Լրահոս
Օրվա լրահոսը

Ստուգարք՝ Թաիլանդից առաջ

Հուլիս 14,2007 00:00

\"\"Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական ուսումնարանում անցկացվեց ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի գավաթի առաջնությունը
տղամարդկանց միջեւ:

Անցնող տարվա հանրապետության լավագույն ծանրորդին որոշելու համար պայքարի մեջ մտավ 26 մարզիկ, որից 16-ը պայքարեց ուժեղների խմբում: Նրանց մեջ էին վերջին տարիներին միջազգային մրցաշարերում հաղթող ու մեդալակիր դարձած մեր գրեթե բոլոր ուժեղագույն ծանրորդները: Հարգելի պատճառներով բացակայում էին Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Դավթյանը եւ արծաթե մեդալակիր Արա Խաչատրյանը:

Գավաթի խաղարկության ժամանակ հաղթողը որոշվեց միանգամայն այլ, այսպես կոչված, «Սինգլերի աղյուսակի» սկզբունքով՝ մարզիկների անձնական քաշ, բարձրացրած կիլոգրամներ (քաշային կարգը տվյալ պարագայում նշանակություն չունի) եւ դրանց հարաբերակցության արդյունքով հայտարարվեց լավագույն ծանրորդի անունը: Սա ընդունված ու լայնորեն կիրառվող տարբերակ է, մասնավորապես՝ աշխարհի, Եվրոպայի առաջնություններում: Հայաստանի գավաթակրի կոչումը 415 միավորով նվաճեց գյումրեցի Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, որի անձնական քաշն այդ պահին 72 կգ, 700 գ էր, իսկ ցուցադրած արդյունքը՝ 146+180=326 կգ: Երկրորդ տեղը զբաղեցրեց նույնպես գյումրեցի Տիգրան Վարդանի Մարտիրոսյանը՝ 413 միավոր (81 կգ, 150 գ)՝ 155+191=346 կգ, երրորդը՝ սամաղարցի Գեւորգ Պողոսյանը (84 կգ, 50 գ)՝ 161+190=351 կգ, 411 միավոր:

Մրցումների ավարտից հետո մարզաձեւի հանրապետության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանն «Առավոտին» ասաց. «Նախաօլիմպիական այս տարին մեզ համար վճռորոշ նշանակություն ունի: Սեպտեմբերի 16-26-ը Թաիլանդում անցկացվելու է ծանրամարտի աշխարհի տղամարդկանց 76-րդ եւ կանանց 19-րդ առաջնությունը, որտեղ վերջնականապես որոշվելու է, թե Հայաստանը Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին քանի՞ ծանրորդով է մասնակցելու: Այդ պատճառով այս տարի մեր ֆեդերացիայի գավաթի առաջնությունը սովորականից շուտ անցկացրինք, որպեսզի նախապատրաստական փուլն ավելի երկար լինի: Հարկավոր էր մի վերջին անգամ էլ տեսնել, թե մեր տղաներն ի՞նչ մարզավիճակում են, կողմնորոշվել, թե ո՞ւմ ենք հրավիրելու հուլիսի 18-ից սկսվող նախապատրաստության եզրափակիչ փուլերին: Այսօր ծանրորդների բարձրացրած կիլոգրամները գոհացուցիչ են, թեեւ դեռ տղաներն իրենց մարզավիճակի գագաթին չեն: Այդպես էլ պետք է լիներ ու մենք դրան չէինք էլ գնում եւ դա ճիշտ է: Կարեւորն այն է, որ հավաքականի հիմնական թեկնածուները վնասվածքներ չունեն: Միակ բացառությունը Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Դավթյանն է, որն այս պահին բուժում է հին վնասվածքը: Հուսով եմ, որ նա շուտով շարք կմտնի: Ուրախացրեց սամաղարցի սպորտի վարպետ Գեւորգ Պողոսյանը: Նա նույնպես կհրավիրվի հավաքների եւ արդեն որպես 85 կգ քաշային կարգի առաջատար՝ կնախապատրաստվի աշխարհի առաջնությանը:

Տեղյակ եք, որ չնայած անցած տարի Չինաստանում կայացած աշխարհի առաջնությանը Հայաստանը մասնակցեց ոչ լրիվ կազմով, բայց իր հաշվարկում օլիմպիական հինգ նախնական ուղեգիր ամրագրեց: Այս անգամ գնալու ենք ամբողջական թիմով եւ մտադիր ենք պայքարել բոլոր վեց քաշային կարգերում սահմանված տեղերը նվաճելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել