Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է»

Հուլիս 17,2007 00:00

\"\"Հարցազրույց ԼՂՀ նախագահի թեկնածու Բակո Սահակյանի հետ

– Նախընտրական արշավը գրեթե ավարտված կարելի է համարել: Հայաստանում եւ հետխորհրդային այլ երկրներում, հավանաբար, արդեն ձեւավորված «քաղաքական ավանդույթների» շարքում պետք է դիտարկել նաեւ այն երեւույթը, որ ընտրարշավին մասնակցող թեկնածուների (սովորաբար՝ պարտվող) մի մասը անընդհատ փորձում է կասկածի տակ դնել ընտրությունների ընթացքի օրինականությունը: Նման երեւույթից կարծես թե զերծ չի մնացել նաեւ ԼՂՀ-ն՝ այս տարվա նախագահական ընտրարշավի ընթացքում: Ինչպե՞ս եք Դուք գնահատում ընտրական գործընթացների արդեն անցած փուլերը:

– ԼՂՀ-ում ձեւավորված ժողովրդավարական ընտրությունների ավանդույթների պահպանումը ինձ համար ավելի կարեւոր է: Կարծում եմ, որ ավարտվող ընտրարշավը՝ գուցե բացառությամբ որոշ մասնակիցների կողմից թույլ տված շեղումների, ամբողջովին տեղավորվում է Արցախում վաղուց ձեւավորված քաղաքակիրթ ընտրությունների ավանդույթների տիրույթում: Բոլոր թեկնածուները, ովքեր ասելիք ունեին, կարծում եմ, հավասար պայմաններում կարողացան լիովին ներկայացնել իրենց ծրագրերը, տեսակետներն ու մոտեցումները: Մեր թիմը նախընտրեց սեփական ծրագրով ԼՂՀ բնակչությանը տեղերում ներկայանալու, գուցե շատ պարզ թվացող, բայց ինչպես ընտրարշավի ընթացքն է ցույց տալիս՝ բավականին էֆեկտիվ մարտավարությունը: Իմ մրցակիցներից ոմանք, ցավոք, նախընտրեցին իրենց մարտավարությունը կառուցել, այսպես կոչված, «սեւ PR»-ի օգտագործման վրա: Դա, իհարկե, իրենց իրավունքն է, բայց թե որքանով այդ մարտավարությունը պահանջված էր, ցույց կտան քվեարկության արդյունքները:

– Արդյոք, Ձեր կողմից նշված «սեւ PR-ի» շարքի՞ն պետք է դասել Ձեր մրցակիցներից մեկի թիմը ներկայացնող փորձագետի այն պնդումները, որ ի տարբերություն իր՝ իբր «կարծր» դիրքորոշում ունեցող «պրոտեժեի», Դուք, ըստ էության, կողմնակից եք «տարածքային զիջումների»:

– Պետք է խոստովանեմ, որ քարոզարշավի այս ծանրաբեռնված օրերին միշտ չէ, որ հասցնում եմ հետեւել իմ որոշ ընդդիմախոսների «մտքի թռիչքներին»: Բայց, եթե ոմանք այդպես էլ չեն կարողացել հասկանալ այդ հարցի շուրջ իմ դիրքորոշումները, ապա գոնե պարտավոր էին չխեղաթյուրել ասվածը:

Իմ մոտեցումն այն է, որ խնդրի լուծման ուղիները որոնելիս պետք է հաշվի առնվեն անխտիր բոլոր կողմերի շահերը: Հակառակ դեպքում՝ բանակցությունները իմաստ չեն ունենա: Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի փոխհարաբերություններին առնչվող հարցերի համալիրը պետք է քննարկվի բանակցությունների սեղանի շուրջ՝ ամբողջական ձեւաչափով, այսինքն՝ ղարաբաղյան կողմի պարտադիր մասնակցությամբ: Դա կարեւոր է, որովհետեւ մեզ համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փաստացի անկախության միջազգային ճանաչումը գերակա առաջնահերթություն է: Սակայն դա չի նշանակում, որ մենք հրաժարվում ենք քննարկել մյուս ածանցյալ հարցերը: Խաղաղ կարգավորման այլընտրանք ես չեմ տեսնում:

– Եվ վերջին հարցը. ԼՂՀ նախագահ ընտրվելու դեպքում նախատեսո՞ւմ եք ԼՂՀ-ն ճանաչելու հարցը առաջարկել Հայաստանի իշխանություններին:

– Նախքան նման որոշում ընդունելը, հավանաբար, անհրաժեշտ կլինի խորհրդատվություններ անցկացնել: Հայաստանի Հանրապետությունը, ինչպես ցանկացած ինքնիշխան երկիր, ինքն է ընտրում իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, բայց, խորապես համոզված եմ, որ մեր փոխհարաբերություններում չեն կարող լինել ու չպիտի լինեն փակ թեմաներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել