Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորներին պատժեցին

Հուլիս 14,2007 00:00

ՀՀ արդարադատության նախարարը նախորդ օրը Արդարադատության խորհրդին միջնորդություններ էր ներկայացրել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Աթանյանին, ինչպես նաեւ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավորներ Ե. Դարբինյանին, Ա. Հովհաննիսյանին եւ Ա. Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը, դատավոր Լ. Աթանյանի նախագահությամբ, քննության էր առել Միշա Հարությունյանի գործը: Վերջինս Ստրասբուրգի մարդու իրավունքների եվրոպական դատարանում այս տարվա հունիսի 28-ին հաղթել էր պետությանը, իսկ վնասն էլ գնահատվել էր 4,5 հազար եվրո: Սյունիքի վերոնշյալ դատավորը դատավճռի պատճառաբանական մասում գրել էր. «Դատարանը գնահատական տալով Գուրգեն Տավարածյանի, Կարեն Անտոնյանի նախաքննության եւ դատաքննության ժամանակ տրված հակասական ցուցմունքներին, գտնում է, որ իրականում հետաքննության մարմնի կողմից Զինվորական ոստիկանության բաժնում բռնություն է գործադրվել ճշմարտությունը բացահայտելու համար»:Արդարադատության խորհուրդը, քննարկելով ներկայացված միջնորդությունները, գտավ, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Աթանյանի կողմից թույլ են տրվել ՀՀ սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված նորմերի խախտումներ, որոնք հիմք են հանդիսանում դատավորին կարգապահական տույժի ենթարկելու համար: Արդարադատության խորհուրդը որոշեց դատավոր Լ. Աթանյանին հայտարարել խիստ նկատողություն, զուգորդված՝ մեկ տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանի, ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավորների հարցով Արդարադատության խորհուրդը գտավ, որ. «Թեեւ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճիռը եւ չի վերացրել Մ. Հարությունյանի վերաբերյալ քրեական գործով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Աթանյանի կողմից թույլ տրված ՀՀ սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված նորմերի խախտումները, այնուամենայնիվ, քրեական գործով դատավճիռը կայացրել է գործով ձեռք բերված այլ ապացույցների, հետեւությունների եւ եզրահանգումների հիման վրա եւ ոչ՝ խոշտանգումների արդյունքում ստացված ցուցմունքների»: ԱԽ-ն կարճեց Ե. Դարբինյանին, Ա. Հովհաննիսյանին եւ Ա. Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործը՝ բավարարվելով հարցի քննարկմամբ:Արդարադատության խորհուրդը երեկ դադարեցրել է Արդարադատության խորհրդի անդամ Ռոբերտ Ավագյանի լիազորությունները: Կարգապահական հանձնաժողովի կազմը համալրվել է ԱԽ անդամ նշանակված Տարիել Բարսեղյանով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել