոնները: Իրենց հերթին՝ պաշտպանները սպառնացին դիմել գլխավոր դատախազին, քանի որ, ըստ նրանց, Ժ. Կոտիկյանը դատական նիստերից մեկի ժամանակ խախտել է անմեղության կանխավարկածը եւ ԱԺ պատգամավորի մահափորձի հետ կապված մեղադրել Ասատրյանի ընտանիքին:

Երեկ Ասատրյանը հայտարարեց, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում զրկված է հեռախոսից օգտվելու իրավունքից, թույլ չեն տալիս լողանալ (գոնե շաբաթը մեկ անգամ) եւ այն տպավորությունն է, թե ինքը գտնվում է «ինչ-որ մեկի սեփականության տարածքում»: ՔԿՀ վարչության մամուլի քարտուղարը «Առավոտին» տեղեկացրեց, որ Ս. Ասատրյանը տեղափոխվել է այլ խուց՝ խցընկերների բողոքներից հետո եւ որ նա որեւէ իրավունքից զրկված չէ:

Ջրահեղձ է եղել

Կիրակի օրը, ժամը 16.30-ի սահմաններում, «Հարսնաքարի» մոտ գտնվող «Վեգաս» լողափում հերթապահություն կատարող ջրափրկարարը փրկել եւ ափ է դուրս բերել Գյումրիի բնակիչ՝ 1982 թ. ծնված Ա. Վանեսյանին եւ դեռեւս անձը չպարզված մյուս պատանուն, իսկ Երեւանի բնակիչ՝ 1962 թ. ծնված Աշոտ Ներսիսյանին չի հաջողվել փրկել: Ժամը 16.40-ին Ա. Ներսիսյանի դիակը ջրասուզակների կողմից դուրս է բերվել ջրից:

Վարորդն ու ուղեւորները

մահացել են

Հուլիսի 15-ին, ժամը 21.10-ի սահմաններում, Գյումրիի Երեւանյան խճուղում, «Մերսեդես» մակնիշի 45 ՏՕ 005 համարանիշով ավտոմեքենան բախվել է ծառին, իսկ այնուհետեւ՝ երկաթյա էլեկտրասյանը: Վթարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդը՝ 1966 թ. ծնված Վարդան Հովհաննիսյանը եւ ուղեւորներ՝ 1969 թ. ծնված Համլետ եւ 7 տարեկան Ռաֆիկ Թութխալյանները, 1975 թ. ծնված Նարինե եւ 9 տարեկան Դավիթ Հովհաննիսյանները տեղում մահացել են: Եվս երկու ուղեւոր՝ 1977 թ. ծնված Արփինե Թութխալյանը եւ 11 տարեկան Անժելա Հովհաննիսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց:

Հրդեհվել էին

Երեւանի Հրազդան մարզադաշտի, «Հրազդան» տոնավաճառի, Հրազդանի կիրճում՝ «Գետափ» ռեստորանին հարակից տարածքում, «Ձորաբերդ» ռեստորանի, Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան, «Մաքուր երկաթ» գործարանին հարակից տարածքներում այրվել է խոտ:

Իսկ Երեւանի Գ. Արծրունու փողոցի թիվ 92 շենքին հարակից տարածքում բռնկված հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է «ԶԱԶ-972» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան:

Վարորդն անգիտակից էր

Ըստ ՀՀ փրկարար ծառայության, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին «ԿԱՄԱԶ-53212» մակնիշի 25 ՕԼ 456 համարանիշով ավտոմեքենան ընկել է ձորը: Ավտոմեքենայից անգիտակից վիճակում դուրս է բերվել եւ Քաջարանի հիվանդանոց տեղափոխվել ավտոմեքենայի վարորդ Վաչիկ Մարգարյանը:

Հասան ընդերքին

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե ընդերքի շահագործման եւ ազգային պարկերի հետ կապված խնդիրներ են քննարկվել Ռոբերտ Քոչարյանի եւ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի այսօրվա աշխատանքային հանդիպմանը: Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է միջազգային փորձի համադրմամբ՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով ստեղծել այնպիսի հիմքեր, որոնք հնարավորություն կտան ընդերքի շահագործման ոլորտում առկա խնդիրներին տալ արդյունավետ լուծումներ` տնտեսության զարգացման եւ բնապահպանական նորմատիվները չխախտելու առումով: Խոսվել է Սեւան եւ Դիլիջան ազգային պարկերի կառավարման պլանների մասին, որոնց շուրջ եւս նախագահը տվել է հանձնարարականներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել