Գրասերի խնդրանք
Ամենից առաջ ես կցանկանայի ընդգծել հետեւյալը. այն, ինչ դուք կկարդաք ստորեւ, պատվիրված ու թելադրված չէ որեւէ մեկի կողմից եւ չէր էլ կարող այդպես լինել, քանզի ես բնավ չեմ հարում որեւէ քաղաքական կամ հասարակական խմբակցության, չունեմ ինչ-որ հավակնություններ: Պարզապես հայ եմ, գրասեր ու այլեւս չեմ կարող համբերել, երբ կործանում է (գիտակցաբար, թե անգիտակցաբար՝ կարեւոր չէ) այն հիմնաշենքը, որը մեզ համար մեծագույն սրբություն է համարվել բազում տասնյակ տարիներ:
Այսօր, կարծում եմ, անչափ կարեւոր են մեր ոսկեղենիկ լեզվի անաղարտության պահպանումը, հայագիտության, նաեւ հայ գրականության զարգացումը: Այս խնդիրները խիստ կարեւորում է նաեւ երկրի ղեկավարությունը, որովհետեւ իրավիճակը մտահոգիչ է. շատ թերթերի էջերում, տարբեր հեռուստաալիքների հաղորդումներում առկա է լեզվական ցածր կուլտուրա, լույս են տեսնում գրքեր, որոնք ոչ ոք չի կարդում, տարբեր մրցանակների են արժանանում շատ անտաղանդ կամ գրեթե որեւէ բան չգրած հեղինակներ, չկա այլեւս նախկինում մեր ժողովրդին հատուկ գրասիրությունը, իսկ տաղանդավոր գրողները պարզապես դուրս են մնում ուղեգծից, եթե այն կարելի է ուղեգիծ համարել:
Հայոց լեզվի ու գրականության զարգացման, լեզվի անաղարտության պահպանման գործում միշտ կարեւոր դեր է ունեցել Հայաստանի գրողների միությունը: Կար ժամանակ, երբ Գրողների միության շենքի կողքով անցնելիս իսկ, կամ նրա կամարներով ներս մտնելիս բոլորիս համակում էր սուրբ մի երկյուղածություն: Ասես հզորազոր Աստծո տաճար լիներ այն: Իսկ այսօր այդ կամարների տակ թեւածում են այլ գաղափարներ, ավելի ճիշտ՝ «չգաղափարներ» (թող ինձ թույլ տրվի օգտագործել այս բռնաբառը):
Հետեւա՞նքը… Շատ տաղանդավոր գրողներ ու բանաստեղծներ չեն ցանկանում անգամ մտնել Գրողների միություն, անելիք չկա: Որքան էլ փորձեն ինձ հակառակը համոզել, միեւնույն է, այսօր Հայաստանի գրողների միությունը, փաստորեն… գոյություն չունի: Կամ եթե ունի, ապա միայն չոր հաշվետվություններում, երբեմն էլ՝ տարբեր կոմերցիոն գրագրությունների մեջ: Այս ամենը հասցրել եւ հասցնում է Գրողների միությանը, որպես ստեղծագործական մեծ հանրության, անկասելի փլուզման: Տարերայնորեն կամ ստիպողաբար ստեղծվում են այլ միություններ, գրողները փնտրում են այլ հրատարակչություններ, որովհետեւ շատերին, տաղանդավոր լինելու համար, չի սիրում Լեւոն Անանյանը:
Սակայն նա մոռանում է, որ շատ շուտով ստիպված պետք է լինի պատասխան տալ ոչ միայն պրոֆեսիոնալ գրողների, այլեւ շարքային գրասերների, ամբողջ հայ ժողովրդի առաջ իր իսկ իրագործած ավերակումների, բոլորի աչքերին «թոզ փչելու» համար: Կարծում եմ, ինքն էլ հրաշալի գիտե իր անկարողության մասին, սակայն կառչել է աթոռից՝ վարկաբեկելով այն: Նորից եմ կրկնում՝ անլիարժեքության կոմպլեքս ունեցող մարդն իրենից ահավոր վտանգ է ներկայացնում ամբողջ հանրության համար: Եվ քանի դեռ դեն չի շպրտվել առողջ հոսանքների մոլեգնությամբ, ինքը պետք է հեռանա:
Ուստի խնդրում եմ, խնդրում եմ իմ եւ տասնյակ հազարավոր գրասերների անունից՝ հեռացե՛ք, ի սեր Աստծո, պարոն Անանյան, կամավոր հեռացեք, քանի ուշ չէ: Դրանով դուք գոնե կկարողանաք փրկել ձեր պատվախնդրությունը, ինքնասիրությունը եւ, վերջապես, հայ գրականության մարդ լինելու կոչումը: Հեռացի՛ր, եւ ոչ ոք ձեզ չի մեղադրի: Ինչ արած, ով չի կարողանում, նա հեռանում է՝ ասպարեզը թողնելով ունակներին: Դրանով դուք ավելի շատ հարգանք կվաստակեք, քան՝ մնալով: