Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հուլիս 14,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք հինգերորդ

Գլուխ յոթերորդ

ՕՆԼԱՅՆ ԾԱՂԿԱՁՈՐԻՑ

«Բարսելոնա»-«Չելսի» խաղն արդեն սկսված է, ու ես մեր ստեղծագործական տան իմ էս սենյակի հեռուստացույցի էկրանից արագ-արագ արտագրում եմ թիմերի կազմերը, բայց չեմ հասցնում բոլոր ֆուտբոլիստների անուններն արտագրել, որովհետեւ օպերատորն ու ռեժիսորը չափազանց կարճ են էդ տիտրերը պահում, եւ դա միանգամայն ներելի է, քանի որ իրենք չգիտեն, որ ինչ-որ վիպասան կյանքում առաջին անգամ ֆուտբոլային ռեպորտաժ է պատրաստվում գրել, եւ ամենից վատն էն է, որ ես տիտրերից հասցրի արտագրել հիմնականում է՛ն ֆուտբոլիստների անունները, որոնց ո՛չ միայն համարներով, այլեւ դեմքով ու շարժուձեւերից գիտեմ:

Վերջին տարիներին քմահաճ ճակատագիրն էս երկու թիմերին իրար դեմ է հանում ճիշտ է՛ն հաճախականությամբ, ինչ հաճախականությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ֆուտբոլային թիմերին է իրար դեմ հանում: Էս համեմատությունս տեղին է ընդամենը քմահաճ ճակատագրի առումով, մինչդեռ ֆուտբոլի ու ֆուտբոլային խաղամակարդակի առումով, արդեն մի քանի անգամ համոզվել ենք, նույնիսկ ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն խաղերը չեն կարող համեմատվել էս «Չելսի»-«Բարսելոնա» ու «Բարսելոնա»-«Չելսի» խաղերի, ավելի ճշգրիտ՝ ճակատամարտերի հետ: Էս առումով, իհարկե, չեմպիոնների լիգայի ու հատկապես էս երկու թիմերի խաղերը մասամբ հագեցնում են իսկական ֆուտբոլասերի ֆուտբոլային ծարավը, ինչը չկարողացավ հագեցնել աշխարհի՝ մանավանդ վերջին առաջնությունը:

Ասացի, որ վերջին տարիների «Բարսելոնա»-«Չելսի» եւ «Չելսի»-«Բարսելոնա» պերմանենտ բախումները նման են ամենաիսկական ճակատամարտերի, եւ եթե համաձայն եք իմ էս բնորոշմանը, պիտի համաձայնվեք նաեւ, որ Մոուրինյոն ու Ռեյկարդն էլ էս պերմանենտ ճակատամարտերի հրամանատարներն ու գեներալներն են, ավելի ճիշտ՝ մարշալները, բայց, մյուս կողմից էլ, էս երկու գրանդների ցուցադրությունները կարելի է համեմատել թատրոնի, ընդ որում՝ ամենամեծ թատրոնի հետ, ու էս դեպքում էլ նույն Մոուրինյոյին ու նույն Ռեյկարդին պիտի համարենք մեծագույն բեմադրիչներ, եւ իրենց էս բեմականացումներն ամեն անգամ վերաճում են իսկական ողբերգության, բայց, բարեբախտաբար, ի տարբերություն շեքսպիրյան եւ այլ ողբերգությունների, էստեղ ողբերգությունն ու ցնծությունը մշտապես միախառնված են, եւ եթե կողմերից մեկն իսկական ողբերգություն է ապրում, էդ նույն պահին կողմերից մյուսի ցնծությո՛ւնն է իսկական ու կատարյալ, եւ էդ իմաստով կարծես բացառություն չի լինելու նաեւ էս զույգի էսօրվա՛ ճակատամարտը կամ, ինչպես ասացի, թատրոնը:

Մոուրինյոն է՛ն բեմադրիչներից է, ովքեր շեշտը դնում են ո՛չ էնքան դերասանի տաղանդի ու անհատականության վրա, ինչքան՝ բեմադրության ու բեմականացման գաղափարի, մինչդեռ Ռեյկարդն, ընդհակառակը, ապավինում է կատարողների կատարողական տաղանդին ու անհատականությանը, ու էս դեպքում է՛լ կոլեկտիվ ներդաշնակությունը չի բացառվում, ինչպես որ՝ Մոուրինյոյի դեպքում չեն բացառվում Դրոգբայի կամ, ասենք, Լեմպարդի տաղանդի ու անհատականության բացահայտումներն ու փայլատակումները: Մի խոսքով, երկու միանգամայն տարբեր եւ նույնիսկ հակադիր մոտեցումների անհավասար, ավելի ճիշտ՝ հավասար մրցություն է, ու էս իմաստով է՛լ կարծես էսօրվա ներկայացումը բացառություն չի լինելու, մանավանդ որ, մինչ էսպես ասում ու խոսում եմ, Դեկուն արդեն գոլ է խփել:

Էսօրվա խաղը պատասխանելու է նաեւ շատերիս հետաքրքրող հետեւյալ հարցին. «Բարսելոնայից» Էտոօի՞ բացակայությունն է առավել որոշիչ լինելու, թե՞ «Չելսիից»՝ Չեխի ու Շեւչենկոյի բացակայությունը:

Պարզվեց՝ Էտոօն «Բարսային» ավելի էր անհրաժեշտ, չնայած ճիշտ հակառակը կարող էր պարզվել, եթե խաղավերջի ավելացված րոպեներին Դրոգբային չհաջողվեր համատեղել իր ֆանտաստիկ արագությունն ու նույնքան ֆանտաստիկ տեխնիկան, եւ հիմա, երբ խաղն արդեն ավարտված է, կարող եմ ավելի մանրամասն անդրադառնալ էդ խաղի բուն բովանդակությանը:

Խաղը ռեալ բովանդակություն ստացավ հենց երրորդ րոպեին, երբ Դեկուն, խորքից փոխանցում ստանալով, առանց գնդակը երկարբարակ մշակելու՝ կրակեց սակավափորձ Հիլարիոյի դարպասին. սակավափորձն անզոր գտնվեց եւ գնդակը գլխիկոր դուրս բերեց իր կողմից անպաշտպան թողնված դարպասից, իսկ Մոուրինյոն շարունակում էր հանգիստ նստած մնալ պահեստայինների կողքին, եւ դեմքի մկաններն էլ անշարժ էին, ու էնպիսի տպավորություն էր՝ ասես գոլ չէր խփվել, եւ ֆուտբոլիստների խաղն է՛լ էր էդպիսի տպավորություն թողնում, եւ եթե իններորդ րոպեին Մեսսիի չտեսնված փոխանցումից հետո Ռոնալդինյոն աններելիորեն չվրիպեր, «Չելսիի» ֆուտբոլիստներն ու հատկապես գլխավոր մարզիչն անմիջապես կզարթնեին, բայց ֆուտբոլային կախարդն էս անգամ ի՛նքը կախարդվեց, եւ «Չելսին» շարունակեց իր քնատ խաղը, իսկ քսանյոթերորդ րոպեից սկսած՝ բոլորն արթնացան, եւ առաջինն արթնացավ մրցավար Ստեֆանո Ֆարինան, որը մինչ այդ բավական կոշտուկոպիտ խաղացողներից որեւէ մեկին դեղին ցույց չէր տվել եւ քսանյոթերորդ րոպեին արթնանալով ու գրպանում դեղինների տրցակը հայտնաբերելով՝ ընդամենը երկու րոպեների ընթացքում նախ Էշլի Քոուլին դեղին ցույց տվեց, այնուհետեւ՝ Ռոբենին, եւ ավելի ոգեւորվելով՝ քիչ անց Էշլի Քոուլին երկրո՛րդ դեղինը ցույց տվեց, այսինքն՝ մեքենայորեն պիտի կարմիրը հետեւեր, եւ դա անմիջապես տեսան ու հասկացան ո՛չ միայն «Նոու Կամպում» նստած բազմահազարները, այլեւ՝ բազմամիլիոն հեռուստադիտողներս, ինչպես նաեւ ի՛նքը՝ Էշլի Քոուլը, որն արդեն տրամադրվել էր խաղադաշտը լքել, բայց տեսնելով, որ Ֆարինան կարմիր չի հանում, մտափոխվեց, եւ երբ Մեսսին կարմիրի հաշվով դատավորին հուշեց, կատաղած ու անհարմար վիճակում հայտնված Ֆարինան մի նոր դեղին գրպանից հանելով՝ նախ Մեսսիի՛ն ցույց տվեց եւ ապա Լեմպարդին՝ դրանով Մեսսիին, բոլորին ու նաեւ ինքն իրեն հասկացնելով, որ նախորդ դեղինը ո՛չ թե Էշլի Քոուլին էր վերաբերել, այլ՝ Լեմպարդին, եւ դրա համար Ֆարինան միանգամայն լուրջ հիմքեր ուներ, քանի որ մինչ այդ զլացել էր «Բարսելոնայի» դարպասին նշանակել միանգամայն ռեալ տասնմեկմետրանոցը, եւ, բացի այդ, «Բարսան» առանց Ֆարինայի օգնության էլ հաղթում էր 1:0 հաշվով:

Մեսսիի դեղինով արհեստականորեն խաղը տաքացրած մրցավարը ֆուտբոլիստներից ինչ-որ մեկին է՛լ դեղին ցույց տվեց՝ այս անգամ արդեն բորբոքված կրքերը հանդարտեցնելու նպատակով, բայց կրքերը հիմնավորապես ու բոլորեքյան էին բորբոքվել, եւ ընդամենը մեկ րոպեի ընթացքում Վալդեսը երկու անգամ ուղղակի հրաշքով փրկեց իր թիմին, իսկ ընդմիջումից մի քանի րոպե առաջ տուգանայինում Մակելելեին տապալեցին, ու Ֆարինան վերստին տասնմեկմետրանոց չնշանակեց՝ արդեն վերջնականապես ու լիովին վարձահատույց լինելով Էշլի Քոուլի կարմիրը չհանելու դիմաց:

Առաջին խաղակեսում դեղինները հինգն էին, ու երկրորդում է՛լ Ֆարինան գրպանից նույնքան դեղին հանեց, բայց երկրորդում մտածված ու զգուշորեն էր դեղինները հանում, որ չլինի թե՝ նույն ֆուտբոլիստին երկրորդ անգամ ցույց տար, ու վերստին կարմիրի հարց ծագեր:

Երկրորդի հենց առաջին րոպեներին «Չելսին» երեք ռեալ գոլային պահեր ստեղծեց, բայց իրացրեց չորրորդն ու ամենաանհավանականը. Լեմպարդը դարպասային գծից գնդակն էնպես պտտեցրեց, ինչպես միայն թենիսիստներն են կարողանում անել. 1:1:

Ճակատամարտը մինչ այդ էր սկսվել եւ իր գագաթնակետին հասավ, երբ Ռոնալդինյոն ձախից իր հերթական ռեյդից հետո գնդակն սկուտեղով մատուցեց Գուդյոնսենին՝ ստիպելով, որ վերջինս վերջապես գոլ խփի, եւ վերջինս վերջապես խփեց. 2:1: Դրանից հետո Ռոնալդինյոն եւս երկու անգամ նույնն արեց, բայց Գուդյոնսենն անդրդվելի էր: Դրոգբայի գոլի մասին արդեն ասել եմ. 2:2:

Ինչեւէ. ճակատամարտը կայա ցավ, ներկայացումը՝ նույնպես, ողբերգությունը՝ առավել եւս, բայց, չգիտես ինչու, «Նոու Կամպը» ո՛չ ծափահարում էր, ո՛չ արտասվում էր, այլ՝ ընդամենը սուլում էր, եւ դա նշանակում էր, որ, չնայած խաղը ոչ-ոքի էր պրծել, այնուամենայնիվ, հաղթել էր «Չելսին»: Ավելի ճիշտ՝ Մոուրինյոն: Իսկ միգուցե, այնուամենայնիվ, Աբրամովի՞չը:

Ինչ վերաբերում է ինձ, ես հաստատ հաղթել եմ, որովհետեւ, եթե հիշում եք, ես խաղադրույքս «Չելսիի» վրա դրել ու եկել էի Ծաղկաձոր, ու խաղադրույքիս բովանդակությունն էն էր, որ «Չելսին» էս խաղում չի պարտվի, այսինքն՝ կամ կհաղթի, կամ էլ՝ ոչ-ոքի կանի, ու խաղադրույքիս տոկոսադրույքն էլ մեկ ամբողջ վաթսունհինգ տասնորդական է, այսինքն, դրածս տասը հազար դրամով վեց հազար հինգ հարյուր դրամ եմ շահել, բայց ես, ինչպես միշտ, ինձ տրամադրում եմ, որ ո՛չ թե վեց հազար հինգ հարյուր եմ շահել, այլ՝ տասնվեց հազար հինգ հարյուր, որովհետեւ, եթե խաղի ամենավերջում՝ ավելացված ժամանակում Դրոգբան իր էդ գոլը չխփեր ու հաշիվը չհավասարեցներ, ես ո՛չ միայն էս վեցուկեսը չէի շահի, այլեւ՝ էն դրածս տասը հազարն է՛լ կկորցնեի. այսինքն, էս պահի դրությամբ՝ ամբողջ տասնվեց հազար հինգ հարյուր էի տուժելու, եւ սա է՛ն նրբություններից է, որ խաղադրույք կատարողներից շատերը ոչ մի կերպ չեն ըմբռնում՝ էսպիսի դեպքերում համարելով, որ ո՛չ թե տասնվեց հազար հինգ հարյուր են շահել, այլ ընդամենը՝ վեց հազար հինգ հարյուր, ու էդպես համարելով՝ մշտապես նաեւ հոգեբանական առումով են տուժած դուրս գալիս, մանավանդ որ՝ իրենց վերջնահաշվարկներից հետո մշտապես համոզվում են, որ ընդհանուր առմամբ իսկապես ու մշտապես տանուլ տված են. այսինքն, խաղացողներից շատերը ո՛չ միայն իսկապես տանուլ տված են, այլեւ, ինչպես տեսնում եք, շահելու դեպքերում է՛լ շահածի արժեքը լրիվ ու ամբողջական չեն պատկերացնում, մինչդեռ ես լավ էլ պատկերացնում եմ ու հատկապես էս պահին՝ Ծաղկաձորում եմ պատկերացնում, որովհետեւ ես էդ իննսուն ու մի քանի րոպեների արդյունքում ո՛չ միայն տասնվեց հազար հինգ հարյուր շահեցի, այլեւ հընթացս ու ձեռի հետ էդ խաղի ռեպորտաժը միանգամայն մանրակրկիտ գրեցի եւ հիմա արդեն նաեւ ենթադրում եմ, որ էս գրածիս համար Արայիկից հոնորար է՛լ եմ ստանալու, ու էս ամենին էլ գումարելով է՛ն ամենակարեւոր հանգամանքը, որ էս ռեպորտաժս մեխանիկորեն ու ամբողջապես էս վեպիս մեջ է՛լ մտավ, արդեն սկսում եմ հասկանալ, որ ո՛չ թե կրկնակի եմ շահել, այլ՝ ուղիղ եռակի, քանզի համոզված եմ, որ ուղիղ եթերից էս ամենաուղիղ ռեպորտաժս Արայիկին հաստատ դուր կգա, մանավանդ որ՝ հենց իր ուզածի պես ստացվեց՝ միանգամայն ինքնատիպ եւ միանգամայն, ինչպես ջահելներն են ասում, փախած, ու որ էս ռեպորտաժս էսքան սահուն էս վեպիս մեջ սղղացրի, դրանից էլ, կարծում եմ, Արայիկը չի դժգոհի ո՛չ միայն էն պատճառով, որ ինքն էս վեպիս ամենապարտաճանաչ ու ամենահետեւողական ընթերցողներից է, այլեւ է՛ն պարզ պատճառով, որ էս գրածս առաջինն իր էդ «90 րոպե» թերթում է տպագրվելու՝ ընդամենը մի քանի օրից, մինչդեռ էս հատվածն «Առավոտում» կտպագրվի երեւի մի տարուց, ու էս հանգամանքից, կարծում եմ, Արամն է՛լ առանձնապես չի դժգոհի, որովհետեւ, համոզված եմ, ինքն է՛լ կկարդա ու կհամոզվի, որ ֆուտբոլային էս առաջին ռեպորտաժս նախ էս վեպիս մեջ միանգամայն ներդաշնակորեն մտավ եւ հետո նո՛ր միայն դարձավ «90 րոպե» թերթի նյութ, ու հիմա՝ էսքան շահելուցս հետո ծիծաղելի կլինի՝ եթե շարունակեմ դարդ անել «Ժուկով-ժամանակովի» համար, բայց էս անտեր հիշողությունը, որի շնորհիվ, փաստորեն, անասուններից որոշակիորեն ենք տարբերվում, ստիպում է հիշել ու նաեւ մտածել, ու ես հիմա, այնուամենայնիվ, վերստին ափսոսում եմ, որ սցենարի վերածած վերջին հեքիաթներս՝ «Քաջ Նազարն» ու «Քեֆ անողին քեֆ չի պակսին» չտեսագրվեցին ու եթեր չմտան, ընդ որում՝ ո՛չ միայն ջուրն ընկած չարչարանքիս ու չստացածս հոնորարներիս համար եմ ափսոսում, այլեւ է՛ն բանի համար, որ էդ Քաջ Նազարիս մեջ շատերը կարող էին իրենց գտնել, եւ երբ Շաբլովսկու մասին վերջին կտորս գրում էի, մտքովս անցավ, որ ինչ-որ չափով նույնիսկ Շաբլովսկին էր Քաջ Նազար, եւ հիմա, երբ իմ ու էս պահի իմ վիճակն եմ նկարագրում, հասկանում եմ, որ, ճիշտ է, ես էլ ի՛մ ասպարեզում եմ մի քիչ Քաջ Նազար, բայց ես ավելի շուտ ու ավելի շատ «Քեֆ անողին քեֆ չի պակսիի» Քեֆչի Հասանն եմ, որի գործին Հարուն Ալ Ռաշիդ թագավորը մշտապես խփում էր, բայց որը միշտ մի նոր գործ էր ճարում ու շարունակում էր քեֆ անել, եւ չնայած քեֆերի ու խմելու հարցերում չափավոր եմ, բայց, ինչպես միշտ, էս անգամ է՛լ նոր գործ ու նոր զբաղմունք ճարեցի, եւ հիմա, երբ արդեն երկրո՛րդ անգամ եմ էս բանը մտածում, Ծաղկաձորի աշնանային ու շողշողուն առավոտներից մեկն է, ու գրասեղանին վեպիս էս ամենավերջին էջերն են թափթփված, որոնք ինքնըստինքյան ու ինքնաբերաբար նաեւ Արայիկի «90 րոպեին» են վերաբերում, ու հիմա նաեւ շահածս տասնվեցուկես հազարը հաճելիորեն վերհիշելով՝ տրամադրվում եմ իջնել նախաճաշի ու արդեն նաեւ մտածում եմ Ալիկի աչքին չերեւալ, որովհետեւ վերջնականապես եմ համոզվում, որ վաղուց արդեն բուն նյութիս վերադառնալու ժամանակն է, եւ չնայած արդեն բուն նյութիցս կտրված՝ հատորուկես էսպես գրում ու պատմում եմ, բայց մշտապես ու հընթացս հասկանում էի, որ, ինչքան էլ էսպես ձգձգեմ, բուն նյութիս վերադարձս միանգամայն պարտադիր է, եւ վերադարձիս համար սրանից հարմար պահ դժվար թե ունենամ, եւ եթե ինձ հաջողվի միառժամանակ Ալիկի տեսադաշտից դուրս մնալ, Ծաղկաձորի էս առաջիկա շաբաթվա ընթացքում արդեն վերջնականապես ու հիմնավորապես կվերադառնամ բուն նյութիս, եւ չնայած քչերդ եք հիշում, թե կոնկրետ երբ եմ բուն նյութիցս կտրվել ու շեղվել, բայց կարեւորն այն է, որ ես էս պահին ո՛չ միայն շեղվելուս ճշգրիտ պահը հիշեցի, այլեւ հիշեցի, որ խելոքներից մեկն ասել է՝ «եթե ուզում ես որեւէ բան հիշել, պիտի նախ եւ առաջ մոռանալ կարողանաս», ու էս ասվածից ոգեւորված՝ ես վերստին մտածում ու հիշում եմ, որ ո՛չ թե հատորուկես առաջ՝ օգոստոսի լույս ութի տեղատարափից ու Լիզայից հետո եմ բուն նյութիցս շեղվել, այլ՝ Լիզայից էլ ահագին առաջ, երբ ես ու իմ ընկեր Սերգեյը Ֆիլյանների օջախից թենիսով հաղթած դուրս եկել եւ Մոնումենտի իրենց տան դիմացի կանգառում ասում ու խոսում էինք՝ սպասելով Քանաքեռից իջնող թիվ 2 ավտոբուսին, ու արդեն մի քանի ավտոբուս գիտակցաբար բաց էի թողել, որովհետեւ ամենեւին չէի շտապում տուն հասնել, քանի որ մի շաբաթ առաջ Լիզան ու տեղատարափն արդեն եղել էին, ու հորս ասած «անբանն» ականջներիցս դեռեւս չէր մաքրվել, այսինքն, արդեն օգոստոսի տասնվեցն էր, եւ տասնվեցի էդ իրիկուն «Ավանգարդի» տակի խինկալիանոցում Ախալքալաքցի Աշոտն արդեն Բժշկական ինստիտուտի «Ապագա բժիշկ» թերթի հաշվով լիաբերան խոսք էր տվել, ու չնայած մի քանի թիվ 2 ավտոբուս գիտակցաբար բաց էի թողել, բայց հաջորդն արդեն անպայման նստելու էի, որովհետեւ արդեն տասներկուսն էր դառնում, եւ հաջորդն, ըստ ամենայնի, վերջինն էր լինելու, եւ էդ վերջինն անպայման պիտի նստեի, քանի որ տաքսու փող չունեի, եւ չնայած տանը՝ բարձիս տակ լիքը երեքանոցներ էին թափթփված, բայց, եթե հիշում եք, ես հորս էդ երեքանոցներին մատով անգամ չէի դիպչում եւ եթե դիպչում էլ էի՝ ընդամենը դրանց քանակությունը ճշտելու նպատակով, եւ ահա՝ վերջին ավտոբուսը հայտնվեց, ու ես Սերգեյին հրաժեշտ տալով՝ նստեցի ու իջա տուն:

Երբ բանալիովս դուռն անաղմուկ բաց արի ու տուն մտա, միջանցքի լույսն, ինչպես միշտ, վառ էր, բայց մերոնք ու մայրս քնած էին, որովհետեւ օգոստոսի լույս ութի տեղատարափից ու Լիզայից արդեն մի շաբաթ էր անցել, եւ էդ մի շաբաթվա ընթացքում մայրս արդեն վարժվել էր ամենաուշը տասներկուսին տուն գալուս եւ ինձ սրտատրոփ չսպասելով՝ հանգիստ պառկում ու քնում էր, բայց երեւի ինձ էր թվում՝ թե քնում էր, որովհետեւ, երբ հնարավորինս անաղմուկ ննջարանով անցա ու շուշաբանդ գնացի, մայրս պառկած տեղից ձայն տվեց ու ասաց, որ խոհանոցում ուտելիք կա դրված, ու ես սուսուփուս խոհանոց գնացի, բայց ուտելիքներին մատով անգամ չկպա, որովհետեւ էդ իրիկուն «Ավանգարդի» տակ ահագին խինկալի կերել ու ահագին էլ գարեջուր էինք խմել, բայց ես մորս չասացի, որ կերած եմ եւ սուսուփուս գնացի խոհանոց ու սուրճ եփեցի, որովհետեւ հեչ քունս չէր տանում, ու, հիշում եմ, տասներկուսն անց քսան էր. այսինքն, յոթանասունվեց թվականի օգոստոսի տասնյոթն արդեն սկսվել էր, բայց տասնվեցն անհետեւանք չէր անցել ու ահագին հույս էր թողել՝ Ախալքալաքցի Աշոտի ու իրենց էդ «Ապագա բժիշկ» թերթի հետ կապված, եւ սուրճս ըմբոշխնելով՝ հաջորդ օրվա անելիքս էի մտմտում ու Ախալքալաքցի Աշոտի խոստումից արդեն ողջ հոգով ու վերջնականապես էի կառչած, եւ չնայած բարձիս տակն աննախադեպ լիքն էր, բայց ես արդեն գիտեի, որ դա ինձ համար ապագա չի, եւ սուրճս խմելով ու ուտելիքներին ձեռք չտալով՝ ուտելիքներն անաղմուկ դրի սառնարանը, խոհանոցի լույսը հանգցրի ու ննջարանով սուսուփուս գնացի շուշաբանդ, եւ երբ մայրս հարցրեց՝ «կերա՞ր», ես պատասխանեցի ու ասացի՝ «հա» եւ տեղաշորիս մեջ սողոսկելով՝ ահագին ժամանակ չէի կարողանում քնել, չնայած էդ օրվա ընթացքից շատ էլ գոհ էի, որովհետեւ, եթե հիշում եք, էդ օրը նախ բառախաղով էի տղերքին խինկալի կրել, այնուհետեւ Ֆիլյանների հարկի տակ Ռուբոյին ահագին պաղպաղակ էի կրել, ու էականն էնքան պաղպաղակը չէր, ինչքան թենիսով էդ հաղթանակս՝ ավագ Ֆիլյանի, Էդոյանի, Հովհաննեսի, Թոփչյանների, իմ ընկեր Սերգեյի եւ հատկապես ու առանձնապես Ֆիլյան Ռուբոյի առկայությամբ, բայց, այդուհանդերձ, էդ օրվա հաջողությունն ու արդյունքը ո՛չ թե այն էր՝ ինչն արդեն եղել ու տեղի էր ունեցել, այլ այն՝ ինչը դեռեւս չէր եղել, բայց իբրեւ հույս արդեն մեջս ձեւավորված ու ամբողջացած էր, եւ էդ հույսն ամբողջովին Ախալքալաքցի Աշոտով ու իրենց էդ «Ապագա բժիշկով» էր մարմնավորված, եւ ես էդ ամբողջ որոշակիության ու անորոշության մեջ տարուբերվելով՝ ահագին ժամանակ չէի կարողանում քնել, եւ երբ մայրս ձայն տվեց ու հարցրեց՝ «էդ ինչի՞ չես քնում», ես պատասխանեցի ու ասացի՝ «քնում եմ», եւ անմիջապես սկսեցի հազարը հաշվել, որովհետեւ էդ տարիներին մինչեւ հազարը հաշվում եւ ութ հարյուրի մատույցներում արդեն քնած էի լինում, բայց էդ գիշեր, հիշում եմ, առաջին հազարը պրծա ու երկրորդ հազարի կեսերից սկսած՝ հաշվելս դադարեցրի, բայց տեղաշորիս մեջ անշարժ էի ու համարյա չէի շնչում, որովհետեւ մինչեւ մայրս չհամոզվեր, որ իր ընտանիքի բոլոր անդամները քնած են, ինքը չէր քնի, եւ առավոտներն էլ առաջինն էր զարթնում՝ երբ բոլորս դեռեւս քնած էինք, ու էդպես անշարժ՝ սուտքուն ձեւանալով՝ ինքս է՛լ չզգացի՝ երբ քնեցի, եւ առավոտյան արթնանալով՝ սուրճս եփեցի, տեղավորվեցի գրասեղանի մոտ ու հանապազօրյա մի քանի տողերս գրելուց հետո՛ միայն հիշեցի, որ պիտի Բժշկական գնամ ու Ախալքալաքցի Աշոտին տեսնեմ, եւ արդեն տասնմեկն ահագին անց էր, ու ես արագ-արագ հագնվելով եւ բերանս մի բան գցելով՝ տնից դուրս եկա եւ ինձ գցեցի թիվ 2 տրամվայն ու Բժշկականի մոտ իջնելով՝ գլխավոր մուտքից մտա էդ շենք է՛ն պահին, երբ արդեն երկար դասամիջոցն էր, եւ միջանցքները լեփլեցուն էին շքեղաշուք ու ընտիր ջահելությամբ, ու էդ ջահելներից «Ապագա բժիշկ» թերթի տեղը ճշտելով՝ մոտեցա խմբագրության դռներին, որոնցից առաջինի վրա գրված էր՝ «Գլխավոր խմբագիր», իսկ երկրորդի վրա՝ «Ապագա բժիշկ», ու մինչ կհամարձակվեի էդ երկրորդ դուռը բաց անել, դուռն իմ դեմ անակնկալ բացվեց, ու դեմս շողշողաց ինքը՝ Ախալքալաքցի Աշոտը, եւ Աշոտն ինձ տեսնելով ու ձեռքս սրտանց սեղմելով՝ ասաց.

– Էս խի՞ ուշացար, ա՛յ Արմո:

– Շատ ե՞մ ուշացել,- իր ձեռքը սեղմելով՝ հարցրի ես:

– Չէ: Խմբագրին արդեն ասել եմ. հիմի կմտնենք իրա մոտ՝ քեզ կներկայացնեմ,- ասաց Աշոտն ու մոտենալով գլխավոր խմբագրի դռանը՝ ականջը դռանը կպցրեց ու հենց էդ պահին խմբագրի սենյակից մի ահավոր դղրդոց լսվեց, եւ Աշոտը դեպի ինձ շրջվելով՝ ասաց.- Արմո ջան, ոնց որ խմբագիրը զբաղված ա. գնանք մեր սենյակ՝ մինչեւ ազատվի:

Ես Աշոտի հետեւից մտա երկրորդ սենյակը, որի դռան վրա գրված էր՝ «Ապագա բժիշկ», եւ երբ ներս մտանք, Աշոտն ինձ ներկայացնելով դիմացի գրասեղանի հետեւում նստած տարիքավոր կնոջը՝ ասաց.

– Արմենը բանաստեղծ է, ընկեր Բասենցյան:

– Վաղո՞ւց եք ստեղծագործում,- ակնոցը դնելով՝ ինձ հարցրեց Բասենցյանը:

– Չէ,- ասացի ես.- նոր եմ սկսել:

– Նոր եք սկսել, բայց արդեն տպագրվում եք,- ասաց Բասենցյանը:

– Ընկեր Բասենցյանը գլխավոր խմբագրի տեղակալն է,- ինձ ասաց Աշոտը:

– Ուրախ եմ,- ձեռքս Բասենցյանին մեկնելով՝ ասացի ես ու ներկայացա.- Արմեն:

– Իր մասին էիր ասում, չէ՞,- Աշոտին հարցրեց Բասենցյանը:

– Հա,- ասաց Աշոտը:

– Խմբագրի մոտ մտա՞ք,- հարցրեց Բասենցյանը:

– Չէ,- ասաց Աշոտը.- մոտը մարդ կա:

– Ո՞վ է,- աջ կողմի գրասեղանի հետեւում նստած երիտասարդ աղջկան հարցրեց Բասենցյանը:

– Սեյրանն ա մոտը, ընկեր Բասենցյան,- ասաց գանգրահեր ու նիհար աղջիկը:

– Եթե Սեյրանն է, դժվար թե շուտ ազատվի,- բազմանշանակ ասաց Բասենցյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել