Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴՈՆ ԺՈՒԱՆԸ՝ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆԻՑ

Հուլիս 14,2007 00:00

\"\"Գրիգոր Խաչատրյանն էլ է մարմնավորել կանանց «սրտակերին»

Տարբեր ժամանակներում աշխարհահռչակ շատ ստեղծագործողներ (գրողներ, ռեժիսորներ, կոմպոզիտորներ, դերասաններ) են անդրադարձել Դոն Ժուանի միշտ չխունացող կերպարին: Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում Արմեն Խանդիկյանը եւս վերջերս բեմադրեց «Դոն Ժուան» դրաման՝ ըստ բրազիլացի արվեստաբան Գիլերմի Ֆիգեյրեդուի համանուն երկի: «Առավոտը» իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով հրավիրեց Դոն Ժուանի դերակատար Գրիգոր Խաչատրյանին:

– Թատրոնում դուք հանդես եք գալիս եւ իբրեւ ռեժիսոր, եւ դերասան՝ ունենալով միայն ռեժիսորական կրթություն: Ի վերջո, որտե՞ղ եք ձեզ տեսնում:

– Դրամատիկական թատրոնում բեմադրել եմ Սլաբովսկու «Վերջին դասը», Բոյչեւի «Գնդապետի թռչունը», «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում էլ՝ Ֆրեշետի «Ժաննա եւ Բեատրիսա» ներկայացումները: Այժմ էլ որպես ռեժիսոր աշխատում եմ «Մետրո» թատրոնում մի բեմադրության վրա, որի մասին դեռ չեմ ուզում խոսել: 2001-ից էլ Դրամատիկական թատրոնում հանդես եմ եկել շեքսպիրյան կերպարների մարմնավորմամբ՝ Ռոմեո («Ռոմեո եւ Ջուլիետ»), Լաերտ («Համլետ»)… Չեմ ճանաչում մի հանրահայտ ռեժիսորի, որը իբրեւ դերասան հանդես եկած չլինի:

– Դոն Ժուանը կանացի իդեալ է: Կերպարի ընտրությունը չի՞ գալիս ձեր անձնական նախասիրություններից՝ մշտապես լինել կանանց ուշադրության կենտրոնում: Ճի՞շտ է, որ այդ կերպարը մարմնավորելուն օգնել է դերասան-ռեժիսոր Հրաչյա Հարությունյանը:

– Այս դերը ինձ հանձնարարել է թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Խանդիկյանը: Հրաչյա Հարությունյանը ինձ աջակցել է 2001թ., երբ աշխատում էի Ռոմեոյի կերպարի վրա: Ինչ վերաբերում է ինձ, ես կյանքում երբեք էլ Դոն Ժուան չեմ: Ճիշտ է, Դոն Ժուանին բոլոր կանայք սիրում են, եւ պատճառն այն չէ, որ նա իդեալական տղամարդ է… Ընդհանրապես, թատրոնում իդեալի կերպար հասկացություն չկա ու չի էլ կարող լինել: Իդեալական մարդը երբեւիցե դրամատիկ պերսոնաժ չի լինում, այնպես, ինչպես չի լինում բացարձակ վատ մարդ: Այ, թատրոնը անընդհատ մարդ ուսումնասիրելու տեղ է:

– Ձեր թատրոնում տեղի է ունենում կամ ընթացքում է սերնդափոխությունը: Արդեն եկել է ձեր սերունդը: Դուք հակվա՞ծ եք շարունակելու ավանդույթները, թե՞ հետեւելու եք Արմեն Խանդիկյանի օրինակին, որը ժամանակին ընդդիմանալով Ղափլանյանին, ստեղծեց, ինչպես մասնագետներն են անվանում՝ նոր թատրոն:

– Յուրաքանչյուր արվեստագետ իր տեսողությունն ունի: Վերջիվերջո, ռեժիսորի մասնագիտությունը անհատի արվեստ է: Պարզ է, որ պետք է պահպանել թատրոնի ավանդույթները, թատրոն երեւույթը: Չեմ կարծում, որ մի ստեղծագործող քանդի ամեն ինչ ու սկսի իրենը կառուցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել