Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՊԻՏԻ ԼԻՆԻ ԱՊԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՁ

Հուլիս 17,2007 00:00

Պնդում է ԱԺ նախկին պատգամավոր Աղասի Արշակյանը, ըստ որի՝ ժողովուրդն այլեւս չի ընտրի հայտնի անհաջողակներին:

«Հայաստանում առկա վիճակը շտկելու 2 ճանապարհ կա: Մեկը իշխանափոխությունն է,- մեր զրույցի ընթացքում ասաց Աղասի Արշակյանը:- Երկրորդն այն է, որ եղած իշխանությունները պետք է իրե՛նք վերակառուցվեն, այսինքն՝ սեփական շանորդիների, իրենց կլանի անդամի, իրենց հարազատի, եղբոր եւ այլոց նկատմամբ վերաբերմունքը պիտի փոխվի՝ նրանց գող ձեռքը պիտի կտրվի, կամ՝ գլուխները թռցվի, որ կարողանան վերադարձնել ժողովրդի կողոպտված հավատը»:

Սակայն թերահավատ լինելով երկրորդ ճանապարհի նկատմամբ՝ պրն Արշակյանը նախընտրեց խոսել առկա ուժերով իշխանափոխության իրագործելիության մասին. «Այն մեր երկրում հնարավոր է իրականացնել մի դեպքում՝ եթե հավաքվեն, ասենք, ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ 1 տոկոս եւ դրանից ավելի ձայներ հավաքած 13-14 քաղաքական ուժերի ղեկավարները եւ ընտրություններին չմասնակցած 1-2 ուժեր՝ ԱԺՄ-ն, ԱԻՄ-ը: Այս կուսակցությունների ղեկավարները պիտի նախ գան ընդհանուր հայտարարի, որ միայն իրենց բոլորի միասնությունը կարող է փոխել վիճակը, եւ ընդունեն, որ եթե չլինի միասնական թեկնածու, եւ իրենցից թեկուզ 2 մարդ մասնակցի նախագահական ընտրություններին՝ ոչինչ չի փոխվելու: Այս 15-16 գործիչները պետք է հայտարարեն՝ մեզնից յուրաքանչյուրը չի առաջադրվելու, չունենք նախագահական հավակնություններ: Միասնական թեկնածուն պետք է լինի Հայաստանի քաղաքական շրջանակներից դուրս մարդ: Մեր գործիչները պիտի հասկանան՝ ընտրողը հոգնել է եւ մեծ հաճույքով կիսահայտնի կամ անհայտ մեկին կընտրի պատգամավոր կամ նախագահ, բայց երբե՛ք իրեն հայտնի անհաջողակներին չի ընտրի կամ վերընտրի»:

Մեր խնդրանքով պարզաբանելով, թե քաղաքական շրջանակներից դուրս ո՞ր գործիչներին է տեսնում իբրեւ նախագահական ընտրություններում միասնական թեկնածու՝ Աղասի Արշակյանն ասաց. «Պիտի լինի այնպիսի մի մարդ, որին ճանաչում են քաղաքական գործիչները, սակայն նա հայտնի չէ քաղաքականության մեջ: Թեկնածուն կարող է լինել մի նշանավոր գիտնական, հարգված ինժեներ կամ խելքը գլխին զինվորական, տաղանդավոր մի բժիշկ… ցանկացա՛ծ մի մասնագետ: Այդ 15-16 քաղաքական գործիչներից յուրաքանչյուրն իրենցից բացի գոնե մի կարգին մարդու տեղ գիտի, չէ՞: Թող ամեն մեկն իր ճանաչած այդ կարգին մարդուն բերի: Եվ կարող եմ խորհուրդ տալ, թե այդ 15-16 կարգին մարդու միջից ինչպես կարելի է ընտրել լավագույնին: Թող բաժանեն այդ 15 հոգուն 5 հատ 3 հոգանոց ենթախմբերի: 3 հոգուց մեկին՝ լավագույնին հնարավո՞ր չէ ջոկել: Թող անեն 1/4 եզրափակիչ, կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ՝ այդ ձեւով որոշեն եւ գնան կանգնեն միասնական թեկնածուի կողքը: Միայն այս ձեւով է հնարավոր՝ մնացած բոլոր դեպքերում ընդդիմությունը հանդես է գալու Սերժ Ազատիչի օգնականի դերում»:

Փաստորեն՝ նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածուին որոշելու միակ ձեւը յուրօրինակ մարզական առաջնություն անցկացնե՞լն է: Մեր այս կեսկատակ դիտարկմանը պրն Արշակյանը նույն կերպ արձագանքեց. «Ուզում եք՝ ֆուտբոլի առաջնության պես արեք: Կարելի է նաեւ «Միսս Տիեզերքի» ընտրության համակարգով անել: Ընտրության բազմաթիվ համակարգեր կան»:

Մինչդեռ այս համակարգերը գործադրելու ժամանակ գրեթե չի մնում՝ արդեն աշնանը պիտի կայանան կուսակցական համագումարները, որտեղ պիտի առաջադրվեն նախագահական ընտրությունների թեկնածուները: «Այո՛, արդեն ուշ է,- համաձայնեց պրն Արշակյանը:- Ընտրություններին մնացել է առավելագույնը 8 ամիս: Եվ ընտրությունը պետք է անել այս 1-2 ամսում: Դրանից հետո թողնելը կլինի դատարկ խոսակցություն: Ինչ-որ մարդիկ դուրս են պրծնում՝ առաջարկում սրա-նրա թեկնածությունը. չի՛ լինելու: Ես գտնում եմ, որ 3 հոգի կարող են հավակնել ընդդիմադիր դաշտից հանդես գալու իբրեւ միասնական թեկնածու՝ Վազգեն Մանուկյանը, Արթուր Բաղդասարյանը եւ Արամ Կարապետյանը: Բայց նրանցից յուրաքանչյուրին դարձնենք առանցքային թեկնածու՝ էլի հնարավոր չի լինի արմատախիլ անել ներկայիս գերաճած ու գերարմատակալած կլան-հրեշին: Հենց որ այդ 3-ը մնացին ասպարեզում՝ իրենք իրար են խոցելու: Թող ինձ ների իմ կողմից շատ հարգված եւ մի անգամ նախագահ ընտրված անձը, բայց հենց նրան դարձրինք միասնական թեկնածու՝ հիշելու են նրա վարչապետության օրոք եսայիների արածները, նաեւ Հայկական նավատորմի այն նավերը, որոնք խորտակվեցին Սենեգալում, թե Սինգապուրում: Նման հակափաստարկները հիմնականում անարդար են եւ անհիմն, բայց միեւնույն է՝ պղտորելու են ընտրողի գիտակցությունը: Ուստի պետք է գտնել քաղաքականությունից դուրս, բայց քաղաքականությանը լավատեղյակ մեկին: Ինքս գիտեմ նման մարդկանց, բայց երբեք նրանց հետ չեմ խոսել այդ թեմայով, ուստի չեմ ուզում անուններ տալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել