Այս ծրագիրը նախաձեռնել է «Վալլեքս գրուպի» նախագահ Վալերի Մեջլումյանը
Ամեն տարի հուլիս ամսվա երրորդ կիրակին Ալավերդի քաղաքում նշվում է Մետալուրգի օրը: Այս անգամ տոնը համընկավ «Վալլեքս գրուպի» 10- ամյակի եւ Վարդավառի տոնի հետ: «Վալլեքս գրուպ» ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը յուրօրինակ նվեր մատուցեց քաղաքին՝ Ալավերդու Սանահին սարահարթ թաղամասում տեղադրվեց «Երկնային դուռ», իսկ պղնձաձուլական գործարանին կից տարածքում՝ «Հառաչանք» քանդակները: «Վալլեքս գրուպի» հովանավորությամբ դեռեւս մի քանի ամիս առաջ քանդակվել էր 11 քանդակ, որի մի մասը քաղաքի տարբեր հատվածներում արդեն իր տեղը գտել էր: Վալերի Մեջլումյանի խոսքերով, շուտով Ալավերդին կդառնա զբոսաշրջության համար հետաքրքիր եւ գրավիչ վայր: Նրա հավաստմամբ, նոր ներդրումների շնորհիվ քաղաքի պղնձաձուլական գործարանը կսկսի էկոլոգիապես անվտանգ աշխատել, քաղաքն է՛լ ավելի գրավիչ կլինի. «Այսօր Ալավերդին քայլ առ քայլ շարժվում է առաջ: Ես համոզված եմ, որ հինգ տարի հետո մեր քաղաքը կդառնա մի չքնաղ վայր եւ յուրաքանչյուր ալավերդցի հպարտ կլինի, որ ապրում է այստեղ, որ իր երեխան ծնվելու եւ ապրելու է այստեղ: Կարեւորը՝ հասկանանք, մեր տունը Հայաստանն է, մեր քաղաքը մեր տունն է, պիտի ձգտենք այն զարգացնել»: Մետալուրգի օրվա կապակցությամբ «Վալլեքս գրուպը» նվեր էր պատրաստել ոչ միայն քաղաքին, այլեւ պղնձաձուլական գործարանի մի շարք առաջատար աշխատակիցներին: Երկու տասնյակից ավելի աշխատակիցներ «Վալլեքս գրուպի» կողմից նվերներ ստացան՝ բջջային հեռախոսներ, հեռուստացույց, սառնարան, լվացքի մեքենա, DVD եւ փոշեկուլ: Մոտ 11 հոգի էլ արհմիության կողմից արժանացան պատվոգրերի եւ նվերների: Վազգեն Կիրակոսյանը գրեթե 40 տարի աշխատում է պղնձաձուլական գործարանում որպես ձուլող: Նրա ներկայացմամբ, նմանատիպ միջոցառում երբեւէ չի եղել Ալավերդիում. «Շատ շնորհակալ ու գոհ եմ «Վալլեքսից»: Ինչքան աշխատում եմ՝ առաջին անգամ եմ նվեր ստանում: Բոլորից Աստծու չափ շնորհակալ եմ: Ուզում եմ ասել, որ «Վալլեքսը» շատ լավ ղեկավար է: Մեր բոլոր էս ջոջերը լավն են»: Նույն գործարանի աշխատակից Հրաչյա Ասատրյանն էլ փոշեկուլ նվեր ստացավ: Նրա պատմելով, 1969 թվականից աշխատում է գործարանում տարբեր մասնագիտություններով. աշխատել է զոդող, փականագործ: «Ինչքան ինձ հիշում եմ, ոչ մի անգամ էսենց բան չի եղել, առաջին անգամ եմ նվեր ստանում: Շատ շնորհակալ եմ բոլորից, կարեւորը ուշադրությունն է, նվերի մեծ ու փոքր լինելը էական չէ»: «Վալլեքսի» կողմից քաղաքը գեղեցկացնելու ծրագրի մասին էլ հետեւյալ կերպ արտահայտվեց. «Մենք՝ ալավերդցիներս, ուրախ ենք, որ մեր քաղաքը գեղեցկացնում են, եթե հնարավոր է՝ թող ավելին անեն: Դե, ինչպես իրենք ասեցին՝ ծաղկուն, սիրուն, էկոլոգիապես մաքուր քաղաք դարձնեն, որ հաճելի լինի եւ բնակվելը, եւ զբոսնելը, եւ այցելուների համար հաճելի լինի»:
Մետալուրգների տոնի կապակցությամբ ալավերդցիներին շնորհավորեցին փոխմարզպետը, քաղաքապետը, քաղաքի Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Միքայելը եւ մի շարք հյուրեր: Քաղաքապետարանն էլ իր կողմից հեռուստացույց նվիրեց լավագույն մետալուրգին, իսկ տեր Միքայելը իր ելույթում նշեց, որ Ալավերդին եւ մետալուրգ հասկացությունը իրարից անբաժան են, եթե բաժանես՝ երկուսն էլ կքանդվեն. «Երբ ասում ենք մետալուրգ՝ հասկանում ենք աշխատավոր մարդ: Այսօր աշխատավորը կրկին ապագա է կերտում: Ցանկանում եմ հավատ եւ ուժ վաղվա օրվա նկատմամբ»:
Ալավերդցիների համար մեծ նվեր էր նաեւ «Վալլեքս գրուպի» աջակցությամբ կայացած տոնական համերգն ու հրավառությունը: